Albina

Այս բնաշխարհում մի նոր Սահյան կծնվի

Հարցազրույց Համո Սահյանի տուն-թանգարանի տնօրեն Քնքուշ Հարությունյանի հետ:

-Խնդրում եմ մի փոքր ներկայացնել Սահյանի կյանքը և ստեղծագործությունները

-Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Զանգեզուր աշխարհի փոքրիկ, լավաշաչափ Լոր գյուղում: Մանկությունը և պատանեկությունը անց է կացրել գյուղում, այնուհետև, 1927 թվականին ուսումնառության տարիները մեծ լորեցին անց է կացրել Բաքվում, ապրել է իր հորեղբոր՝ Սողոմոնի ընտանիքում մինչև 1952 թվականը: 1952 թվականին Երևանի գրողների միության հրավերով Սահյանը հետ է վերադառնում Երևան և մինչև կյանքի վերջն ստեղծագործում այնտեղ:

-Տիկի՛ն Հարությունյան, ըստ Ձեզ՝ Սահյանի կյանքում, նրա պոեզիայում ի՞նչ դեր է ունեցել Լորը, և արդյոք պահե՞լ է այդ կապը հայրենի գյուղի հետ

-Սահյանի պոեզիայի ներաշխարհը Լորն է եղել, նա ներշնչվել է Լորից: Ամբողջ կյանքում ստեղծագործել է, բայց երբեք դադար չի ունեցել «աչքը անտառից չի կշտացել, ականջը բառերից չի կշտացել, և հոգնած ոտքը այս դառն ու քարոտ ճանապարհներից չի կշտացել»: Իսկ ինչ վերաբերում է կապը հայրենի գյուղի հետ պահելուն, ապա այո՛, անշուշտ: Ապրելով տարբեր քաղաքներում, երկրներում՝ Սահյանի հոգում միշտ էլ եղել է Լորը, և միշտ էլ պահել է այդ անխախտելի կապը ծննդավայրի հետ:

-Իսկ ի՞նչ է տվել Սահյանը Լորին, ինչի՞ց է, որ բոլոր լորեցիների մեջ կա սահյանական ոգին

-Բնությունը՝ մարդու և մարդը բնության մեջ. այդ ներդաշնակությունը, այդ փոխկապակցվածությունը դարձել է նրա պոեզիայի գաղափարը, և յուրաքանչյուր լորեցի, գիտակցելով, որ Սահյանի համագյուղացին է՝ ապրում է և կապրի այդ նույն ներշնչանքով, այդ նույն տրամադրությամբ:

-Ձեր կարծիքով՝ Լորում կծնվի՞ մի նոր Սահյան:

-Անշուշտ, թեկուզ հարյուրամյակներ հետո՝ ես համոզված եմ, վստահ եմ, որ այս բնաշխարհում մի նոր Սահյան կծնվի: Ես արդեն նշեցի, որ բոլոր լորեցիները ապրում և հպարտանում են Սահյանով, և հենց նրա ստեղծագործությունների և ներշնչանքի շնորհիվ տարիներ անց մի նոր Սահյան դուրս կգա Լորից:

-Ե՞րբ է հիմնվել Համո Սահյանի տուն-թանգարանը, արդյոք սա՞ է եղել նրա հայրական օջախը

-Այո: Տուն-թանգարանը հիմնվել է դեռևս Սահյանի կենդանության տարիներին՝ 70-ական թվականներին: Խորհրդային տարիներին հայրական տան հիմքերի վրա կառուցվում է տուն-թանգարանը, բայց Սահյանը հրաժարվում է տուն-թանգարան ունենալու գաղափարից, և շինարարությունը մնում է անավարտ մինչև 2013 թվականը: 2013 թվականին հանրապետության նախագահը՝ Սերժ Սարգսյան իր հերթական այցն է կատարում Սյունիք: Մեր համայնքի ղեկավարը՝ Դավիթ Առուստամյանը մոտենում է նրան և խնդրում Համո Սահյանի հարյուրամյակի կապակցությամբ շարունակել թանգարանի շինարարական աշխատանքները: Տեղում կազմակերպվում է հանձնաժողով, ներդրումներ են կատարվում, անավարտ շինությունը կառուցում են, և այս փոքրիկ, դաղձահոտ անկյունը նվիրում մեզ:

-Ինչպիսի՞ իրեր եք պահում տուն-թանգարանում: Իրեր կա՞ն, որոնք այցելուներին կհիշեցնեն Սահյանի մանկության, պատանեկության մասին

-Թանգարանը ամբողջությամբ համալրվել է 2016 թվականին, երբ արվեստի և գրականության թանգարանը իր պահուստային ֆոնդից մեզ տրամադրեց սահյանական մասունքներ՝ անձնական օգտագործման իրեր, հրապարակումներ, ընծայագրեր, մակագրություններ և անձը հաստատող փաստաթղթեր: Եվ, այո, թանգարանում կան բազմաթիվ նյութեր, իրեր, լուսանկարներ, որոնք այցելուներին պատմում են բանաստեղծի կյանքի մասին:

-Շա՞տ են արդյոք այցելուները: Որտեղի՞ց են նրանք գալիս հիմնականում:

-Այո, այցելուների խնդիր չկա, այցելուներ շատ ենք ունենում, հատկապես՝ ամռան ամիսներին: Այցելուները գալիս են հանրապետության տարբեր մարզերի դպրոցներից, մայրաքաղաքից, բուհերից, լինում են նաև անհատական այցելուներ: Վերջերս հյունընկալել ենք նաև մեր սփյուռքահայ բարեկամներին, որոնք մեծ սիրով գալիս և մեծ ոգևորությամբ էին հեռանում տուն-թանգարանից:

-Հաճախակի՞ եք կազմակերպում սահյանական միջոցառումներ:

-Չեմ կարող ասել, որ հաճախակի, բայց, իհարկե, կազմակերպվում են միջոցառումներ բանաստեղծի ծննդյան, նրա մահվան, թանգարանային գիշերվա կապակցությամբ: Հիմնականում գյուղի երեխաների, դպրոցի միջոցով գյուղական մասշտաբով կազմակերպում ենք փոքրիկ միջոցառումներ, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն:

-Տիկի՛ն Հարությունյան, Ձեր կարծիքով՝ բոլո՞րն են տեղյակ թանգարանի մասին, եթե ոչ, ապա ինչպիսի՞ միջոցառումներ կկազմակերպեք խնդրի լուծման համար

-Համոզված եմ, որ բոլորն էլ գիտեն, որ տուն-թանգարանը գործում է: Մեկը՝ մյուսով, իրենց գործունեությամբ Սահյանին հասանելի են դարձնում բոլորին: Այժմ գյուղի երիտասարդությունը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, որպեսզի իրենց՝ լորեցու անունը հայտի դառնա բոլորին:

-Ի՞նչ պլաններ կան՝ կապված թանգարանի հետագա գործունեության հետ

-Վերջերս մեր համայնք էր այցելել մշակույթի նախարարը, որը խոստացավ մշտապես հետևել թանգարանի գործունեությանը, թանգարանի բակը համալրել նոր գույքով: Թանգարանի հետագա գործունեությունը կախված է միայն մեր երիտասարդությունից, քեզանից և անհատապես բոլոր-բոլորից: