«Եթե գործ լինի այստեղ, այլևս չեմ գնա»

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Ձմռանը չնայած ցուրտ է գյուղում, բայց ամենաերջանիկ շրջանն է, որովհետև տղամարդիկ վերադառնում են, իսկ գարնան բացվելուն պես գյուղը կամաց-կամաց փոքրանում է: Կհարցնեք՝ ինչպե՞ս։ Տղամարդիկ ստիպված պատրաստվում են մեկնել արտագնա աշխատանքի։ Շատերը նեղսրտում են, քանի որ տանը շատ կիսատ գործեր են մնում։ Մեկի տանիքն է կաթում, մյուսն ուզում էր տունը նորոգել, երրորդի ծնողները ծեր են, երեխաները` փոքրԱնգամ գարնանացանին օգնել չեն կարող։ Իսկ ոմանք էլ գնում են, որովհետև ուրիշ ելք չկա։ 

Մեր հարևանը` Գեղամ Ալեքսանյանը, այս տարի եկել էր մեքենա գնելու նպատակով, բայց քանի որ տանիքը կաթում էր, այդ գումարով նորոգեց տան տանիքը։ Նա անում է այն ամենը, ինչ կարող է։ Առավոտից պարապ չես տեսնի: Չէ որ գնալու ժամանակը մոտենում է, շուտով տոմսն էլ կգնի, և․․․․

Երբ բակում աշխատում էր, բարև-բարիլույսից հետո մոտեցա նրան, ցանկացա օգնել, համ էլ զրուցել:

-Ի՞նչը ձեզ ստիպեց հեռանալ երկրից։

-Դե, գործազուրկ չլինելու և ընտանիքը պահելու համար որոշեցի գնալ արտերկիր՝ Ռուսաստան: Առաջին շրջանում շատ դժվար էր հարմարվելը: Մի կողմից` ընտանիքի կարոտը, մյուս կողմից` անհանգստությունը։ Շատ դժվար էր, չէի կարողանում գործ գտնել, գործին չէի հարմարվում, բայց փառք Աստծո, հիմա հարմարվել եմ: Հարմարվել եմ այդ կյանքին: Իրոք որ շատ դժվար էր առանց ընտանիքի։

-Իսկ այնտեղ ի՞նչ պայմաններում եք ապրում։

-Ապրում եմ սովորական տան մեջ, վարձով: Անգամ ժամանակ էր լինում, որ վարձը չէի կարողանում տալ, դուրս էին հանում: Բայց չեմ բողոքում պայմաններից, միայնակ տղամարդու համար նորմալ է։

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

-Իսկ երբ արդեն գտել էիք ձեր աշխատանքը, եղե՞լ են դեպքեր, որ ձեր հասանելիք գործը անեք, բայց չվարձատրվեք։

-Ինձ հետ չի եղել, բայց ուրիշների հետ, իմ լսելով, եղել ա: Շատ ա եղել, որ աշխատել են, գումար չեն ստացել, կամ ստացել են կես-կես ու մի կերպ տուն են հասել։

-Իսկ ռուբլու արժեզրկումն ինչպե՞ս է անդրադարձել ձեզ վրա, ազդո՞ւմ է։

-Ահավո՜ր, շատ-շատ է ազդել, որովհետև աշխատում ենք ուղիղ կես գնով, անգամ ցանկություն չկա գնալու։

-Օրինակ, այնտեղից որ գալիս եք, ի՞նչ նպատակներով եք գալիս, բնակարան նորոգելո՞ւ, չգիտեմ, ինչ որ բան դեպի լավը փոխելու նպատակո՞վ եք գումար բերում։

-Ռուբլու կուրսի պատճառով մենք այնքան գումար ենք ստանում, որ հազիվ հասցնում ենք ընտանիք պահել, կոպիտ ասած, արդեն գոյատևում ենք: Ստիպված ենք լինում վարկով գումար վերցնել, էլ ուր մնաց․․․

-Ընտանիքի կարոտը տանջո՞ւմ է ձեզ։

-Ամենից շատը կարոտն ա տանջում, կարող ա դու լավ փող ստանաս, բայց ընտանիքի կարոտը դա մի այլ ցավ է։ Եթե հնարավորություն լինի այստեղ աշխատել ու ընտանիք պահել, ես մեծ հաճույքով կմնամ:

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

-Գյուղում այնպիսի մարդիկ կան, որ գնում ու էլ ետ չեն գալիս: Գնում ու մոռանում են ընտանիքը, հարազատներին, բոլորին։ Կամ գնում են, բայց գումար չեն ուղարկում, այդպիսի մարդկանց ինչպե՞ս եք վերաբերվում։

-Ես ինքս չեմ հարգում նման մարդկանց, ովքեր գնում ու մոռանում են իրենց ընտանիքը, եթե նրա գործերը լավ են լինում, բայց նա գումար չի ուղարկում, նա ինձ համար մարդ չէ։

-Գարնանը, որ դուք այստեղ չեք լինում, ո՞վ է կատարում ձեր այգու գործերը։

-Ընտանիքս։ Երեխաներս, կինս, նրանք են անում, հենց դա է այն պատճառներից մեկը, որ ես չեմ ուզում գնալ։

-Իսկ այն ժամանակ, երբ որ դուք այստեղ չեք լինում, ձեր խիղճը հանգի՞ստ է, որ ձեր կինը հասցնում է անել բոլոր գործերը։

-Իհարկե ոչ, նա կնոջ պարտականություններից բացի իր ուսերին է վերցրել նաև տղամարդու պարտականությունները։ Հեշտ չի, ես դա հասկանում եմ։

-Փաստաթղթերի հարցը ինչպե՞ս եք կարգավորում։

-Այն ժամանակ դժվար էր, բայց հիմա արդեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հեշտացրել են այդ գործընթացը։

-Դա կապվա՞ծ էր գումարի հետ, թե արվում էր անվճար։

-Իհարկե, գումարով։ Գները հասնում էին 1000 – 1500 ռուբլու, բայց հիմա ավելի հեշտ է ու մատչելի։

-Գտնվելով օտար երկրում ձեզ արհամարված չե՞ք զգում, չե՞ն արհամարհում, որ այլ ազգի ներկայացուցիչ եք, օտար եք:

-Ռուսները…,- այստեղ մի խորհրդավոր դադար եղավ, որից ես ազդվեցի,- արհամարհանքը շատ-շատ ա: Կոնկրետ ես միշտ աշխատել եմ հայերի հետ ու չեմ զգացել էն, ինչ ուրիշները, բայց ինչևէ, արհամարհանք կա ռուսների կողմից, կա տենց բան։ Ոնց էլ չլինի` դու այնտեղ քեզ ընկճված ես զգում, որովհետև իրենց հողի վրա ես գտնվում, չես կարող նույն կերպ ապրել այնտեղ, ինչպես Հայաստանում։

-Չե՞ք վախենում այնտեղ գիշերը միայնակ դուրս գալ փողոց։ Մենք հա-ախ ենք լսում, որ այլազգիների հետ միշտ բախումներ են տեղի ունենում:

-Վախ կա, բայց անգամ այդ ժամանակն էլ չենք ունենում դուրս գալու, միայն աշխատանքից վերադառնալու ճանապարհն է, բայց դա էլ խնդիր չէ ։

-Իսկ լեզվին տիրապետո՞ւմ եք։

-Այո, տիրապետում եմ։ Ես 10 տարի է արդեն գնում եմ Ռուսաստան աշխատելու: Սկզբում մի քիչ դժվար էր, սակայն հիմա չեմ կարող ասել լիովին, բայց տիրապետում եմ լեզվին բավարար չափով։

-Օրինապահ մարմինների հետ որևէ խնդիր ունեցե՞լ եք։

-Այո, ունեցել եմ խնդիրներ։ Եթե տեսնում էին, որ մի քիչ մաշկդ թուխ գույն ունի, եթե անգամ ամեն ինչ նորմալ էր փաստաթղթերի հետ, մեկ է, նրանք ժամերով մեզ պահում էին բաժնում, ստուգում են: Եթե տեսան Կովկասի ժողովուրդ ես, ապա խնդիրներ են առաջանում։

-Իսկ ինչպե՞ս եք հաղթահարում կենցաղային խնդիրները։

-Դա էլ ա մեծ խնդիր, լվացքն ամենադժվար բանն ա, եթե լվացքի մեքենա չունես։ Չնայած ճաշ եփելն էլ դժվար ա։

-10 տարվա ընթացքում ի՞նչ եք ավելացրել ձեր տան վրա։

-Մանրուքները չհաշված, համարյա ոչ մի բան։ Ընտանիքս եմ պահել, այդ վարձատրությամբ ես հազիվ պահում եմ իմ ընտանիքը։

-Ազատ ժամանակ այնտեղ ինչո՞վ եք զբաղվում։

-Աշխատում եմ 10 ժամ, տուն եմ գալիս հոգնած, մի կտոր բան եմ ուտում ու քնում, ազատ ժամանակ համարյա չկա։

-Հիմա ինչո՞վ եք զբաղվում այնտեղ։

-Մեխանիզատոր եմ, մեկ էլ մանր-մունր բաներ եմ անում, պետական աշխատանք։

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

-Իսկ նպատակ ունե՞ք ընտանիքին էլ տանել ձեզ հետ։

-Գնացող չկա, որ տանի կամ չտանի, -միջամտեց կինը։ Դե, արդեն պատասխանելու բան չմնաց:

-Ինչքա՞ն ժամանակ եք դեռ շարունակելու արտերկիր գնալ։

-Չգիտեմ, նպատակ չունեմ գնալու։ Եթե իմանամ, որ վաղն էլ գործ կլինի այստեղ, և ես կկարողանամ ընտանիքս պահել, այլևս չեմ գնա։ Ես ուղղակի երազում եմ, որպեսզի Հայաստանում նորմալ վարձատրվող աշխատանք լինի, որ էլ ոչ ոք չգնա։ Շատ-շատերը հետ կգան: Միայն թե աշխատանք լինի: