Mari Baghdasaryan malishka

Հիշողությունների աշունը

-Այսօր ուզում եմ նստել կողքիդ և անկեղծանալ մի քիչ,- ասաց ծանոթներիցս մեկը և սկսեց պատմել իր պատմությունը:
-Տարիներ են անցել այն օրվանից, ու տարիներ առաջ էլի աշուն էր, բայց տարբերվող:

Աշուն էր ամենուր, ու թաց մայթերին տերևներ էին թափվում: Թափվում էին այնպես, ինչպես այսօր: Անձրևում էր, անձրևում էր անդադար, անվերջ, անընդմեջ: Կամ նրան կամ ինձ հակառակ՝ անձրևը շարունակում էր գալ: Տերևները շարունակում էին թափվել: Անձրևի առաջին կաթիլն ընկավ թարթիչներիս, երկրորդը՝ այտիս, երրորդին խանգարեց արդեն բացված անձրևանոցս: Տեսա մի աղջկա, որը քայլում էր առանց անձրևանոցի, կարծես անտարբերության էր նա մատնել և՛ քամուն, և՛ անձրևին, գուցե նաև աշնա՞նը: Շարունակում էի քայլել մի քիչ մտամոլոր, մի քիչ տխուր:
Աշուն էր ինձ ծանոթ այգում: Մի դեղին տերևի հաջողվել էր ընկնել մոխրագույն վերարկուիս գլխարկի մեջ, իսկ մյուս տերևն ընկել էր նրա մազերին: Ես քայլում էի նրա հետևից:
Մենք շարունակ քայլում էինք իրարից մի քանի մետր հեռավորության վրա, այգին դատարկվել էր, երևի միայն ես և նա չէինք նայել ժամին, և ես չեմ կարող հստակ ասել՝ անձրևը կտրվել էր, թե ոչ: Նրա մեջ մի բան կար՝ գրավող, դեպի իրեն ձգող, և ես անկարող էի անտարբեր ձևանալ: Եվ գուցե հենց ա՞յն էր, որ առաջին անգամ էի հանդիպում անձրևի սիրահարի: Նրա անունը չեմ ուզում տալ, դա ոչինչ չի փոխի, և այս աշունը նրան չի բերի հետ:
Մոտեցա նրան. բարևեցի, ի ուրախություն ինձ՝ ժլատություն չարեց և պատասխանեց բարևիս:
-Քո աչքերում փայլ կա, դու սիրահարվա՞ծ ես:
-Ես միշտ էլ սիրահարված եմ:
-Եվ ո՞վ է այդ բախտավորը:
-Աշունը:
«Ա՜յ քեզ աղջիկ, տես թե ինչ պատասխան տվեց՝ անսպասելի և դիպուկ»,- մտքումս ասացի ես և մինչ կցանկանայի ռոմանտիկ տղա ձևանալ՝ նրան կորցրի տեսադաշտից: Այ քեզ անհաջողություն, ընդամենը մեկ վայրկյան թեքեցի հայացքս, և նա գնաց: Միգուցե դա իմ երևակայությո՞ւնն էր, բայց, ախր, հո երա՞զ չէի տեսնում, իրական էր, դիմացս կանգնած էր, խոսում էր հետս: Մի պահ կանգ առա, հավաքեցի մտքերս: Գիտե՞ս՝ հիշում եմ, այսօրվա պես անձրև էր գալիս, տարվել էի նրանով և չէի զգում անձրևի կաթիլների հարվածները…
Սկսեցի այգում փնտրել իմ անծանոթուհուն և գտա նստարաններից մեկին նստած: Ինչ-որ թղթեր կային ձեռքին, նա գրում էր, բայց չգիտեմ՝ ինչ: Նորից մոտեցա, նստեցի կողքին, մի հայացք գցեց դեպի իմ կողմը, բայց ոչինչ չասաց: Ես էլ լռեցի:
Հետո գնացինք տարբեր ուղղություններով: Միշտ հույս էի փայփայում նրան տեսնելու, ամեն անձրևոտ օր քայլում էի այդ այգում: Երևի սիրահարվել էի, երևի կյանքումս առաջին անգամն էր: Բայց ախր նա ասաց, որ աշնանն է սիրահարված: Նրա այդ խոսքից մի տարօրինակ ժպիտ էր դեմքիս հայտնվում:
Աշուն էր, հիմա էլ է աշուն, բայց այս աշունը ո՛չ իմն է, և ո՛չ էլ նրանը: Նա՞ է բացակայել իմ աշուններում, թե՞ ես երբեք տեղ չեմ ունեցել նրա անձրևոտ օրերում, չգիտեմ:
Միայն մի ճշմարտություն կա. անցել են տարիներ, և ես նրան չեմ տեսել: Գիտե՞ս՝ եթե մի օր ինձ ասեն, որ աչքերումս փայլ կա, և լինի ինչ-որ մեկը, որ ինձ հարցնի՝ սիրահարված եմ, թե ոչ, ես կասեմ, որ սիրահարված եմ աշնան սիրահարին…