narek babayan

Գրպանի հրեշների դարաշրջանը

Այս ամառ էր։ Դե, քանի որ հիմա արձակուրդներ են, հիշածս առավելագույն կոնկրետ ամսաթիվը՝ հուլիս։ Հազարմեկերորդ անգամ կրկնեմ, ասելով, որ էլի նստած էի համակարգչիս առաջ։ Այս նախադասությունն իմ նյութերում ամենահաճախն է կրկնվում, բայց դե հիմա դա է, ինչ արած։

YouTube-ում «ֆռֆռալով» հանդիպեցի մի վիդեոյի՝ «բռնում ենք պոկեմոններին» անվանումով։ Պոկեմո՞ն։ Վերջին անգամ այդ բառին հանդիպել էի 2008-ին` Դենդի համակարգչով խաղալուց։ Էդ էն կենդանանման արարածները չէի՞ն, որ կարմիր ու սպիտակ գնդերից էին դուրս գալիս ու մենամարտում իրար դեմ։ Հա էլի։ Միանգամից աչքիս առաջ եկան դեղին, էլեկտրավտանգ պոկեմոնը՝ Պիկաչուն, ու այն տարօրինակ անունով տղան ՝ Էշ Քեթչումը։ Բա այն երեք պոկեմոննե՞րը՝ Բուլբազավրը, Չարմանդերն ու Սքուիրթլը, որոնցից մեկին ամեն սկսնակ մարզիչ, ով վարժեցնում էր պոկեմոնների, ստանում էր որպես առաջին պոկեմոն։ Ու եթե մինչ այդ վիդեոն նայելը ես «պոկեմոն» ասելով պատկերացնում էի ինչ-որ հին խաղեր ու մուլտֆիլմեր, ապա դրանից հետո կարծիքս 180 աստիճան փոխվեց։

Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենապոպուլյար խաղերից մեկը, որը միլիոնավոր մարդիկ են խաղում, անգամ հենց այս պահին՝ Pokemon Go: Վիրտուալաիրականախառը մի երևույթ, որի ժամանակ մարդ իր շուրջը չի նկատում ոչինչ, բացի իրենից, իր հեռա… Մի րոպե, ճամբարում նոր բառ եմ սովորել։ Խելախոսից` սմարթֆոնից ու հենց այդ պոկեմոններից, որոնք կարծես կան, բայց միաժամանակ չկան։ Տարօրինակի տեղ չդնեք, հիմա բացատրեմ։

Այդ խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը, որին խաղում պոկեմոնների մարզիչ են անվանում, պետք է ուղղակի քայլելով իր քաղաքով հետեւելով քարտեզին, հավաքի հենց այդ պոկեմոններին (անգլերեն pokemon, որը նշանակում է pocket monster – գրպանի հրեշ), որոնք հայտնվում են հենց իր դիմաց` մայթին, ճանապարհի մեջտեղում կամ հենց լճի մեջ։ Ասածս ուղիղ իմաստով չընդունեք, նրանք երևում են միայն հեռախոսի մեջ։ Այսպես ամեն մարզիչ պետք է հավաքի այդ գրպանային հրեշների մեծ բանակ, զարգացնի այն, ու գլուխ գովի իր ընկերների մոտ։ Առաջին հայացքից հիմարություն։ Երկրորդից էլ։ Բայց հենց մի երկու պոկեմոն եք բռնում, հասկանում եք, որ դա նույնն է, ինչ ձկնորսը մեծ ձուկ բռնի, կամ տաքսիստը` զբոսաշրջիկ։ Այդ գերագույն հաճույքը երկու շաբաթվա ընթացքում պայթեցրեց ողջ ինտերնետը։ Բոլոր վիդեոբլոգերները իրենց պարտքն էին համարում վիդեո նկարել այդ խաղի մասին, սոց․ կայքերում, ֆորումներում, համացանցի բոլոր անկյուններում այդ խաղի մասին էին խոսում։ Նույնիսկ հանդիպել եմ մի նյութի, որտեղ մի տղա մեկ այլ խաղացողի էր հրավիրում իր թաղամաս, որ իրենց պոկեմոններին կռվացնեն։ Զարգացած երկրներում անգամ խիստ արգելքներ են դրվել, ըստ որոնց, որոշ հասարակական վայրերում չի կարելի պոկեմոն փնտրել։ Դրա համար մարդ կարող է արժանանալ մինչև 3 տարվա ազատազրկման։ Ասեմ, որ թեեւ խաղը պաշտոնապես դեռ հասանելի չէ Հայաստանում, դա մեզ չխանգարեց միանալ պոկեմոնյան ալիքին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ապօրինի ճանապարհով ներբեռնել են խաղը եւ պոկեմոն են բռնում Հայաստանով մեկ։

Հարգելի ընթերցող, եթե դու մտածեցիր, որ սա կատարյալ հիմարություն է, ծանոթացնեմ քեզ մի հիմարի հետ՝ իմ։  Հա, ես նույնպես խաղում եմ այդ խաղը, բայց ցավոք, մեր գյուղում՝ Մալիշկայում, քարտեզի վրա միայն ճանապարհներ են, ոչ պոկեմոն կա, ոչ էլ ուրիշ բոնուսներ։ Խաղում եմ միայն, երբ Երևանում եմ լինում։ Այսպես ասած՝ առիթից առիթ։ Գիտեմ, որ իմ պես էլի խաղացողներ կան, որոնք ապրում են գյուղերում։ Փոխանցում եմ նրանց իմ ցավակցական ողջույնները, նրանք իմ եղբայրներն են անհաջողության հարցում։ Բայց դա էլ իր լավ կողմն ունի՝ զոմբի չենք դառնում։

Հ․Գ․Նրանց համար, ովքեր ուզում են սկսել խաղալ։ Երևի հասկացաք. որ պիտի ձեր գեոդիրքը միացրած խաղաք, հետևաբար էդ անտեր խաղը ահավոր շատ մարտկոցի լիցք ու համացանցային բայթեր է խլում։ Գնացեք ու վերցրեք ձեր օպերատորի ամենալավ փաթեթն ու խաղալու ժամանակ մոտներդ մի 5-6 հատ «power bank» կոչեցյալից ունեցեք, հաստատ պետք կգա։