Mane Minasyan

Եթե չեք սիրում սովորել, համալսարան մի եկեք

Փոքր տարիքից սովորություն ունեմ ամեն երեկո օրացույցից ջնջել անցնող օրվա ամսաթիվը: Տարիների սովորություն դարձած գործողությունն էի կատարում հերթական անգամ, երբ նկատեցի, որ նոյեմբերն արդեն երկու մասի է բաժանվել՝ անցյալում ավելի մեծ քանակով օրեր թողնելով:

Սեպտեմբեր 2017, հոկտեմբեր 2017 ու նոյեմբեր 2017-ի կես: Ահա այն ժամանակահատվածը, որ ես ու հասակակիցներս ապրում ենք նոր ու ավելի հագեցած, հետաքրքիր ու, ինչու չէ, նաև բարդ ու ավելի պատասխանատու կյանքով, որը մեկ բառով անվանում ենք ուսանողություն:

Վստահ կարող եմ ասել, որ մենք՝ ուսանողներս, այս ամենին հասնելու համար անցել ենք տարբեր փորձությունների միջով:

Այս նոր փուլի, համալսարանի ու ուսանողական կյանքի հետ, հուսով եմ, բոլորս էլ ինչ-ինչ հույսեր ենք կապել, մտովի այն հազար անգամ կառուցել ու քանդել ենք:

Արդյոք որքանո՞վ են արդարացել հույսերը, ինչքանո՞վ էին դրանք համապատասխանում մեր սպասումներին, փորձել եմ պարզել՝ զրուցելով հասակակիցներիս հետ:

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անյան պատմում է, որ իր մանկության երազանքներից մեկն է եղել հեռուստաստուդիայում աշխատելը: Փոքր տարիքից բոլորն իրեն ասել են, որ հաղորդավարուհու կեցվածք ունի: Անյան պատմում է, որ ինչպես բոլոր դեռահասների գլխում, այնպես էլ իր, հազարավոր մասնագիտություններ են պտտվել, մինչև վերջապես ընտրել է այս ուղին: Նա նաև նշեց, որ իր սպասումներն ու իրականությունն իրարից այդքան էլ տարբեր չեն, իսկ նպատակները կամաց-կամաց իրականանում են: Գիտի, որ սա այն մասնագիտությունն է, որն իրեն հնարավորություն կտա ներկայանալ իր բոլոր կարողություններով:

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Սիլվին էլ պատմում է, որ փոքր տարիքից երազել է դառնալ դերասանուհի, սակայն տանը համաձայն չեն եղել: Բայց մի օր հեռուստացույց դիտելու ժամանակ հասկացել է, որ իրեն դուր է գալիս լրագրողի աշխատանքը և որոշել է սովորել այդ մասնագիտությունը: Նշում է նաև, որ ունի այդ մասնագիտությանը բնորոշ շատ հատկանիշներ՝ ակտիվ է, հետաքրքրասեր, շփվող ու զրուցասեր:

Սիլվին խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր շատ հետաքրքրասեր են, սիրում են ակտիվ կյանք, ունեն գրագետ ու ճկուն խոսք, գալ ու սովորել այս ֆակուլտետում, որովհետև ժուռնալիստիկան հենց այդ մարդկանց համար է: Սակայն այս ֆակուլտետ պետք է մասնագիտությունը սիրելով գալ, որովհետև սա այն մասնագիտությունն է, որին պետք է ամբողջ սրտով ու հոգով նվիրվել: Սիլվին նշում է նաև, որ երբեք չի զղջա, որ ընտրել է հենց այս համալսարանն ու այս բաժինը:

Իսկ ահա Սոնան, ով սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսում, պատմում է, որ սկզբում ամեն ինչ խորթ է եղել, անգամ մտածել է, որ սխալ ու իրեն ոչ համապատասխան բաժին է ընտրել: Սկսել է համեմատություններ տանել դպրոցի ու համալսարանի միջև և մինչև հիմա էլ այն կարծիքին է, որ դպրոցն ուրիշ է և միշտ ուրիշ կմնա իր կյանքում, բայց ուսանողական կյանքն էլ իր համն ու հոտն ունի, իսկ կուրսի մասին միայն լավը կարող է ասել:

Զրուցելով մյուս ընկերներիս հետ՝ լսել եմ շատ նման ու տարբեր կարծիքներ: Նրանցից ոմանք անգամ ստիպված են դասի գնում, որովհետև իրենց ընտրած մասնագիտությամբ չեն սովորում, ընկերներ էլ ունեմ, ովքեր իրենք են ընտրել, սակայն փոշմանել են: Իսկ համալսարանն այն վայրն է, որտեղ պետք է գալ սիրով ու սովորելու ցանկությամբ:

Առայժմ այսքանը, իսկ հիմա շարունակեմ դասերս, չէ՞ որ ես էլ առաջին կուրսի ուսանողուհի եմ, ով գնում է իր նպատակի հետևից: