Jemma

Արտագաղթը և ես

Երբեմն ճակատագիրը դառն է թվում, և բոլորին այս կյանքում հավասար չի տրվում: Մեկ-մեկ մտածում եմ, ինչո՞ւ մի երեխա պիտի ունենա ամեն ինչ, իսկ մյուսը` ոչինչ, ինչո՞ւ կյանքում հարուստ ու աղքատ, լավ և վատ, օտար և մտերիմ, հարազատ ու թշնամի պետք է լինի: Ինչո՞ւ բոլորը չեն կարող ապրել հավասար իրավունքներով: Երևի դա նրանից է, որ մարդն է որոշում  իր ճակատագիրը, բայց չէ. ես համաձայն չեմ այդ ամենին:

Մեր ընտանիքում ապրում ենք ես, քույրիկս, եղբայրս և ծնողներս: Ես շատ-շատ եմ սիրում հայրիկիս, և ինձ համար դժվար է իրենից հեռու գտնվելը: Չնայած այս ամենին, հայրիկս տարվա մեջ գրեթե երկու կամ էլ երեք ամիս է մեր հետ անցկացնում: Տան սոցիալական վիճակը բարելավելու նպատակով մեկնում է արտերկիր` աշխատելու:

Մայրիկը չուզենալով հայրիկի գնալը՝ պատճառներ է փնտրում.

-Դե, որ գնաս, ես մենակ ի՞նչ եմ անելու, ավելի լավ ա մնա` քո առևտրով զբաղվի:

-Տո այ կնիկ, շուկան էլ ա փչացել: Չի ծախվում:

Ու այսպես մայրիկը՝  հասկանալով, որ անիմաստ է շարունակելը, չի խոսում, բայց նաև հասկանում է, որ ապրելու համար աշխատանք է պետք, թեկուզ դա լինի Հայաստանից դուրս:

Մայրիկից հետո շարունակում է պապիկս.

-Տղա ջան, քարը փեշիցդ թափի, մնա հայրենիքումդ, մի կտոր հաց կեր, բայց քո տանը կեր:

-Պապ ջան, ցավդ տանեմ: Երեխեքս մեծացել են, էլ չեմ հասցնում պահել:

-Շուկադ ի՞նչ ա եղել:

-Է~, լավ էլի, պապ ջան:

Ու այսպես շարունակ… Եվ հիմա սա կարդալով չգիտեմ` ինձ ինչպես կհասկանաք, բայց լինում են ժամանակներ, երբ բարի նախանձով նախանձում եմ ընկերներիս, քանի որ իրենց հայրիկները տանն են և կարող են օգնել տարբեր հարցերում: Բայց այս ամենը միայն իմ հայրիկին չի վերաբերվում: Հայրիկս նման շատերը ևս գնում են արտերկրում, որպեսզի կարողանան ընտանիք պահել, հոգալ այն ամենի մասին, ինչը մենք՝ երեխաներս ենք ցանկանում:

Իսկ եթե անկեղծ, ես չեմ նեղվում այսպես ապրելուց: Ինձ սոցիալական վիճակը չի հետաքրքրում, ինձ միայն իմ հայրիկն է պետք: Ուզում եմ, որ միշտ հայրիկս կողքիս լինի, բայց ոչ միայն իմ հայրիկը, այլ ուզում եմ, որ բոլոր երեխաները միշտ իրենց ծնողների կողքին ապրեն երջանիկ ու համերաշխ:

Ուզում եմ, որ բոլոր ծնողները իրենց երեխաների կողքին լինեն: