seda mkhitaryan

Զրույցներ Լուսնի հետ

Է՞ս ճանապարհը։ Գեղեցիկ է, չէ՞։

Հա, երկար է, գիտեմ։ Բայց ճանապարհը որքան էլ երկար, չի հոգնեցնի, եթե տանում է դեպի տուն։ Դեղին-դեղին ճանապարհը մեզ տուն է տանում։ Մեր տուն` գյուղ։

Էսօր կտեսնես այս գյուղը։ Շատ եմ պատմել։  Մեքենան անհարմար է։ Ամեն ուրբաթ օր այն ինձ տանում է։

Տես, մեր մտքերից այն կողմ աշուն է։ Հա, դա եղանակ է։ Մոռացել էի բացատրել։

Այստեղ ամեն ինչը բաժանում են։ Մասեր։ Տեսակներ։ Մաշկի գույն։ Ձևեր։ Տարիք։ Ամեն ինչ բաժանում են։ Մարդուն բաժանում են։ Էնքան բաժանում են, վերջում էդ մարդուց բան չի մնում։

Ճանապարհը ցեխոտ է, ուսիս բարձրացիր, որ չկեղտոտվես։ Քարեր էլ կան։ Շատ քարեր։ Էս գյուղի ունեցած միակ բանը քարն է։

Հասանք։ Նստիր։ Էս թախտին մենք ձմռան երեկոներին նստում ենք վառարանի կողքին, ամռանը` պատշգամբում ենք նստում։ Էլի էս թախտին։ Աշունը կատարյալ չէ։ Դեռ վառարանը տուն չեն բերել։

Էսօր կաթով սուրճ ենք խմելու։ Դեմ չե՞ս։

Սրանից համով բան չկա, հատկապես երբ մայրդ է պատրաստում։

Ինտերնետից անջատվելը դժվար գործ է։ Սպասիր նամակներիս պատասխանեմ։

Զգո՞ւմ ես էս հոտը։ Չորացող մասուրի հոտն է։  Մասուրի թեյ ես չեմ սիրում, բայց կուզեի սիրել։ Գաթա կուտե՞ս։

Դրսում հիմա նստել չարժե։ Կսառչենք։ Շատ ցուրտ է։ Խաղողի վազը տեսնո՞ւմ ես։ Էդտեղից էնքան սիրուն ես երևում։ Ամեն օր նայում էի քեզ այդտեղից։ Շատ սիրուն էր ամեն ինչ, երբ ամառ էր։ Հիմա ցուրտն է սիրուն։ Հիմա տերևներն են սիրուն։ Իսկ ամռանը` ամեն ինչը։

Աստղերը ինչո՞ւ դուրս չեն գալիս։ Քե՞զ են սպասում։ Գնո՞ւմ ես…