Astghik Hunanyan vayots dzor

Գանձերի սնդուկում

Այդ օրը հայրիկս խիստ զբաղված էր, պետք է մինչև երեկո հեռուստացույցը վերանորոգեր: Ինչպես հետո հասկացա, դետալներից մեկն էր վառվել: Աշխատասենյակում անորոշ շարժվում էր մի անկյունից մյուսը, կարծես ինչ-որ կարևոր բան էր փնտրում ու երևի չէր կարողանում գտնել, քանի որ մի լավ նյարդայնացած էր: Մտածեցի մոտենալ ու հարցնել, թե ինչ է պատահել, կամ ինչով կարող եմ օգնել, բայց մյուս կողմից էլ շատ հավանական էր, որ ողջ բարկությունը վրաս կթափեր: Չէ՜, չէ, ռիսկի չեմ դիմի: Տանը մենակ ես ու հայրս էինք:

Սենյակումս նստած դասերս էի անում ու հերթը հասավ մաթեմատիկային: Սինուս, կոսինուս, տանգես, կոտանգես, սեկտոր, սեգմենտ… Չեք էլ պատկերացնի, թե ինչքան եմ ատում մաթեմատիկան ու առավել ևս՝ երկրաչափությունը (դե, իմը չի էդ առարկան, էլի): Ինչպես միշտ հարցեր առաջացան, և ուզած-չուզած, պետք է հայրիկին դիմեի: Հաստատակամ առաջ գնացի, թակեցի աշխատասենյակի դուռն ու առանց պատասխանի սպասելու ներս խցկվեցի: Ինչքան հասկացա՝ նա դեռ չէր գտել անհրաժեշտ «առողջ» դետալը՝ «հիվանդ»-ը փոխարինելու համար, բայց ի՞նչ արած, ստիպված էի խանգարել: Տեսնելով մաթեմատիկայի հաստափոր դասագիրքը՝ ձեռքի՝ իրար վրա դարսած միկրոսխեմաների արկղերը խնամքով դասավորեց դարակում, ու եկավ տեսնելու, թե ինչ հարց ունեմ.

-Ախր, երեկ բացատրեցի էս խնդիրը, ո՞նց չես կարողանում հասկանալ, շա՜տ հեշտ ա:

-Էհ, դե մոռանում եմ, պապ:

-Լավ, լավ, գլուխս մի տար, սևագրությունդ տուր էստեղ:

Արագ-արագ գրեց, հետո սկսեց մանրակրկիտ բացատրել: Միշտ զարմանում եմ, թե ո՞նց են այդքան բանաձևերը, կանոնները մտապահում, իսկ հետո դրանք ճիշտ կիրառում (դրանից դժվար բան մեկ էլ նվեր ընտրելն է): Բացատրելուց հետո միայն նոր հասկանում եմ, թե ինչ հեշտ է, և զարմանում, թե ինչո՞ւ ես ինքս գլխի չընկա, թե ինչպես լուծել:

Այդպիսի մի երևույթ է նաև «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» կարդալը: Խնդիրները թվում են դժվար, մինչև դրանք չեն պարզաբանվում Շերլոկի կողմից, իսկ հետո միայն հասկանում ես, որ մի հիմար պատասխան էր ընկած այդ ամենի հետևում, որ բոլորն էլ կարող էին նկատել: Պատճառն այն է, որ մենք նայում ենք, բայց չենք տեսնում, իսկ տրամաբանող մարդիկ չեն հիմնվում առաջին հայացքի կամ փաստերի վրա:

Երբ ավարտեց, որոշեցի հարցնել, թե ինչ էր փնտրում, կամ, ավելի ճիշտ՝ ինչով կարող եմ օգնել:

-Զգույշ բարձրացիր տանիք ու բեր միկրոսխեմաների արկղերը: Կարծեմ դրված են պապիկիդ ջարդված բահերի կողքին:

Այ, դա ինձ համար մեծ ուրախություն էր: Երևի արդեն 13 տարի է՝ տանիք չէի բարձրացել. արգելել են (երկար պատմություն է): Անգամ չէի էլ հիշում, թե ներսն ինչպիսին է, կամ ինչեր կան այնտեղ: Տանիք բարձրացա պապիկի պատրաստած փայտե սանդուղքով: Երբ մի կերպ դուռը բացելով ներս մտա, փոշին ագահորեն «հարձակվեց» վրաս: Լույս գցեցի, որ կարողանամ առաջ գնալ ու գտնել արկղը: Լույսի ճառագայթներին ուղղահայաց սկսեցին տեսանելի դառնալ փոշու մանր, բայց բազմաթիվ հատիկները, ու փայլել այնպես, կարծես թե նրանք ոչ վնասակար են, ոչ էլ աղտոտում են իրերը՝ նրանց վրա բնակություն հաստատելով: Ու ի՞նչ տեսնեմ: Հազարավոր իրար վրա դարսած արկղեր՝ վեհորեն կանգնած այսքան տարի: Արկղերի վրայի փոշու հաստ շերտից կարելի էր ենթադրել, որ շա՜տ երկար ժամանակ ոչ ոք ձեռք չէր տվել դրանց, իսկ երբ ես ձեռք տվեցի, մատնահետքերս շատ արտահայտիչ տպվեցին արկղի վրա: Մինչ հայրիկին անհրաժեշտ արկղը փնտրելը, շուրջս մի լավ ուսումնասիրեցի (դե, կարոտս առա, էլի): Որոշեցի տեսնել, թե արկղերում ինչ կա: Ձեռքով սրբեցի հենց առաջին արկղի մակերևույթն ու մի գրություն տեսա.

«Բացիր միայն, երբ հասնես երազանքիդ»:

Էլ ավելի հետաքրքրեց, երբ իմ անուն ազգանունը տեսա՝ գրված դրանից մի տող ներքև: Որոշեցի անպայման բացել: Վերցրի այդ արկղն ու հայրիկի միկրոսխեմաների արկղն ու արագորեն իջա ներքև: Հայրիկին տվեցի իր արկղը, վազեցի սենյակ: Հարմար տեղավորվեցի ու բացեցի իմ արկղը: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում. երևի թե և՛ վախենում էի, և՛ այրվում հետաքրքրությունից: Ի՞նչ էր այնտեղ. ուղղակի մի կույտ թղթեր, ծրարներ… Առաջին բանը, որ մտքովս անցավ, այն էր, որ դա նախապապերիս թողած ժառանգությունն է, կամ ինչ-որ կտակ, վերցրի հենց առաջին աչքովս ընկած ծրարը, արագ բացեցի այն ու սկսեցի կարդալ այնտեղ հարմար տեղավորված թղթերից մեկի վրա գրվածը:

Կարդալուց հետո ներսս տակնուվրա եղավ, խառնաշփոթ, անբացատրելի ինչ-որ զգացում ունեի: Առանց դադար տալու, շտապ վերցրի նաև մյուս գրություններն ու սկսեցի ընթերցել բոլորը՝ հազիվ ինձ զսպելով, որ չարտասվեմ: Բայց դա անխուսափելի էր, կարդում էի հիմարի լա՜յն ժպիտով: Դրանք իմ շարադրություններն ու բանաստեղծություններն էին, իմ բոլոր մարտիության բարեմաղթանքներն ուղղված մայրիկին, տատիկին, իմ գրական առաջին փորձերը՝ սկսած տառերը սովորելու պահից, Ձմեռ պապին ու Ձյունանուշին ուղղված բոլոր նամակներս, այն բանաստեղծությունները, որոնք գրում էի, տալիս մայրիկին, դրանց մեջ ինչ-որ բան խնդրելով, այն բանաստեղծությունները, որոնք գրում էի մեր տուն եկած հյուրերի համար ու դրանց դիմաց գումար ստանում: Կարդում էի անկուշտի պես, ինչպե՞ս կարող էի մոռանալ դրանց մասին, դրանց գոյության մասին: Անկեղծ ասած՝ դրանք անտանելի ծիծաղելի էին, դրանք իմ բոլոր հիշողություններն էին, իմ «հրաշքների» տետրերը, իմ նոթատետրերը, որտեղ իմ ապրած ամեն պահը պատմում էի, գրում: Անգամ կարծում էի, թե կորցրել եմ: Այդ «սնդուկում» էր պահվում իմ սիրտը, իմ ողջ կյանքը, իմ ողջ մանկությունը: Հա, դա հենց գանձերի սնդուկ էր, ոսկուց, ադամանդից, բոլոր թանկարժեք քարերից ու մետաղներից էլ թանկ, անգի՜ն:

Եվ չնայած ինձ շատ վատ էի զգում, որ գրությունն անտեսել էի, ու մինչև երազանքիս հասնելը բացել, բայց և այնպես ես իմ ողջ մանկությունը վերապրեցի: Եկավ, սահեց աչքերիս առջևով, բայց մի բան մոռացավ խոստանալ… Որ հետ է գալու: