Anahit Badalyan

Այն, ինչ մենք սիրում ենք

Մայրամուտները կարող են ջերմությամբ լցնել մեր ամենասառը օրերը, ցողել մեր՝ քնել չհասցնող աչքերը, փայլեցնել դրանք։ Մեր ամենասիրելի ուտելիքը կարող է ուրախացնել մեզ, բարձրացնել մեր տրամադրությունը, իր հոտով արթնացնել մեր՝ ինչ-որ պահի քնով անցած զգայարանները։

Մեր սիրած երգերը կարող են շարժել մեր դեմքի այն մկանները, որոնք պատասխանատու են ժպիտի համար։

Այն դասաժամերը, որոնց սպասում ենք նախորդ օրվանից ու որոնց պատրաստվելիս էներգիա չենք խնայում, կարող են կանոնավորել էն ամենակարևորը, որը մարդը պիտի շարունակաբար փորձի պահպանել․ սովորելու ցանկությունն ու հետաքրքրությունը։

Մեր սիրած եղանակը կարող է առիթ դառնալ, որ զգեստապահարանից հանենք վաղուց չհագած սիրուն շրջազգեստը, արդուկենք ու հագնենք։

Երբ գալիս է մեր սիրած ծաղիկների բացվելու ժամանակը, մեր՝ սիրելի ուտելիքից արդեն արթնացած զգայարանները շոյվում են էն անուշ բույրից, որ մանուշակներն են արձակում։

Մեր սիրած ֆիլմերը դիտելիս մենք միշտ ինչ-որ պահի ուզում ենք մտնել էդ ֆիլմի մեջ, կամ գոնե ֆիլմի վերածել մեր իսկ կյանքը։

Մենք միայն մերն ենք համարում մեր սիրած տեղերը։ Ուրիշների ներկայությունը օտար, անցանկալի է դառնում էնտեղ, որտեղ մենք ժպտացել ենք էնքան իսկական, որ թվացել է՝ սիրտը դուրս կգա՝ ժպիտն ապացուցելու, ու ծիծաղել էնքան ուժեղ ու շատ, որ սկսել է ցավել ստամոքսն ու կտրվել շունչը։

Մեր սիրած նկարներում մենք ենք էնպիսին, որպիսին չենք լինի էլ երբեք։ Մի քիչ կարճահասակ, փոքր-մոքր, ու մի քիչ ավելի շատ ժպիտով։

Մեր հին օրագրերը՝ վարդագույն, նախշազարդ, նկարներով ու գույներով լիքը, մեր մանկությունն են, պատանեկությունը, ծերանալիս արդեն կդառնան մեր ջահելությունը։ Մեր գրած բանաստեղծություններն են, հեքիաթները, որոնց վերջում երեք խնձոր է ընկնում, ու հեչ էական չէ, որ ես երբեք առանձնապես խնձոր չեմ սիրել։ Էդ օրագրերում մեր հին հոգսերն են՝ մեր չնչին, փոքրիկ ու հիմա արդեն կարոտով հիշվող հոգսերը։ Իրերի մասին՝ այսքանը։

Մեր սիրելի ու մտերիմ մարդիկ մեր իրերի բովանդակությունն են։ Նրանք են, ում համար երբեք չենք ափսոսա մեր ամենասիրած պիցցայի կեսը զոհաբերել։ Նրանք, որոնցից կամ որոնց հետ լսել ենք մեր ամենասիրած երգերը։ Մեր՝ անընդհատ նորը բացահայտելու մղումը, մեր սովորածը մեզնից սովորելու կամ մեր չիմացածը մեզ սովորեցնելու պատրաստակամությունն ունեցողները։ Այն մարդիկ են, ովքեր մի անգամ ասել են, որ մեր շրջազգեստը մեզ շատ է սազում, ու այդ օրվանից սկսած մեր գնած բոլոր շրջազգեստները նման են այդ մեկին։ Այն մարդիկ են, ովքեր քո ջերմությունն իրենց կյանքի ամառը համարելով դառնում են քո կյանքի ամենաջինջ գարունը։ Ովքեր պատրաստ են գարնանաբար հալեցնել սառույցը, հանդուրժել անձրևներն ու քամին միայն նրա համար, որ դու շողաս անխռով ու անխնա, որ ջերմանաս ու ջերմացնես շուրջդ։ Մեր սիրելի մարդիկ նրանք են, ում պատրաստ ենք դերեր առաջարկել մեր՝ ֆիլմ դարձած կյանքում։ Ովքեր կիմանան իրենց դերերն անգիր, կարիք չեն ունենա փորձելու իրենց հատվածը ու երբեք չեն ուշանա նկարահանումներից։ Մեր սիրելի վայրերն են մեր մտերիմ մարդիկ, որովհետև իրենց ասածով ու պատմածով ժպիտ են նկարել մեր դեմքին ու ծիծաղեցրել մեզ էդ վայրերում։ Տուն են դարձրել էդ վայրերն ու հարազատացրել մեզ։ Ու վերջապես, ի՞նչ էինք գրելու մեր օրագրերում, եթե մեր մտերիմները մեզ ժպտալու, ուրախանալու, մտածելու ու մտածածը թղթին հանձնելու առիթ չտային։ Ո՞նց էինք ինչ-որ գործ ստեղծելու, եթե մեր մտերիմները մեզ ստեղծագործ չդարձնեին իրենց գոյությամբ՝ մեր իսկ կյանքում։

Մեր սիրելի մարդիկ մեր հեքիաթներն են․․․ Նրանք, որոնց ավարտին երկնքից երեք խնձոր է ընկնում․․․ Բայց ես էդպես էլ խնձոր չսիրեցի․․․