arxiv

Այստեղ ես տանն եմ

Հնչեց դպրոցի զանգը, ես արթնացա: Պարզվում է, որ ոչ թե դպրոցի զանգի ձայնից եմ արթնացել, այլ հացի փռի դռռոցի ձայնից, որը երազիս մեջ, իբրև սարսափ-ձայն, հնչում է ճիշտ դպրոցի զանգի նման: Քնաթաթախ մոտենում եմ պատուհանին, բացում ու դուրս կախվում: Տարածվում է թարմ հացի հոտը: Քիչ հետո հնչում է երկրորդ զանգը՝ կանաչ մեքենայի ազդանշանը:

Հիմա դպրոցի ճանապարհին եմ, որը հիշեցնում է շինհրապարակ՝ քարքարոտ, վնասված խողովակաշարերի ջրով ողողված: Այս «կանաչ» ու դեպի գիտությունը տանող ճանապարհով ինձ հետ միասին շատերն են անցնում:

-Բարև, Մանե,- ինձ է նայում ժանգագույն մազերով մի դեմք, որը խանձված եգիպտացորեն է հիշեցնում,- Սոնան դասի գալո՞ւ է:

Քրոջս դասընկերն է:

-Այո, հիմա կիջնի, մազերն է սանրում:

Առաջ եմ գնում, որտեղ գրեթե միշտ տեսնում եմ դասընկերոջս՝ լույսով ողողված դեմքը:

-Բարև:

-Բարև,- քնկոտ ձայնով ողջունում եմ:

Ես նրան շատ եմ հարգում ու սիրում: Նա իմ ամենամոտ ընկերն է:

Հիմա դասից վերադարձել եմ: Ժամը երկուսն է, խոհանոցում խաղաղ ճաշում եմ: Իսկ պատուհանիս տակ.

-Պապ, Աշոտին ասա հեծանիվն ինձ տա:

-Այ տղա, հեծանիվը տուր Գևորգին:

Նախաճաշեցի: Հիմա գազօջախի մոտ ցցված՝ սուրճ եմ եփում: Դրսում.

-Այ տղա, Տիգրան, տուն արի: Արի, դաս արա,- մեր հարևանուհու ձայնը դուրս է թռչում պատուհանից և քիչ է մնում՝ ձայնին հետևի և ինքը՝ հարևանուհին:

-Հա, մամ, հիմա գալիս եմ:

Սա ամենահետաքրքիր պահն է. պետք է Մուշին դուրս իջեցնեմ: Երբ սայլակի մեջ մի կերպ հանգիստ գտած եղբորս թաղամասի հետ եմ ծանոթացնում, գժի եմ նմանվում, քանի որ սայլակ վարել չգիտեմ: Անցնում եմ տղաների «լավագույն տասնյակի» կողքով: Այդ կազմի մեջ են Ծիտը, Մխոն, Բիձան, Աբոն… (շարունակությունը չգիտեմ):Նրանց չեմ սիրում բոլորովին, հատկապես՝ Աբոյին, որովհետև «տասնյակում» առաջինն է, իսկ իմ կարծիքով՝ առաջին տեղը պետք է գնած լիներ խանութպան-ավագանի Արոն: Եղբորս «ջիպը» ջարդուխուրդ անելով՝ առաջ եմ գնում: Այդ ժամերին մանկապարտեզի բակում միշտ տեսնում եմ ընկեր Արուսին՝ բարության ու հեքիաթների թագուհուն: Նրա՝ ծիծաղից առաջացած կնճիռներն ինձ հիշեցնում են «Ծիլիմոնի հեքիաթը», որն ինձ էր ուղեկցում մինչև աչքերս փակվելը: Շատ եմ սիրում ընկեր Արուսին: Նա հիմա ուրիշներին է պատմում, բայց, չգիտեմ, հեքիա՞թ, թե՞ Զոռոյի արկածները:

-Ատո,- մատը տնկած՝ բլբլում է Մուշը:

Նրա ձայնից արթնանում եմ: Հիմա տանն եմ, ժամը վեցն է: Խոհանոցում դաս եմ սովորում, համենայն դեպս, սեղանիս վրայի գրքերն ինձ են սպասում:

-Պապ, Գևորին ասա, թող հեծոն ինձ տա:

-Տիկո տղա, շուտ տուն արի,- Նառա մորաքույրն է:

-Ա՜, չեմ գալիս:

-Այ տղա…,- գնաց…

Գրքերս ինչպես որ շարված էին, այնպես էլ մնացին շարված, միայն թե հիմա ժամը ութն է:

-Մի տուն արի, Տիգրան տղա, քո վերջը կտեսնես…

Իմ փողոցի մասին շատ բան չեմ կարող պատմել, որովհետև ողջ օրը «դաս եմ անում», դուրս չեմ իջնում ու հիմա էլ ժամանակ չունեմ, որ պատմեմ, որովհետև շատ դաս ունեմ սովորելու:

Մեր թաղամասից տեղափոխվելու ենք շուտով: Բայց ես կկարոտեմ իմ ձանձրալի ու տխուր թաղը:

Մանե Տոնոյան 15տ., 2004թ.