anushik davtyan

Երբևէ մտածե՞լ եք, թե…

Տնտեսագիտությունը շատ կարևոր գիտություն է: Յուրաքանչյուր մարդ` անկախ մասնագիտությունից, պարտավոր է գոնե մակերեսորեն ուսումնասիրել այն:

Շատ մարդիկ տնտեսագիտություն ասելով հասկանում են մաթեմատիկա, բայդ դա ամենևին էլ մաթեմատիկան չէ: Իրականում տնտեսագիտությունն ուսումնասիրում է թե հասարակությունը օգտագործելով գոյություն ունեցող սահմանափակ միջոցները, ինչպես է արտադրում անհրաժեշտ ապրանքներ ու դրանք բաշխում տարբեր մարդկանց: Տնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության մեջ կատարվող փոփոխությունները` գների, արտադրանքի, գործազրկության և արտաքին առևտրի շարժը, ուսումնասիրում է պետությունների միջև կատարվող առևտուրը: Այն փողի, դրամատնային գործի, հիմնական միջոցների և հարստության ուսումնասիրությունն է:

Քանի որ համարում եմ, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է տնտեսագիտություն իմանալ, որոշեցի ձեռք բերել տնտեսագիտության մասին մի գիրք և կարդալ այն:

Գնացի գրադարան: Այնտեղ ինձ առաջարկեցին կարդալ Փոլ Սամյուելսնի ու Ուիլյամ Նորդհաուսի «Տնտեսագիտություն» գիրքը: Ես իհարկե այն վերցրեցի ու արդեն կարդացել եմ մի քանի էջ:

Մի քիչ պատմեմ հեղինակների մասին: Փոլ Սամյուելսնը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության բաժնի հիմնադիրն է: Սովորել է Չիկագոյի և Հարվարդի համալսարաններում: 1970թ. արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության բնագավառում, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Եղել է Ջոն Քենեդիի տնտեսական խորհրդատուն: Հաջորդ համահեղինակը Ուիլյամ Նորդհաուսն է: Նա եղել է ԱՄՆ-ի ականավոր տնտեսագետներից մեկը: Սովորել, այնուհետև դասավանդել է Յեյլի համալսարանում: Տնտեսագիտության դոկտոր է: Եղել է ԱՄՆ նախագահ Քարտերի տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ:

Դեռ մի քանի էջ եմ կարդացել գրքից, բայց այնքան տպավորված եմ:

Գրքում գրված է, մեջբերում եմ. «Ըստ փիլիսոփա Ջորջ Սանթայանայի` նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են վերապրել այն: Տնտեսագետները նույնպես կարող են օգուտ քաղել պատմության դասերից»: Եվ հետևաբար գրքում տեղ են գտնում բազմաթիվ հետաքրքիր և օգտակար պատմություններ: Օրինակ` գրքում գրված է, որ ԱՄՆ-ի պատմության մեջ եղել է մի ժամանակաշրջան, երբ ԱՄՆ-ն ավելի շատ ապրանքներ է ներմուծել, քան վաճառել: Հետևաբար, որոշ արդյունաբերական ճյուղերում, ամերիկացիների զբաղվածության մակարդակը անկում է ապրել: ԱՄՆ-ի կառավարությունը սկսել է սահմանափակել արտասահմանյան ապրանքների ներմուծումը երկիր` ամերիկյան ձեռնարկություններին արտաքին մրցակիցներից պաշտպանելու նպատակով: ԱՄՆ-ն գործվածքեղենի ներմուծման խիստ բաժնեչափ սահմանեց: Բայց, իրականում, այսպիսի որոշումներ կայացնելը շատ բարդ է, քանի որ հնարավոր չէ հստակ իմանալ, թե արդյո՞ք նոր խնդիրներ չեն ծագի: Վերլուծությունը ցույց է տվել, որ սահմանափակումը կավելացնի աշխատատեղեր արդյունաբերական այդ ճյուղում, բայց միաժամանակ այն գործարարները, որոնք մի ժամանակ անսահման թվով ապրանքներ էին արտահանում ԱՄն, իսկ հիմա` միայն խիստ սահմանափակ թվով, կսկսեն իրենց ապրանքները շատ ավելի թանկ վաճառել: Եվ մարդիկ, ովքեր կախում ունեին այդ ապրանքից, կշարունակեն գնել դրանք ավելի թանկ գներով, հետևաբար կպակասի ԱՄՆ-ի համախառն ազգային եկամուտը:

Ամեն օր մեր տնտեսագետները այսպիսի բարդ խնդիրների առաջ են կանգնած, և որոնց մասին, ցավոք, շատ քչերը գաղափար ունեն: Այն մարդիկ, ովքեր տնտեսագիտությունից ոչինչ չեն հասկանում, սովորաբար մարդկանց այն խմբի մեջ են մտնում, ովքեր օրինակ` գների թանկացման ժամանակ, սկսում են միանգամից բողոքել, չհասկանալով, որ գուցե դա խիստ անհրաժեշտ է եղել և ժամանակավոր է:

Այսպիսով, բոլորին կոչ եմ անում կարդալ այս գիրքը: Ինչո՞ւ հենց սա, որովհետև սա գրված է սկսնակների համար: Գրքում չկան անհասկանալի մասնագիտական տերմիններ, որոնց բացատրությունը անգամ համացանցում հնարավոր չէ գտնել: Այս գրքում ամենապարզ տերմիններն անգամ բացատրված են, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա հասկանալ: