aniharutyunyanarm

Բանջարեղեն ծախող մեքենան

   Գյուղում եղանակների տաքանալը ազդարարում է մրգերով ու բանջարեղեններով բեռնված հին «Վոլգայի» բարձր ու ականջ ծակող ազդանշանի ձայնը, այնքան է բեռնված, որ եթե նախնիների պատիվը պահելու հարցը չլիներ, «Վոլգան» երևի գյուղի առաջին փողոցից վերև չբարձրանար: Դեռ փողոց չմտած` գյուղի սկզբից, որտեղ նոր-նոր սկսվում են մշակովի այգիները, մեքենան բարձր ազդանշան է տալիս ու հայտարարում իր գալուստը, որ տնային տնտեսուհիները հասցնեն ձեռքերը խմորից ու փրփուրից լվանալ, փողը արագ վերցնել ու դուրս գալ բակ: Կամ նրանք, ովքեր նախօրոք չգիտեին` ինչ է պետք գնել, արագ պահեստը նայեն` ինչ պակաս մթերք կա, ու դուրս գան բակ:

   Տատիկների հետ միշտ դուրս են գալիս թոռները, չնայած առևտրից այդքան էլ գլուխ չեն հանում, բայց մեքենայի գալը միշտ էլ ուրախություն է երեխաների համար, որովհետև բոլորը խառնվում են իրար, փողոցում աղմուկ է` գին են գցում, լավ ու վատ ապրանքներն են ջոկում, Մարիամն էլ միշտ իր կշեռքն է բերում, որ հանկարծ իրեն ապրանքի քաշի մեջ չխաբեն: Երեխեքը հատկապես ուրախանում են, երբ տատիկները հանձնարարած են լինում` հենց բանջարեղեն ծախող մեքենան գա, ինձ անպայման ձեն կտաս, որ բադրիջան առնեմ: Որքան էլ խաղով զբաղված լինեն` Արամը, ազդանշանը լսելուն պես, սլանում է տուն` տատիկին ձայն տալու, ու հանձնարարությունը կատարած լինելով` գոհ-գոհ վերադառնում է խաղին:

   Անտանելի շոգն ու անցնող մեքենաներից բարձրացող փոշին չեն խանգարում կանանց արագ ջոկել ամենալավ մրգերը, ով էլ առաջինն է հասնում` լավագուն պտուղները նրան են բաժին հասնում: Վարորդն էլ միշտ սրտնեղում է, թե որ դուք էդպես ջոկում եք, բա մի քիչ վնասվածները ի՞նչ անեմ: Բայց կանայք շատ են, ինքը` մենակ, ի՞նչ կարող է անել, մնում է հարմարվել ու գյուղի վերջին փողոցները հասնելիս ապրանքի գինը իջեցնել, որովհետև արկղերում մնում է միայն վնասվածը, դա էլ թանկով չես վաճառի:

Սոնան հազվադեպ է ապրանք գնում. ինքն իր այգին ունի, բայց անպայման դուրս է գալիս ու մասնագետի աչքով քննադատում կիլոմետրեր անցած, մի քիչ թոռոմած, արևից թուլացած բանջարեղենն ու ոչ պակաս թուլացած, խեղճ վարորդին.

- Է՜, թանկ ես ասում էս թոռոմած քյալամի համար, երեկ մի ուրիշ ավտո էր եկել, նույն գնով նորմալ ապրանք էր ծախում:

- Դե լավ, էլի, մորքուր ջան, ամեն անգամ նույն պատմությունն ես սարքում. չես հավանում իմ ապրանքը, մի՛ առ, մարդկանց էլ կամ ու կացի մեջ մի՛ քից:

Վեճը դեռ երկար կշարունակվի, եթե Անոն իրեն պետքական բանջարեղենը գնելուց հետո Սոնային չհրավիրի սուրճի` ժպտալով ու ներողություն խնդրող հայացքով աչքով անելով վարորդին, իբր` մեր Սոնան է, էլի, սրտիդ մոտ մի ընդունիր: Բայց այս իրարանցման մեջ էլ հարևանությունը մնում է հարևանություն.

- Գոհար, հազար դրամ տուր` կանաչի ու վարունգ առնեմ, մինչև իրիկունը տղես գործից գա, կվերցնեմ, կտամ:

Գոհարը փողոցի այն հարևանուհին է, որ միշտ մերան, մի բաժակ ավելի սուրճ ու շաքարավազ ունի, նաև մեքենայի գալու օրերին` հազար դրամ պահեստային փող` հարևանուհիներին օգնելու համար: Փողոցում Գոհարի ամուսինն էլ հենց այն տղամարդ հարևանն է, որ ցանկացած համարի պտուտակ ու ցանկացած մեծության ուրագ ունի, ու էլի միշտ պատրաստ է հարևաններին օգնել:

Այդպես մեքենան բարձրանում է մինչև գյուղի ամենախորքը` թեթևացնելով նստատեղերի բեռն ու ծանրացնելով վարորդի գրպանը, որ հաջորդ օրը նորից «Վոլգան» բեռնած, մեքենային մի կերպ համոզելով վերադառնա: Ոչ ոք չգիտի` վարորդը որտեղից է գալիս, հետո ուր է գնալու, ինչ մրգեր ու բանջարեղեն են դրանք առհասարակ, ու ոչ ոքի առանձնապես չի էլ հետաքրքրում, որովհետև Սոնան միշտ վիճելու է, Անոն անպայման մի բան է գնելու, Գոհարն էլ, անկախ ամեն ինչից, պարտքով տալու փող է ունենալու: