Երանի ճիշտ արած լինեմ

Ասում են՝ արդեն 100 օր է, ինչ հեղափոխվել ենք․ դե իբր անկախություն ենք էլի ձեռք բերել։ Էս 100 օրերի ընթացքում բոլորս դարձանք վերլուծաբան, քաղաքական փորձագետ և նմանատիպ լիքը բաներ։Դե, էդ հեչ վիճելու չի, որ մեր երկրում բոլորս ամեն ինչ կարող ենք  անել․ բոլորս  կարող ենք վարչապետ աշխատել  ու Նիկոլին ուղղություն տալ։ Բոլորս կարող ենք բողոքել մեր նորանշանակ նախարարներից ու հետո չկարողանանք պատասխանել այն հարցին, թե բա՝ ու՞մ ենք տեսնում այդ պաշտոնում։ Բոլորս կարող ենք ամեն ինչ անել, բայց միևնույն ժամանակ, ոչինչ չանել, ու հենց էդպես մենք կարողացանք և արեցինք այն, ինչ արեցինք։

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Երբեք կյանքում չեմ մոռանա այն օրը, երբ առաջին անգամ ուսանողներով փակեցինք Երիտասարդականը, չեմ մոռանա իմ դողացող ձեռքերը, բայց միևնույն ժամանակ, կայուն միտքս ու հստակ նպատակս, էն մարդկանց  դեմքերը, որոնց մեքենայի առջև էինք հայտվում և թույլ չէինք տալիս իրենց երեխային դպրոց հասցնեն։ Էն տաքսու վարորդին, ով առաջինը միացավ մեզ ու իր մեքենայով փակեց ճանապարհը։ Չգիտեմ՝ ճիշտ ենք արել, թե՝ սխալ, ժամանակը ցույց կտա, բայց դե ինչ էլ արել ենք, լավ ենք արել։ Գիտեք՝ ինչքան մարդու սկսեցի սիրել էդ օրերին․ էն պատահական տատիկին, որն ինձ տվեց իր վերջին քաղցրավենիքը, էն տղային, ով ջուր հասցրեց, կուրսեցիներիս ու էլի լիքը մարդկանց: Էդ մարդիկ իմն են, իմ հարազատը, ու հեչ էլ կապ չունի, որ ես իրենց անունները չգիտեմ ու իրականում չեմ էլ ուզում իմանալ։ Մենք արեցինք դա մեր ծնողների հետ կռվելով, ինչ-որ մարդկանց  ինչ- որ բան բացատրելով՝ մեր առողջության ու մեր երեխաների ապագան ավելի լավը դարձնելու համար։ Հա, կարող է նաև հավես էր էդ ամեն ինչը անելը, երբեք ու ոչ մի տեղ էլ չես կարող ունենալ էն զգացողությունները, ինչ ունեցանք հրապարակում կամ սոված-ծարավ Երևանի փողոցներով թափառելիս, կամ էլ հաստատ, էլ հնարավորություն չես ունենա Ռոդենի արձանի հետ նկարվելու։

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Երեկ լիքը մարդ իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են, որ հրապարակ են գնում, գնում են հանարահավաք, գնում են նշելու «անկախության» 100-րդ օրը։ Ես չգնացի Երևան․ պատճառներից մեկը այն էր, որ հազիվ տուն եմ ընկել: Բայց դա չէ իրականում իրական պատճառը, այլ որ հրապարակում ոչ մեկից  ոչինչ չունեի պահանջելու։ Ուզում էի պահել իմ զգացողությունները նախքան հեղափոխությունը, ոչ թե հեղափոխությունից հետո։ Ու հատուկ չգնացի, որ ֆեյսբուքումս նոր նկար չավելանա․․․