leyli tadevosyan1

Դրվագներ բազմամշակույթ ամերիկացիների կյանքից

Այն, որ մենք` հայերս,  տարբերվող և յուրահատուկ ազգ ենք,  բոլորիս է հայտնի,  նույնիսկ աշխարհի մյուս ծայրում ապրող առաջին հայացքից անհոգ թվացող ամերիկացիներին: Ամերիկացիներն էլ իրենց հերթին ունեն իրենց յուրահատուկ սովորույթները, վարքուբարքը, որոնք անզուգական են միայն նրանց համար, բայց հաճելի շատերի համար…

Յուրաքանչյուր շարքային ամերիկացու օրը անցնում է չափից դուրս զբաղված: Հիմա հավանաբար կմտածեք` ինչ պիտի անեն, որ էդքան զբաղված լինեն:  Հավատացեք, որ դպրոց, աշխատանքի,  եկեղեցի գնալը արդեն իսկ «հագեցնում է» օրը,  ու ընտանիքի հետ համեմատաբար քիչ ժամանակ են անցկացնում աշխատանքային օրերին` անհամբերությամբ սպասելով շաբաթ-կիրակիին` «Վիքենդին»…
Եվ իրոք, «վիքենդները»,  որպես օրենք,  անցնում են շատ հետաքրքիր և ուրախ. մեկը մյուսին է զանգում, պլանավորում` ինչ պիտի անեն, ում հրավիրեն,  ու փարթին սկսվում է… Հազար տեսակի ուտելիքներ` թաքո ին ը բեգ (իմ ամենասիրածը), չիլի,  չիզբուրգեր, հոթ դոգ, ֆրենչ դիպ… Լավ, ախորժակներդ գրգռեցի երևի…

Ասածս ինչ է, ամերիկացիները չեն կարող պատկերացնել իրենց օրը ու նամանավանդ փարթիները առանց ուտելիքի ու լավ ուտելիքի (հայերից հետո երկրորդ ուտող-խմող ազգն են)… Մե~ծ կրակ են վառում,  հոթ դոգերը խորովում և սկսում զրուցել տարբեր թեմաներից:  Ու դու էդտէղ հասկանում ես, որ իսկական Ամերիկան հենց սա է, ոչ թե Նյու Յորքի անծայր փողոցները:
Ու ընտանիքի, ընկերների հետ անցկացրած ամեն մի պահը անմոռաց է ու «քրեյզի»:

Ու երևի պատահական չէ այն, որ տարբեր ազգերի խառնուրդ համարվող ամերիկացիները առանձնանում են իրենց բարությամբ ու անսահման մարդամոտությամբ:  Բավական է միայն փողոցում տեսնեն մի անծանոթի,  ով զբոսնում է իր շան հետ,  ու կսկեն երկար-բարակ զրուցել,  օրինակ այսպես.

-Վա~յ, ինչ սիրուն շուն ունեք: Ի՞նչ տեսակի է: Քանի՞ տարեկան է:

Ու այդպես շարունակ, մինչև ընտանեկան հարցեր ու դեսից-դենից քննարկումներ:

Ու մի պահ պատկերացրեք էս դեպքը Հայաստանում:  Բոլորս էլ ամենայն հավանականությամբ կմտածենք հետևյալը.

«Տեսնես` ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, ինչո՞ւ էդքան բան հարցրեց… »

Դե, մենք հայ ենք, իրենք` ամերիկացի…

Մեկ այլ տարբերություն է նաև այն,  որ բոլոր ամերիկացիները կիսվում են միմյանց հետ ցանկացած թեմայով, ու կապ չունի` ինչ թեմա է…

Օրինակ, «թինեյջըրները» դպրոցից գալիս են տուն ու ծնողներին «զեկուցում»  ամեն ինչ` սկսած լանչի մենյուից, մինչև ընկերների հետ ունեցած խոսակցությունները`  ամենայն մանրամասնությամբ:  Ու երևի ճիշտն էլ դա է, որովհետև ծնողներդ գոնե կիմանան, որ դպրոցում ինչ-որ մի բան արել ես…

Բազմամշակույթ ամերիկացիների կյանքից թերևս այսքանը:  Մնացածի մասին հետո կպատմեմ, «օր,  ինչըղ կսէ,  հեդաքրքիր էղնի,  ըբը»…