Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Այս 23-ը

-Երեխե՛ք, 11 ու 12-րդ դասարանի աշակերտները դասադուլ են անում՝ գյուղամեջում կանգնած են, դասի չեն գալիս:

Անգամ չեմ էլ հիշում, թե ում բառերն էին, բայց այն, ինչ եղավ ինձ հետ ապրիլի 23-ին, դժվար թե երբևէ մոռանամ։ Ոչ մեկս էլ չգիտեինք, թե ինչ լավ օր է մեզ սպասվում ու փաստորեն 23-ի առավոտյան ոչ մեկիս «մարտական» տրամադրությունն էլ իզուր չէր։

-Ով գալիս ա՝ թող ինձ հետ գա։ Կասեք, որ մենք բացակա ենք,- հայտարարեցի ես և մի քանի դասընկերներիս հետ աշխարհագրության դասասենյակ գնալու փոխարեն 1-ին հարկի պատուհանների շնորհիվ միացա դասադուլ անողներին։

Քիչ էինք՝ մի քսան աշակերտ, երբ մեզ միացան Անտառուտի դպրոցի աշակերտները։

Շատ չեմ ուզում մանրանալ այդ րոպեին կատարված իրադարձությունների վրա, բայց ուզում եմ նշել, թե ինչը մեզ այդ պահին ոգեշնչեց ամենից շատ։

Դեռ ոչ մի կոնկրետ բան չէինք որոշել, երբ տեսանք 11-րդ դասարանի դասղեկին՝ ընկեր Ռոստոմյանին։

-Դուք եկեղեցու կողմով եկեք, դպրոցի մոտ հավաքվեք, ես ուսուցիչներին տեղյակ կպահեմ, կգանք բոլորս կմիանանք ձեզ։

Հենց էսպես էլ արեցինք՝ բոլորին դասից կտրեցինք, երգեցինք, պարեցինք, վերջում էլ ամբողջ գյուղով մեկ քայլելուց հետո որոշեցի, որ պետք է գնամ Երևան։

Մտա տուն, ընտանիքիս անդամներին հայտարարեցի, որ գնում եմ, պատրաստվեցի ու գնացի դպրոց, որտեղից էլ ուսուցիչների հետ գնալու էինք Երևան։

Դեռ դպրոց չէինք հասել և լսեցի ընկեր Մարտիրոսյանի (մեր ռուսաց լեզվի ուսուցչուհու) ձայնը.

-Երեխե՛ք, հաղթել ենք։

Երբեք չեմ մոռանա ոչ այդ օրը առավոտյան «Մերժի՛ր Սերժին» գոռալս ու ոչ էլ դրան փոխարինած «ուռռա»-ներն ու շնորհավորանքները։

Այս 23-ը ինձ տվեց այնքան բան, որ չէր տվել ոչ մի ուրիշ օր, ինչի համար էլ դժվար թե երբևէ մոռանամ այս 23-ը, 2018 թ.-ի ապրիլի 23-ը։