Գյումրի քաղաքի հնօրյա ոգին

Քայլում էի իմ սիրելի քաղաքի փողոցներով, զմայլվում նոր, գեղեցիկ շինություններով: Ամեն ինչ հիասքանչ էր, սակայն ինչ-որ բան պակաս էր: 

Լուսանկարը` Դավիթ Այվազյանի

Լուսանկարը` Դավիթ Այվազյանի

Ահա մեր շքեղ հրապարակը` զարդարված բազմաթիվ լույսերով, գեղեցիկ սալաքարերով: Շուտով մոտեցա իմ սիրելի փողոցին, այն փողոցին, որտեղ նկարահանվել են բազում ֆիլմեր` «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»,   «Կտոր մը երկինք» և այլն: Փոքրիկ քառակուսի սալաքարերը, որոնք ժամանակի ընթացքում իրարից հեռացել են և պոկվել, շենքեր ու տներ, որոնք հիշեցնում են մեզ, թե ինչպիսին է եղել մեր հին Գյումրին: Ահա այն պատմական պատշգամբը, որի վրա կանգնել է Գալյա Նովենցը «Մեր մանկության տանգոն» ֆիլմում: Այդ շինությունը դարձել է փլատակ, մնացել է միայն պատշգամբը և պատը, ներսում` ամբողջությամբ ավերակ է:

Լուսանկարը` Լիլիթ Խառատյանի

Լուսանկարը` Լիլիթ Խառատյանի

Դրանից մի փոքր հեռու գտնվում է կիսաավերակ թատրոնի շենքը: Այս թատրոնը նույնպես ունի մեծ պատմություն: 1912թ. առաջին անգամ «Անուշ» օպերան բեմադրվել է հենց այստեղ: Դրա ներսում փլված է ամեն ինչ, միայն պատերն են մնացել իրենց գեղեցիկ զարդաքանդակներով:

Այս փողոցը, այս տները, սալահատակը, պատերը, այս ամենը հիշեցնում են մեզ Գյումրու հին և դարավոր պատմությունը, հիշեցնում են, որ իմ քաղաքն ունի հարյուրամյակների քաղաքային մշակույթ: Իզուր չեն գյումրեցիները կատակով ասում` Գյումրին հայրաքաղաքն է:

Լուսանկարը` Լիլիթ Խառատյանի

Լուսանկարը` Լիլիթ Խառատյանի

Երբ քայլում եմ այս փողոցով, մեր քաղաքի այս հատվածով, ես ինձ զգում եմ հին ժամանակներում, երբ «քաղքցիները» պճնված ու արժանապատվորեն դուրս էին գալիս քաղաքում ճեմելու, երբ ոսկեձեռիկ վարպետների արհեստանոցներում չէր դադարում մուրճի զնգոցը, երբ տղամարդիկ ֆայտոն նստած զբոսնում էին քաղաքի փողոցներով… Երբ դիպչում եմ կիսավեր տների պատերին, ես ինձ Գյումրու մի մասն եմ համարում:

Եվ վերջապես հասկացա, թե ինչն է պակասում մեր քաղաքի մյուս հատվածներում` Գյումրի քաղաքի հնօրյա ոգին: