mariam tonoyan

Եթե մի փոքր այլ լիներ

Մեր ծանոթության առաջին օրը նա լուռ էր: Նստած դպրոցական վերջին շարքի նստարանին՝ հայացքով լուռ տնտղում էր մեզ՝ իր նոր դասընկերներին: «Ինձ նման դժվար է հարմարվում նոր շրջապատին»,- մտածեցի ես ու ակամա քայլեցի դեպի այն նստարանը, որտեղ նա էր նստած: Նստեցի նրա կողքին: Դարձյալ լուռ էր, մինչև որ հարցրի նրա անունն ու, ի զարմանս ինձ, նա միայն ասաց անունն ու կատարյալ անտարբերությամբ երեսը շրջեց դեպի պատուհանը: Հաջորդ օրերին ինձ հաջողվեց փոքրիշատե մտերմանալ նրա հետ ու հասկանալ նրա՝ շրջապատից մեկուսանալու պատճառը:

-Ես մանկատնից եմ,- մի օր հանկարծ իր խոսքին հատուկ լակոնիկ ոճով ասաց նա՝ հազիվ իրեն զսպելով, որ հայացքն անբնականորեն չփախցնի աչքերիցս: Այն փաստից, որ ես դա անմիջական ու ժպիտով ընդունեցի, նա զարմացավ.

-Կարծում էի, թե էլ ընկերություն չես անի ինձ հետ…

Այդ փոքրիկ դժվարությունը հաղթահարելով՝ շուտով մտերմացավ ողջ դասարանի հետ ու ամրապնդեց վստահությունը մեր նկատմամբ:

-Ես շատ երազանքներ ունեմ,- պատմում էր նա, երբ դասամիջոցին զրույցի էինք բռնվում,- ամենամեծ երազանքս լավ մարդ լինելն է, իսկ հետո՝ տաղանդավոր ու ճանաչված նկարչուհի: Կարծում եմ՝ ցանկացած մարդ նախքան մասնագիտություն ընտրելը պետք է մարդ լինելու արվեստին տիրապետի՝ լինի հարգալից, շնորհքով, դաստիարակված, արդար, լավությունը գնահատող ու բարեհոգի: Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ կանգնում ենք ինչ-ինչ դժվարությունների առաջ, որոնք մարդուն որոշ չափով ընկճում են: Նման դեպքերում ես խորհուրդ եմ հարցնում ինձնից մեծ մարդկանցից, քանի որ գիտեմ, որ նրանցից շատ բան կարելի է սովորել, բայց երբեք չեմ կոտրվում: Եթե մեզ ի վերուստ տրված է դժվարություններով լեցուն կյանքի ճանապարհ, մենք պարտավոր ենք հաղթահարել դրանք պատվով՝ առանց դժգոհությունների, ու մեր համառ կամքի շնորհիվ կհասնենք մեր բոլոր երազանքներին:

-Ես շատ դեպքերում անհամարձակ ու վախկոտ եմ,- շարունակեցի ես,- դա երբեմն խանգարում է իմ առաջընթացին: Իսկ դու վախեր ունե՞ս:

-Ցանկացած վախ հաղթահարելի է: Ես ամենաշատը վախենում եմ սխալներ թույլ տալուց ու մենակությունից: Բայց դա քո պատկերացրած մենակությունը չէ: Ես կարող եմ լինել հազարավոր մարդկանց մեջ, բայց, միևնույն է, ինձ մենակ զգալ: Իսկ քո պատկերացրած մենակությունը ես շատ եմ սիրում, երբ կարող ես նստել ու անվերջ մտածել:

-Բայց ինչո՞ւ մենության մեջ:

-Մարդիկ հաճախ ինձ չեն հասկանում, երբեմն նեղացնում են խտրական վերաբերմունքով՝ մոռանալով, որ բոլորս էլ Աստծո առաջ հավասար ենք, երբեմն բարձրից են նայում:

-Ինչպե՞ս բարելավենք մեր հասարակության վատ կողմերը,- տխրեցի ես:

-Կարծրատիպեր են, ի՞նչ կարող ես անել: Մարդիկ իրենց երեխաներին ուսման են տալիս, բայց մոռանում զուգահեռաբար դաստիարակել, բարձր գնահատականներ են պահանջում, փոխարենը մեծամիտ են դարձնում: Եթե դա մի փոքր այլ լիներ, ոչինչ էլ բարելավելու կարիք չէր լինի: