anna gasparyan

Արագածում դեռ պայքարում են

Արդեն ամբողջ Հայաստանով մեկ տարածվել է այն փաստը, որ Արագած գյուղի բնակիչները բողոքի ցույցեր են անում` Արագածում գործող ՀԷԿ-երի աշխատանքը դադարեցնելու համար: Արագածոտն մարզի մարզպետ Դավիթ Գևորգյանը ճանապարհը փակող մարդկանց վստահեցրեց, որ մարտի 20-ին հանդիպում կկազմակերպի ՀԷԿ-երի տնօրենների հետ:

Մարտի 20-ին Ապարանի 7 գյուղերի բնակիչներ եկել էին Արագած գյուղ, որպեսզի հանդիպեն սեփականատերերին և տան իրենց հարցերը: Գյուղացիները պնդում են, որ ջրերի մեջ կա ծծմբի առկայություն, իսկ տնօրենները առարկում են և ասում են, որ նման բան հնարավոր չէ:
Սեփականատերերը պնդում են, որ պետք է աշխատեն հէկ-երը, որովհետև իրենք վարկեր ունեն բանկերում և պետք է այդ վարկերը մարեն: Նրանք ասում են, եթե գյուղացիները ուզում են, որ հէկ-երը փակվեն, ապա, թող բոլորը հավաքեն տան այն գումարը, որը իրենք ներդրել են այդ գործում: Գումարը, իրենց ասելով, կազմում է չորս միլիոն դոլար:
Գյուղացիները ասում են, որ իրենք չեն տա այդ գումարը, որովհետև իրենց տանջանքի դիմաց ոչինչ չեն վաստակում: Գյուղացիներից մեկը` Գոռ Գասպարյանը, մարզպետին և տնօրենին ասաց, որ մշակել է 1 հեկտար հող, բայց ստացել է ընդամենը 2 տոննա բերք, որն էլ վարակված է եղել հիվանդությամբ: Իսկ հէկ-ի տնօրեններից մեկը պատասխանեց, որ բերքը վարակվում է հիվանդությամբ, որովհետև պարարտանյութը շատ են լցնում սերմերի վրա, կամ հենց սերմերն են վարակված գնել: Այդ ժամանակ գյուղացիները վրդովվեցին, որովհետև ինչպես կարող է նման բան լինել: Արմեն Սարգսյանը պնդեց, որ նման բան հնարավոր չէ, քանի որ այդ հիվանդությունը տարածված է միայն այս 7 գյուղերում: Ու հնարավոր չէ, որ բոլոր բնակիչներն էլ վարակված սերմեր գնեն կամ պարարտանյութը շատ լցնեն: Արմենը ասաց, որ գործնականում ամեն ինչ պարզ է: Ապացուցվում է, որ հհէկ-երը վնասակար են գյուղի բուսական և կենդանական աշխարհի վրա: Նա ասաց նաև, որ իր բերքը մշակել է երկու ջրերով. մեկը հէկ-երից եկող ջրով, մյուսը հէկ-երից վերև իր բնական հունով հոսող ջրով: Եվ տեսել է, որ հիվանդությունը միայն առկա էր այն բերքի մեջ, որը ջրվել է հէկ-երից դուրս եկող ջրով:
Գյուղացիները պնդեցին, որ հէկ-երը չպիտի աշխատեն, իսկ եթե աշխատեն, իրենց արած քայլերի համար պատասխանատու չեն, որովհետև գյուղացիները արդեն հունից դուրս են եկել:
Ժողովը ավարտվեց, բոլորը գնացին իրենց գործերին, եղբայրս նույնպես: Եղբայրս` Վարդան Գասպարյանը, երբ գնում էր աշխատանքի, ճանապարհին նկատել էր, որ հէկ-երի սեփականատերերը կանգ են առել Արտաշավան գյուղից մի քիչ հեռու: Նկատելով նրանց, փորձել է նկարահանել, թե նրանք ինչ են պատրաստվում անել: ՀԷԿ-երի սեփականատերերը գյուղացիներից թաքուն հարցազրույց են տվել Արմլայֆ լրատվական կայքին: Եվ տեսանյութի մեջ հստակ երևում է, թե ինչպես են նրանք փոխում թղթերը, ինչպես են գյուղացիներից թաքուն փորձեր կատարում, ինչպես են փորձաքննության տարվող ջուրը թափում: Այդ տեսանյութը տեսնելով գյուղացիներից մեկը` Գոռ Գասպարյանը, ամեն ինչ անում է, որ ճշտի լրագրողների ինքնությունը: Պարզելուց հետո նա զանգահարել է այդ լրագրողներին` ճշտելու, թե երբ և ինչո՞ւ են նկարել այդ հարցազրույցը, և ամենագլխավորը` ինչո՞ւ են նկարել գյուղացիներից թաքուն, ոչ մարդաշատ վայրում: Օպերատորը պատասխանել է, որ նկարել է այն, ինչ իրեն ասել են:
Գյուղացիները բարկացած են ու զարմացած: Ինչպե՞ս կարող են լրագրողները նկարահանել սուտ տեղեկություններ:
Գյուղացիները այլևս ոչնչի չեն հավատում և չեն թողնելու, որ փորձաքննության համար ջուր վերցնեն, որովհետև գիտեն, որ ամեն ինչ կեղծելու են: Նրանք ասում են, եթե հէկ-երը նորից վերսկսեն իրենց աշխատանքը, ապա իրենք իրենց ձեռքով հողին կհավասարեցնեն դրանք: