arxiv

Անտեղի մտքեր

-Ալլո:

-Ալլո, բարև ձեզ, Անիին կարելի՞ է:

-Մեկ րոպե,- ինձ է պատասխանում մի անծանոթ սառը ձայն, որը, թեև ինձ չգիտեր, սակայն կարծես թե սպասում էր իմ զանգին:

Սրտի թրթիռով սպասում էի, թե երբ կանցնի այդ «մեկ րոպեն»:

Վերջապես:

-Անին զբաղված է, մի քիչ հետո զանգահարիր, հա՞:

-Լա՛վ, ներեցեք:

Դե լավ, Անի՛, չուզեցիր, հա՞, պատասխանել: Նոր ընկերուհի ես գտել, հա՞, բայց նա քեզ ի՞նչ ընկերուհի, միայն նրա համար, որ մի քանի կցմցած լո՞ւր է քեզ պատմում: Քեզ հարկավոր չեն նրա կցմցած լուրերը, ո՛չ էլ նրա լարած «դավերին» ուշադրություն դարձրու: Այսինքն, չգիտեմ, քո գործն է: Ավելի լավ է դաս անեմ:

Արդեն 10 րոպե անցել է, միգուցե նորի՞ց փորձեմ:

-Ալլո:

-Ալլո, ներեցեք, Անին չազատվե՞ց:

-Ո՞վ է հարցնում:

-Փոխանցեք, որ Մանեն է:

-Մեկ րոպե:

Հեռախոսի միջից ինձ է հասնում.

-Անի՛, Մանեն է:

-Ասա՝ ես իրեն կզանգահարեմ,- այնքան թույլ է լսվում Անիի ձայնը, որ չեմ կարող նույնիսկ գուշակել` արդյո՞ք զայրույթ կա նրա ձայնի մեջ:

Անծանոթուհու ձայնը դարձյալ ինձ է դիմում.

-Մանե՛, Անին քեզ կզանգահարի:

Այս անգամ հեռախոսը ցած դրեցի մի ուրիշ զգացողությամբ:

Այո, հիմա հասկանում եմ, թե ինչ է եղել: Ինձանից նեղացել ես: Ի՜նչ հիմարն ես, չէ՞ որ մի պահ տեսա քո զայրացած հայացքը: Այո, հենց դա է պատճառը: Հասկացա. երբ ես ուրախանում էի մյուս ընկերներիս հետ, այդ ժամանակ մեկը թիկունքիցս հրում էր. Անին էր: Բայց, Անի՛, եթե դու իմ ամենամտերիմ ու ամենալավ ընկերուհին լինեիր, լսափողին կմոտենայիր: Չէ՞ որ ես այսօր տխուր էի և հազիվ էի հասցրել ուրախանալ, ու դու այսպիսի «պատմություն» սարքեցիր: Էլ մի շաբաթ չես ժպտա: Լավ, քո գործն է, դու ինձ չհասկացար:

Արդեն մեկ ժամ անցել է: Դաս էլ չեմ արել: Հեռախոսը զնգաց: Տխուր-տրտում վերցրեցի լսափողը:

-Ալլո, Մանե՛ ջան, կներես, իսկապես շատ զբաղված էի: Նոր կահույք ենք գնել, իրերն էի տեղավորում,- ուրախ ձայնով վրա բերեց Անին: