Բարև ձեզ, դուք նամակ ունեք Մարատից

Բարև, մամ ջան, գիտեմ՝ լավ ես, ուրիշ կերպ լինել չէր կարող։ Դե հա, գիտեմ՝ կարոտում ես, ես էլ․․․ Ախր, շատ ենք կապված իրար, բայց երկուսս էլ գիտենք, թե ինչի պիտի դիմանանք էս հեռավորությանն ու կարոտին։ Ախր, դու ես հայրենիքի հանդեպ սերը կաթի հետ խառնած ինձ տվել․․․ Հիշո՞ւմ ես, որ մի անգամ հեքիաթի փոխարեն ինձ Գևորգ Չավուշի մասին պատմեցիր, հետո ամեն օր խնդրում էի, որ ինձ Չավուշի հեքիաթը պատմես։ Հիշո՞ւմ ես, որ փոքր ժամանակ ինձ հարցնում էիք՝ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու, առանց հապաղելու, հպարտ ասում էի՝ զինվոր։ Հիմա արդեն զինվոր եմ, մամ ջան, մեծացել եմ մի քիչ․․․

Գիտեմ, որ հպարտ ես, որ քո ծնած ու սնած որդին հիմա հայրենիքին իր պարտքն է տալիս․․․ Քիչ մնաց, մամ ջան, էստեղ մի սար ունենք՝ Քյաթուկ, տղերքը ծառայությունը էդ սարը բարձրանալու ու իջնելու հետ են համեմատում։ Դու էլ հո գիտես, մամ ջան, կյանքիս կեսը սարերում եմ եղել, հիմա էլ մեր Քյաթուկի գագաթին եմ։ Բան չմնաց, շուտով հետ կգամ, իմ հպարտ մամա, շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար․․․

Համբույրներով ու կարոտած՝

Քո մեծացած, զինվոր տղա․․․

***

Բարև, իմ թանկագին քույրեր, հիշո՞ւմ եք, որ փոքր ժամանակ ինչ լինում էր՝ միշտ պաշտպանում էիք ինձ, դե մեր երեքից փոքրը ու միակ տղան ես էի, դուք էլ ամեն հարցում համ քրոջ դեր էիք տանում, համ «մեծ ախպոր»։ Հետո՞ ինչ, որ համարյա ամեն օր կռիվ-կռիվ էինք անում։ Հիմա էլ ես եմ մեծացել, հիմա էլ իմ հերթն ա ձեզ պաշտպանելու։ Բա՜, մեծանում ենք․․․

Մելինե ջան, Մարսետ ջան, ընդամենը մի տարի եմ ձեզնից հեռու, ձեր պուճուրները էդ ոնց են մեծացել, որ Լիլիթս ու Լևոնս ինձ նամակ գրող են դարձել, Նատալիս էլ արդեն կարողանում ա «քեռի» ասի։ Պատկերացնում եմ՝ բա մինչև գալս ինչքան մեծացած կլինեն․․․ Մենակ թե գիտեմ, ես եմ, որ ձեզ համար էլի էն պուճուր ապերիկն եմ լինելու, որ ամեն մատս փուշ մտնելուց էլ մամայի պես մղկտալու եք։ Ախր, մամայի հետ հավասար ձեր գրկում եք մեծացրել․․․ Էստեղ շատ բաներ եմ հասկացել, քույրիկներս, և ուզում եմ հիմա ձեզ ասել` կներեք, թե երբևէ անմտաբար նեղացրել եմ ձեզ, ախր, ձեզ շատ եմ սիրում․․․

Պինդ-պինդ գրկում ու համբուրում եմ ձեզ ու պուճուրներիս։

Անչափ սիրով՝

Ձեր փոքր եղբայր․․․

 

***

Բարև, իմ սիրելի Մարգարիտա, էսօր հերթապահության ժամանակ նորից մեր սիրած երգն էի հիշել ու ամբողջ ընթացքում մտմտացնում էի քթիս տակ․․․ Մտածում էի, թե երբ եմ գալու, որ միասին երգենք էդ երգը, ու մտքիս էլի քո «ընդամենը» բառն եկավ, ու էդ մնացած ժամանակը ակնթարթ թվաց․․․

Հետո եղանակը մի քիչ ցրտեց, բայց չէի մրսում․ ծոցագրպանիցս քո պատրաստած ու նվիրած երկու պուճուր սիմվոլիկ ձեռնոցներից ջերմություն էր գալիս՝ քո ձեռքերի ջերմությունը ու քո օծանելիքի տաք բույրը․․․

Քո շնորհիվ նույնիսկ զինվորական կյանքի միօրինակ օրերն էլ ամենքը մի գույն են ստացել․․․

Գիտես, Մարգարիտա, ասում են, թե երբ արև չկա, խատուտիկը նեղանում ու թաքնվում է աշխարհից․․․ Իսկ հիմա իմ կյանքում կաս դու՝ քո զույգ արև աչքերով, որ իմ հետդարձի ճամփին են նայում․․․ Քիչ մնաց, ես շուտով կգամ, կգամ ու նորից աչքերիդ նայելով կասեմ, որ սիրում եմ քեզ․․․ Ու միասին մեր սիրած հին երգը կերգենք․․․

«․․․Դու իմ հեռու, իմ կարոտ․․․»։

***

Բարև, իմ փոքրիկ ընկեր՝ Նատալի։ Քեզ ասել եմ ու էլի կասեմ, որ քեզնից շատ շնորհակալ եմ, Նատալիս, քո՝ զինվորին գրած նամակը կարդալուց, քեզ հանդիպելուց հետո ես ավելի հպարտորեն սկսեցի վերաբերվել այն գործին, որն անում եմ․․․

Դու քո նամակում ասում էիր, որ զինվորը մի շարք բաների թվում պաշտպանում է նաև մեր երկինքն ու արևը, ու գիտես, հետաքրքիր զուգադիպությամբ իմ գործն էլ հենց դա է՝ պաշտպանել հայոց երկինքը, քանի որ ես հիմա ծառայում եմ հակաօդային պաշտպանությունում, ու իմ պարտքն է` թույլ չտալ, որ թշնամու ինքնաթիռները թռչեն մեր կապույտ երկնքով ու խախտեն նրա խաղաղությունը։

Երբ ամեն անգամ ինչ-որ բանում դժվարանում եմ, հիշում եմ քո նամակն ու քեզ, ու ոչինչ էլ անհնար չի թվում, իսկ խաչը միշտ ինձ հետ է ու պաշտպանում է ամեն վտանգից․․․ Հիմա ես անհամբեր սպասում եմ, թե երբ ենք կրկին հանդիպելու, պատկերացնում եմ, թե ինչքան մեծացած ու ավելի գեղեցկացած կլինես։ Գիտեմ, որ չես մոռացել խոստումդ՝ լավ սովորել ու լավ մարդ դառնալ, ես վստահ եմ, որ կկատարես այն․․․

Անչափ կարոտած՝

Քո մեծ եղբայր ու զինվոր ընկեր․․․

***

Բարև, Մարատ ջան, քեզ էլ եմ նամակ գրում, որ տարիներ հետո կարդաս ու հիշես էս օրը․․․ Հիշես՝ ոնց էիր էսօր դիտակետում կանգնած հիշում, որ մի տարի առաջ էս օրը՝ ծառայության հինգերորդ օրը ոնց էիր առաջին անգամ ոտք դրել շարահրապարակ՝ առավոտյան տողանի՝ նույն ինքը развод-ի, ու առաջին անգամ որպես զինվոր լսեցիր շնորհավորանք՝ Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ։ Հետո տղեքի էսօրվա սարքած քաղցրավենիքով տորթը կհիշես, որ համտեսելու հետ ասել-խոսելով չնկատեցիր էլ, թե ոնց ժամանակն անցավ ու նորից քո հերթապահության ժամը եկավ․․․

Ինչպես որ այս նամակը, հենց նույն պատճառով, գուցե կիսատ մնաց․․․

Նամակի հասցեն՝ ապագա․․