arpine miqayelyan

Գնա՞նք կարուսել

-Մա՛մ, մա՛մ, արի՛ գնանք կարուսել, հետո կոնֆետ կուտենք: Կուզե՞ս նաև կգնանք մուլտ դիտելու, խնդրում եմ,- մեկն անընդհատ ասում էր իր մայրիկին, ով ասես նման մտադրություն չուներ:

Հետաքրքրեց, շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչ է պատահել, և նկատեցի, որ կնոջ կողքին ոչ թե փոքրիկ է, այլ բավականին մեծ աղջիկ, ով շարունակ ասում էր.

-Մա՜մ, գիտեմ, որ դու էլ քո հոգու խորքում ցանկանում ես կրկնել մանկական արկածներդ, դե, արի՛…

Կարծես երեկ էր, երբ արեցինք առաջին քայլերը, երբ մայրիկի և հայրիկի ձեռքից բռնած գնացինք մանկապարտեզ`մի վայր, որի հետ կապված հիշողությունները միշտ գունավոր են, երբ փոքրիկ քայլերով մտանք դպրոց ու նստեցինք առաջին նստարանին:

Մեծանալ դեռ չի նշանակում՝ մեծանալ: Այո՛, թվերը գումարվում են թվերին, սկսում ենք ավելի խորը մտածել, բայց այս ամենի մեջ կա մի անփոփոխ բան`մանկական երջանկությունը:

Երբ դեռ շատ փոքր էինք, ուշադիր հետևում էինք, թե ինչպես է մայրիկը քաղցրավենիք պատրաստում, բայց բնական է, որ դա անում էինք ոչ թե նրա համար, որ պարզապես հետաքրքիր էր, այլ անհամբերությամբ սպասում էինք, թե երբ վերջապես նա մեզ կհանձնի այն ամանը, որի մեջ դեռ ոչ պատրաստի քաղցրավենիքի մնացորդներ կային: Ահա, երբ վերհիշում եմ, հասկանում եմ, որ ոչինչ էլ չի փոխվել. Դե, ինչ մեղքս թաքցնեմ, կարծում եմ ինձ նման շատերը դեռ մեծ ուրախությամբ սպասում են այդ ամանի հանձման հանդիսավոր արարողությանը:

Հիշում եմ նաև այն մեծ բերկրանքը, որն ապրում էինք, երբ մեզ տանում էին կարուսել, նաև ստանում էինք քաղցր բամբակ ու պաղպաղակ… Էլի ոչինչ չի փոխվել, էլի անսահման երջանիկ ենք, երբ ունենք քաղցրավենիք ու հնարավորություն`ադրենալին հաղորդող ատրակցիոններից օգտվելու:

Երևի ավելորդ է մուլտերի մասին խոսելը, քանի որ դա այն մեծ ուրախությունն է, որը պարզապես երբեք չպետք է հեռանա մեր կյանքից, ու նույնիսկ այն մարդիկ, որոնք արտաքուստ այնքան լուրջ են թվում և պահվածքով ուզում ապացուցել, որ մանկությունը իրենց համար պարզապես վառ հիշողություն է, միևնույն է, նրանք նույնպես սիրում են մանկանալ ու դիտել իրենց սիրելի մուլտը. գուցե հենց իրենց փոքրիկի հետ`բոված եգիպտացորենի և շոկոլադե սալիկների ուղեկցությամբ:

Ասում են, թե մանկությունը գունավոր է, լուսավոր ու անհոգ. դե հա, մեծանալուն զուգընթաց ավելանում են խնդիրները, բայց դու կարող ես քո հոգում պահել մանուկ մնալու ծաղիկը, որն անդադար ծաղկում է ու լցնում ողջ ներաշխարհդ: