Mane Minasyan

Դպրոցական վերջին ամառս

Ու ամեն տարի սեպտեմբերին, երբ դպրոց ենք գնում, ուսուցիչներն անպայման հարցնում են, թե  ինչպես անցավ ամառը, ինչ ենք արել և այլն:

Արդեն 12-րդ սեպտեմբերս է, թվով վերջինը` որպես աշակերտ:

Այս տարի որոշեցի այդ ավանդույթ դարձած հարցին պատասխանել մի փոքր շուտ:

Այս ամառ ես հասկացա, որ մի քիչ մեծացել եմ:
Հունիսս լրիվ «գիտական էր», ու լի ձեռքբերումներով: Հենց հունիսին էր, որ մասնակցեցի «Մանանայի» դասընթացին, ու դարձա թղթակից 17.am-ում: Հենց հունիսին կարդացի լիքը գրքեր, որովհետև զգում էի, որ հաջորդող 61 օրերին չեմ հասցնելու, ու այդպես էլ եղավ:

Հուլիսս սկսվեց ընտանեկան մթնոլորտում,  շարունակվեց «Հայաստանի պատանեկան նվաճումներում», ու ավարտվեց արդեն հարազատ դարձած «Հույսի Կամուրջում»:

Օգոստոս: Անկեղծ ասած օգոստոսին այսքան շուտ չէի սպասում, բայց, որ էկավ, իր հետ էլի լիքը բան բերեց: Օրինակ` շտեմարաններ հայոց լեզվից և գրականությունից: Իր հետ օգոստոսը բերեց նաև Հայաստանի պատանի թղթակիցների մեդիա ճամբարը դեպի Դիլիջան: Մեդիա ճամբարում սովորեցի ավելի լավ գրել, ավելի ճիշտ բռնել ու օգտագործել ֆոտոապարատն ու իհարկե, սովորեցի ֆիլմ նկարել:

Օգոստոսն էլ եմ համարում ձեռքբերումների ամիս: Իսկ այս ամառս` ստացված: Ամռան ավարտին մնացել է հաշված օրեր, բայց այս տարին տարբերվում է մնացած 11-ից: Եթե անցյալ տարի հարցնեին, ուզում եմ բացվի դպրոցը, թե չէ, երևի կպատասխանեի՝ չէ, բայց հիմա ուզում եմ, որ շուտ գա սեպտեմբերը, որ վերջին անգամ զգամ սեպտեմբերի 1-ին որպես աշակերտ դպրոց գնալս: