Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Դեպի ջահել ազատություն

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Էս իմ ասելիքի կեսն է, ու ոնց զգացել եք, ես շատ բան չեմ էլ տեղադրում սոցկայքում, միայն կրիտիկական պահերին, ու եթե ես սրա մասին չխոսեմ, կմեռնեմ։

Առավոտյան 7-ին մտածում էի՝ գնամ-չգնամ, որովհետեւ դասերից հետո հաստատ միանալու էի ժողովրդին, չգիտեմ ինչու որոշեցի, որ գնամ: Ու 8.30 դուք պետք է տեսնեիք ոնց մի խումբ ջահելներով նստեցինք փողոցի մեջտեղում, փակեցինք փողոցները (բժշկականի մոտ = ուսանողական տարածք): Հետո իմանում էինք, որ մետրոյում պառկում են դռան առաջ, ու ոգևորվում էինք։
Մարդիկ մասիվից, Կոմիտասից ու լիքը տեղերից ոտքով իջնում էին կենտրոն։

Էս բոլոր պահերին ուզում ես մի քանի մարդ դառնաս, որ ամեն տեղ լինես, որ ոչ մի բան բաց չթողնես, որովհետև ամեն ինչ չափից դուրս ոգևորող է։

Համալսարանների մոտով քայլեցինք ու եկանք հետ` ընդմիջում անելու։
Դրանից հետո իջանք օպերա` Ռոդենի արձանի մոտ, ինչ խոսք` Հայկոյի խոսքը ոգևորիչ էր։

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Երբ այդքան մարդ ես տեսնում մի տեղ` ջահելներ, ձյաձյաներ, մորքուրներ, տատի ու պապիներ, չես կարող չոգևորվել։ Հետո քայլեցինք ո՞ւր։ Հա, մեր սիրելի ԱԺ:
Երբ առաջ ես նայում՝ ծայր չկա, հետ ես նայում՝ ծայր չկա, հասկանում ես, որ քո «դեմը խաղ էլ չկա»։ Ծափեր, ծափեր, ծափեր… Կոչեր, «Ոստիկան, միացիր»-ներ (թե ո՞ւմ ենք խաբում) ու հետո ուժեղ ձայն (կրակոցի նման): Վախենալու էր, հատկապես մեր նման վախկոտների համար։ Ձյաձյաներն ասացին՝ վերջ, էլ չեն անի, մի վախեցեք:
Հետո մի հատ էլ, արդեն մեր ուղղությամբ: Հետո մի հատ էլ, մի հատ էլ… Ու արդեն Սարյանի այգում ենք` լացելով, չհասկանալով՝ էս ի՞նչ էր, ո՞նց, ինչո՞ւ…

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Էս կարճ էն մասին, թե ինչ կատարվեց:
Չեմ խոսում ընթացքում պատմությունների մասին, թե ամեն փողոցում ոնց են մարդ «տփել», ով ինչ է ասել, ինչով են վախեցրել և այլն, ուժեղ ձայներից հետո մարդկանց վնասվածքների, դիմացը կանգնած աղջիկների վախերի, ուշաթափությունների մասին պատմություններ, ու ամբողջ Սարյան իջնելու ճամփին լաց, լաց, ու «Մի վախեցեք, բալեք»-ներ…

Նստած մտածում ես՝ լավ, ինչի՞։ Չեմ խոսի սենտիմենտալ բաներից (ասենք` որտեղի՞ց էս մարդկանց էսքան չարություն), քանզի ամեն ինչ հարթ լինել չէր էլ կարող։

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Հա, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բերման ենթարկվելու դեպքում իմ իրավունքներին էլ էսօր եմ ծանոթացել, բայց դա ինձ չի խանգարել, որ գնամ ու կանգնեմ էդ մարդկանց հետ: Որ էսօր ծաղիկ բռնեմ ձեռքիս, ծափերից ուրախանամ, գրկեմ, ժպտամ ու լացեմ, պառկեմ Աբովյանի խաչմերուկի մեջտեղում, որովհետև ամեն դեպքում ես հպարտ եմ, որ հայ եմ։ էն մարդիկ, որ ապրում են հիմա Հայաստանում, և ում ես տեսա ու ումով հպարտացա, իրենք են Հայաստանը, ոչ թե էն մարդիկ, որ փշալարի մյուս կողմում են, որ մեզ վրա, չգիտեմ ինչեր են գցում, որ տանկ ու ջրցաններ են բերում, իրենք չեն Հայաստանը, հաստատ։

Ու էս ամեն ինչի հետ դեռ կան մարդիկ, որ օնլայն տիրույթում գրում են` «դուխով, առաջ գնացեք, հետ չգաք»։ Էս ամեն ինչը հեշտ է, երբ դու տանն ես, կողքից ես նայում ու թվում է քեզ մի քայլ է բաժանում քո նպատակից: Ես չեմ ասում՝ եկեք մեզ հետ ու տնից մի գրեք (էդ էլ է օգնում շատ), ես չեմ ասում՝ «դուխ» մի տվեք, բայց մի մեղադրեք, երբ մարդիկ հետ են գալիս ու ինչ-որ պահի ուղղակի հուսալքվում։
Էս ամեն ինչի հետ կան մարդիկ, որ կանգնում են ցուցարարների ֆոնին ու ժպտալով սելֆի անում, կամ՝ «Ապե, մի հատ ինձ նկարի, քանի չեն գնացել»:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

էս ամենի հետ կան մարդիկ, ովքեր գոհ են երկրի վիճակից ու մեղադրում են մեզ մենակ նրա համար, որ իրենք ուշացան գործից-դասից։ Հարցը էդ մի օրը չի, հարցն էն է, որ իրենք միշտ են էդպես, միշտ են էդպես մտածելու, ուշանան, թե՝ չէ։

Ու կարող է էս ամեն ինչը էսպես չպետք է մեկնաբանվեր, որ իմ էստեղ գրելը սխալ է, որ ես կարող է՝ շատ բան չեմ տեսել։ Բայց ես գիտեմ, որ երբ փշալարից էս կողմ ես, էդ ձայնից կարող է գժվես ու ժամերով հետ չգաս, կարող է անընդհատ հարցնես՝ ինչի՞, կարող է՝ կոտրվես, կարող է «մանթոյից խնդաս», հումորներ անես, մտածես կողքինիդ մասին, երբ իրեն առաջին անգամ ես տեսնում, ու մեկ է, դրանից հետո էլի գնաս ու ասես` բայց մենք ժպտում ենք։

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Ու չեմ լռելու նրա մասին, որ էս ամենը նման էր պատերազմի, սահմանին, իսկական։ Որովհետեւ էդ ամենը ես հենց էդպես էլ պատկերացնում եմ, երբ տղերքը ասում են մեկը մյուսին՝ ես կմնամ, դու գնա աղջիկներին տեր եղի, երբ ասում են՝ մի վախեցիր, երբ աղջիկներին են պաշտպանում, հետո իրենց մասին մտածում (կամ մոռանում իրենց մասին), ու փշալարի մյուս կողմը էդ իրական սահմանի մյուս կողմն է, որովհետեւ երբ առաջին «չգիտեմ ինչը» գցեցին, ես չէի ուզում հավատալ, որ էդ զավակ, կին, մայր ու հայր ունեցող մեկն է անում։ Էդ ուղղակի անհնար է…

Բախտի բերմամբ թե պատահմամբ, նաև մյուս կողմերում եղա, որտեղ էլի փակել էին ճամփաները, ու էդ ոստիկանները, էդքան շատ մարդ (մարդ եմ ասում, որովհետև ուզում եմ հավատալ, որ իրենք առաջին հերթին մարդ են, ամուսին, հայր, որդի, հետո ոստիկան, և ուզում եմ հավատալ, որ իրենք իրոք այլ ճար չունեն, դրա համար են էսպես վարվում), սպասում էին ուղղակի մեկի հրամանին, մեկի, գրողը տանի։ Մի հոգու պատճառով էս ամեն ինչը, մի հոգու պատճառով… Չէ, իմ երազած Հայաստանը հաստատ սա չի, հաստատ։

Ու միշտ ասել եմ ու էլի ասում եմ՝ ես էս երկրից չեմ գնալու, երբեք, ես իմ երեխեքին էստեղ եմ մեծացնելու, իմ երեխեքը հայ են մեծանալու, որովհետև էս է իրենց տունը։

Ուղղակի ուզում եմ, որ էսպես չլինի: Ուզում եմ հավատալ, որ մի անգամ «Ոստիկան, միացիր»-ով բոլորը միանալու են, որ գնալու ենք ու անենք էն, ինչ ուզում է ժողովրդի մեծ մասը։ Բայց չէ, պարզվում է կան նաև կինոյի վատ տղաները, որ խանգարելու են։

Ինչ եմ ուզում ասել, իմ Հայաստանում համալսարան-դպրոցում ցույցի գնալը (ֆորմալ` դասից բացակայելը) էդ ուսհաստատությունից հեռացվելու պատճառ չի, իմ Հայաստանում դասախոս-ուսանողը չի վախենում «մեշոկ պապիներից», իմ Հայաստանում ոստիկանը քաղաքացու պաշտպանն է, ոչ թե թշնամին, ու իմ Հայաստանում փշալարեր չկան: