SvetlanaDavtyan

Բժշկող վանք Ծաղկեվանքը

Արա լեռան սրտում է գտնվում Ծաղկեվանքը: Քարանձավում փորված վանքը ուխտատեղի է: Ուխտավորները գալիս են ոչ միայն հավատքի, այլ նաև բուժիչ ջրի համար: Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։ Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը երբեք չի կտրվում։

Վանքի հետ կապված կա երկու լեգենդ: Առաջինը սուրբ Վառվառայի մասին է: Սուրբ Վառվառան իր դաժան հոր ձեռքից է զոհվել քրիստոնեություն ընդունելու համար: Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։

20190622_130445

Եվ երկրորդ լեգենդը կապված է Ծաղիկ կույսի հետ: Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք:

Մամռոտ վանքի մեջ գտնվող աղբյուրը, ասվում է, թե առողջարար հատկություններ ունի: Գիտնականներն ասում են, որ ջրում ցինկի նշանակալից քանակության մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության ժամանակ։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

WipeOut51_23_2019_125106.551000

Տարիներ առաջ Ծաղկեվանք տանող ճանապարհը բավականին խորդուբորդ էր, այն վերանորոգել է մի կին: Նա տարիներ շարունակ երեխա չէր ունենում և երազ է տեսնում, որտեղ խմում է վանքի ջրից: Արթնանալով այդպես էլ անում է և շուտով մայրանում: Այդ ամենից հետո որոշում է, որ պետք է վերանորոգի քանդված ճանապարհը:

Վանքը մշտապես ունենում է հարյուրավոր ուխտավորներ: Ծաղկեվանքը ունի նաև իր ուխտի օրը` մայիսի 5-ը: Այդ օրը Ծաղկեվանք են գալիս հարյուրավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ տարբեր վայրերից: Մարդիկ նաև երազանք են պահում և որևէ իր թողնում վանքում, հավատալով, որ այն անպայման կիրականանա: