Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. օր 6

salzwtksh-3Զալցբուրգյան մեր վեցերորդ օրը համապատասխանում էր շաբաթվա վեցերորդ օրվան, և քանի որ այն շաբաթ էր, մենք զբաղված էինք միայն օրվա առաջին կեսը։ Այսօր մենք նոր հյուրեր ունեինք․ ժամանելու էր ժյուրի՝ նույնպես գնահատելու ծրագրավորողների կատարած աշխատանքը։ Օրը սկսվեց ծրագրավորողների զեկույցներով, բայց այս անգամ արդեն ավելի կարճ ժամանակում և ավելի խիստ լսարանի առաջ։ Ծրագրավորողների հետ արդեն ընկերացած լրագրողները նրանց ոգևորում և քաջալերում էին, քանի որ նրանք բավականին լարված և հուզված էին։ Ժյուրին ընտրելու էր չորս հաղթողի, որոնք հնարավորություն էին ստանալու մասնակցելու մենեջմենթի դասընթացի Մակեդոնիայում։

Ինչպես արդեն պատմել ենք, մենք հարցազրույցներ ենք ունեցել ծրագրավորողների հետ, ինչպես նաև այս օրերին բավականին լավ ենք հասցրել ծանոթանալ նրանց ծրագրերին, նպատակներին։ Զեկույցներից, երեք րոպեանոց հարց ու պատասխաններից հետո ժյուրիի անդամները, որոնց կազմում կային և՛ ծրագրավորողներ, և՛ լրագրողներ ու մեդիա ոլորտի մասնագետներ, առանձին քննարկում ունեցան։ Շուտով հնչեցին նաև հաղթողների անունները՝ Մարիո Վասիլ (իր Studentist հավելվածով), Ահդ Զլիխա (SmartGuard ծրագրով), Էնդրիտ Ռուշիթի (Applinka հավելվածով), Մանուել Կրաուս (Pocket Coach հավելվածով)։anttghzlc

Ձեզ պատմել ենք արդեն Studentist և Pocket Coach ծրագրերի մասին, իսկ Applinka-ն բնապահպանությանն ուղղված հավելված է։ Այն օգնում է մարդկանց լինել օգտակար շրջակա միջավայրի համար, ամեն օր առաջարկում է նոր առաջադրանքներ, օրինակ՝ սկսել օգտագործել վերամշակվող թուղթ՝ պլաստիկի փոխարեն, օգտագործել ձեռքով պատրաստված (handmade) ապրանքներ։ Ժյուրիի անդամները նշեցին, որ բնապահպանական այս հավելվածը շատ կարևոր կլինի մեր կյանքում։adhnzlc

Smart Guard ծրագիրը, եթե անկեղծ լինեմ, ինձ ամենաշատն է դուր եկել։ Այս ծրագրից օգտվելու համար պետք է ունենալ հավելված հեռախոսում և թևնոց։ Համակարգը ստեղծված է այն նպատակով, որ եթե թևնոց կրողը գտնվում է վտանգի մեջ, հավելվածը տեղյակ պահի նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև տեղեկություն հաղորդի տվյալ անձի գտնվելու վայրի մասին։ Թևնոցը հաշվում է սրտի զարկերը, այլ ֆիզիկական տվյալներ և համադրում է դրանք ձեր գտնվելու վայրի հետ։ Գտնվելու վայրը շատ կարևոր է, քանի որ եթե ունեք արագ սրտի աշխատանք, բայց գտնվում եք սպորտդահլիճում, հավելվածը չի ահազանգում ձեր մտերիմներին, սակայն եթե գտնվում եք այնպիսի շրջանում, որը կարող է վտանգավոր լինել, ձեր ընտանիքի անդամները կամ բոլոր այն մարդիկ, ում հեռախոսի հետ կապված է թևնոցը, ստանում են հաղորդագրություն ձեր՝ վտանգի մեջ գտնվելու մասին։

Հաղթողներին շնորհավորելուց հետո ուղևորվեցինք քաղաքը բացահայտելու։ Մի քանի ժամ ազատ էինք՝ մինչև երեկոյան միասին ընթրիքը։ Քայլեցինք քաղաքում, հուշանվերներ գնեցինք։ Իսկ ընթրիքը քաղաքի ծայրին գտնվող ասիական շատ համեղ ռեստորանում էր, որը մենք, ճիշտն ասած, հազիվ էինք գտել։ Այդ ռեստորանից մինչև Գերմանիայի սահմանը տասը րոպեի ճանապարհ էր, և մենք կատակներ էինք անում մի քիչ էլ քայլելու ու Գերմանիայում էր զբոսնելու մասին։

Դե, իհարկե, այդպես չարեցինք, վերադարձանք հյուրանոց, որպեսզի մեր իրերը հավաքենք, հանգստանանք։

Վաղը մեզ երկար ճանապարհ է սպասվում։