Բարև, մենք մի ընտանիքից ենք

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Իմ քաղաքում՝ Չարենցավանում, հաճախ են էլեկտրաէներգիան անջատում: Համընդհանուր դժգոհություն առաջացնող այս երևույթն իրականում իր հետ բազմաթիվ դրական հետևանքներ է բերում: Հիմա բացատրեմ:

Լույսերն անջատելուն պես մեզանից յուրաքանչյուրը հարցական երանգով կանչում է նրան, ով մոտակայքում է և կարող է օգնել: Իմ դեպքում՝ «մա՞մ» կանչելուց և մորս հանգստացնող «ջան»-ը լսելուց հետո սկսում եմ քայլեր ձեռնարկել: Պարզվում է, որ այդ պահին ինձ ամենից մոտ գտնվողը եղբայրս է: Անվստահ քայլերով, մթության մեջ ոտքը սեղանին խփելով կամ գետնին ընկած մատիտի վրա սայթաքելով՝ հասնում ենք իրար, ու սովորական օրերին մեր միջև եղած լարված «քաղաքական իրավիճակը» մոռացվում է, քանի որ երկուսս էլ օգնության կարիք ունենք: Այժմ, երբ երկուսը գտան իրար, անհրաժեշտ է կողմնորոշվել տեղանքում և գտնել չորսի հանդիպման կետը: Մայրս վառում է մոմի լույսը, ու մենք չորսով վերջապես հանդիպում ենք: Հեռուստացույց չկա, ինտերնետ չկա, աշխարհից ու տնից կտրվելու բոլոր հնարավոր ճանապարհները փակ են: Միակ բանը, որ կարող ենք անել՝ հավաքվել սեղանի շուրջը, մոմի լույսի տակ հեքիաթ կարդալ կամ ուղղակի զրուցել:

Երբեմն այնքան ենք հեռանում ընտանիքի անդամներից, որ լույսերի անջատումն ի ուրախություն բոլորիս է լինում: Քանի որ «լույսերը տարել են»՝ ցանկացած քայլ իրենից օգնության կարիք է ենթադրում, անգամ լվացվելու համար պետք է մեկը, ով համբերատար կկանգնի կողքիդ ու կպահի մոմը:

Լույսերի անջատումը տևում է մեկ ժամից ոչ ավելի, բայց բոլորս ուզում ենք, որ այս անգամ այն ավելի երկար տևի: Սակայն լույսերը շուտով միանում են, մոմը հանգչում է, 4-ի հանդիպման կետը ցրվում է, ամենքս վազում ենք մեր հեռախոսի կամ համակարգչի մոտ:

Իսկ լույսերը… Լույսերն անջատվում են հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում քաղաքի բոլոր բնակիչներին հիշեցնել իրենց ընտանիքի մյուս անդամների գոյության մասին: