juli abrahamyan

Ես պատրաստ չեմ

Իմ սերունդը անցումային սերունդն է: Ինչ-որ բանի համար մենք չափից դուրս փոքր ենք, բայց այ, դրա կողքի բանի համար չափից դուրս մեծ ենք: Իմ թվականը չի տեսել 90-ականների խաղերի սկիզբը, հարաբերությունները, բայց հոգին նույնն էր: Ես չեմ մեծացել բլոգերների կամ էլ ժամանակակից հեռախոսների հետ, բայց չգիտես` ինչու, ավագ սերունդը միշտ ինձ հենց դրանց հետ է ասոցացնում:

Ինչևէ, այսօր ես բնավ էլ չեմ խոսի իմ սերնդի, տարիքային խմբերի ու անցումային շրջանների մասին. դրանց մասին առանց այդ էլ չափից դուրս շատ են խոսում: Մենակ կասեմ մի բան` ծերանում ենք, ժողովուրդ:

Ոչ, չենք ծերանում սպիտակ մազերով, կնճիռներով, դա կամաց-կամաց է լինում: Ծերանում ենք քիչ-քիչ: Այսօր տասնվեց ես, իսկ վաղն արդեն քառասունն աչքով է անում:
Դեպրեսիայի նոր փուլը, որը եղավ գարնանը, ինչին ես ընդհանրապես պատրաստ չէի, մեջքից դանակով հարվածեց երթուղային տրանսպորտում, երբ ինձ առաջին դասարանի երեխան տեղ տվեց` ասելով.

-Անցեք, նստեք:

Լավ, հերիք չի տեղ տվեց, մի հատ էլ` «նստԵՔ»: Ախր, առաջին դասարանի երեխա, որի պայուսակն իրենից ծանր է, ինձ տեղ տվեց: Ես, իհարկե, նստեցի, որովհետև չափից դուրս հոգնած էի (հոգնածության պատճառներն իմանալու համար կարդալ նախորդ նյութերս, ծանոթանալ հումանիտար հոսքի վշտին ու սլենգին), բայց ինձ նայող յոթից ութ զույգ աչքերը դա չէին հասկանում:

Մի խոսքով, ես մտքումս շնորհակալությունների տեղատարափ սկսեցի առաջին դասարանի հերոսի համար, բայց բարձրաձայն ասացի.

-Մերսի:

Նստեցի ու մեկ-երկու կանգառ հետո ինքս ինձ ասացի` վայ քո: Այ, այստեղ էլ սկսվում է իմ պատմությունը:

Բավականին անտրամադիր հասա տուն, մի կողմ դրեցի իրերս ու նստեցի բազկաթոռին` խորհելու նպատակով: Ստացվում է ի՞նչ` ես հիմա տասնվեց տարեկան եմ, համարյա տասնյոթ, այսինքն` մեկ տարի ու մի քանի ամիս հետո ես չափահաս եմ, ինչն իր հերթին նշանակում է, որ չեն լինի «էս անչափահասն ով ա» անհամ կատակներ, ինձ վերջապես նոր տարվա համար գինի կվաճառեն խանութներում, ու «էդ նեղ մաջալին» մայրս կամ էլ հայրս ստիպված չեն լինի իջնել խանութ, գրադարաններում կներկայացնեմ արդեն անձնագիր, ու ամենակարևորը` կունենամ ստորագրություն:
Դրամատիկ, սառած հայացք ու լռություն:
Հետևություն. ես պատրաստ չէի երթուղային տրանսպորտում նստելուն, իսկ դա հանդիսացավ իմ մտահոգությունների պատճառը, բայց ինչպես առանց ոչ մի իմաստի` կասեր մեր առաջին հարկի հարևանը յոթից ութ տարեկան տղա երեխաներին.

-Աբրածն աբրած ա, երեխեք ջան: