Inesa Zohrabyan aragacotn

Մեր գյուղի ճանապարհները

Ձյունը արդեն մեկ ամիս է, ինչ «նստած» է գետնին: Մի օր հալվում է, մյուս օրը սկսում է նորից ձյուն տեղալ ու վերադառնում է նախկին վիճակին: Ես գնում եմ պարապմունքի: Քայլում եմ: Մեր տնից մինչև ուսուցչուհուս տուն բավականին երկար ճանապարհ է: Դեպի այնտեղ տանող մի քանի ուղիներ կան՝ տարբեր փողոցներով: Ես ընտրում եմ ամենալուռ, հանգիստ ճանապարհը, համենայնդեպս, այս սեզոնին հանգիստ, որովհետև այդտեղ գյուղի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտն է, ու մյուս եղանակներին մարդաշատ է լինում: Այստեղ մի մեծ ձնապատ հարթ տարածք է, միջով մի նեղ արահետ է բացված, որով մեկ հոգի հազիվ կարող է անցնել: Մյուս կողմերից հարյուրավոր ոտնահետքեր են, դրանց գումարվում է նաև իմը:

«Ինես, Ինես, ամեն անգամ ասում ես՝ ճամփեն փոխեմ ու նորից էստեղով ես գալիս»,- հանդիմանում էի ինքս ինձ: Ու իրոք, ամեն անգամ ոտքերս ինձ այս ճանապարհով են տանում: Այդ ճանապարհը ամենահանգիստն է ու նպաստավոր՝ մտածելու ու նաև սովորած դասը վերհիշելու համար: Դուրս եմ գալիս, փողոցները մարդաշատ են: Եթե ձյունը դեռ թարմ է, հանգիստ քայլում ես մի փոքր չոր տեղ փնտրելով, որ հանկարծ չսահես: Բայց եթե արդեն հալոցն է սկսվել, դա լավ մտահոգվելու առիթներ է տալիս: Արտենիի գյուղամիջյան ճանապարհները դեռ ասֆալտապատված չեն, դրա համար էլ չգիտես՝ ցեխի՞ վրայով ես քայլում, ջրի՞, թե՞ ձյան: Երբ հալոցն է սկսվում, տեղ եմ փնտրում, որ ձյուն լինի, որ հանգիստ քայլեմ, իսկ երբ հակառակն է, չոր տեղ եմ փնտրում: Երևի կյանքում էլ է այդպես. միշտ սպիտակը, անկեղծը, մաքուրը չեն գնահատվում ու հիշվում են այն ժամանակ, երբ արդեն չկան ու մոռացված են: Արդեն հասնում եմ խաչմերուկին, թեքվում եմ ու հասա: Իրականում այս նյութը մտքիս եկել է հենց ճանապարհին: Մտածում էի՝ ինչ գրեմ ու որոշեցի գրել ճամփաների մասին՝ երկար ու կարճ, բարեկարգ ու ցեխոտ: