milana gevorgyan

Է՜ն կորած քաղաքը

Հրազդանը մերն է, մեր կորած ու մոռացված քաղաքը: Ավելին ասեմ՝ Կոտայքի մարզկենտրոնն է: Ժամանակին (1930-50 թթ.) Ախտա գյուղն էր: Հետագայում վերանվանվեց Հրազդան: Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր քաղաքում ապրում է 59 364 մարդ, բայց ընդամենը ասում են, էլի: Վաղուց են լքել Հրազդանը, թողել են ու ընտանիքներով գնացել այլ երկրներ, շատերն էլ` մայրաքաղաք: Մեր քաղաքում կա 290 հատ շենք: Անգույն ու սառը շենքեր են՝ ձանձրույթ են առաջացնում, որովհետև դատարկ են, ոչ ոք չի ապրում էնտեղ:

Չքայլես այստեղով, կվախենաս: Դու կվախենաս միայնությունից, մարդկանց անտարբերությունից: Դու կվախենաս, երբ չլսես երեխաների ծիծաղ, երբ ծեր մարդիկ բարձրաձայն չեն խոսի փողոցում: Դու կվախենաս, երբ տեսնես դատարկ բակեր: Կվախենաս, երբ առավոտյան աշխատանքի շտապող մարդկանց չհանդիպես: Վախենալու ես, բայց ես չեմ վախենա: Հրազդանցին չի վախենա:

Դու չես տեսնի մանկապարտեզներում վազվզող երեխաներին: Չես տեսնի ինչպես են պատանիները խմբերով ջերմ մթնոլորտում զրուցում: Չես էլ տեսնի հրազդանյան պապիկներին, ովքեր նստած սպասում են, թե երբ պիտի թոշակ ստանան ու բողոքում են կառավարությունից՝ իմանալով, որ ոչ ոք նրանց ձայնը չի լսելու: Ոչ մի բան էլ չես տեսնելու, ու գիտես՝ ինչո՞ւ: Որովհետև էսպիսի լավ երևույթները մեր քաղաքում թաքնված են: Հրազդանցու աչքեր են պետք տեսնելու համար: Հրազդանցու՝ ամեն տեղ մի նոր բան փնտրող աչքեր: Մեր քաղաքում սրճարաններ չկան, կինոթատրոն չկա, մի խոսքով՝ ժամանցի ոչ մի վայր չունենք: Մենք էլ ենք ուզում ֆիլմ դիտելու գնալ, նկարվել ու գցել Facebook: Դե հա, մեզ մոտ «կյանքը չի եռում», բայց մենք չենք ուզում մոռացված քաղաք ունենալ: Ագահ չենք, չէ, ու շատ բան էլ չենք պահանջում: Պարզապես ուզում ենք վառ գույներով ներկապնակ նվեր ստանալ ու ներկել մեր քաղաքի մութ անկյունները: