Ընդամենը ինը ամիս

Մեզնից յուրաքանչյուրի առօրյան տարբեր է, խնդիրները՝ նույնպես: Բայց այն, ինչ անհանգստացնում է ինձ, անհանգստացնում է ինձ նման շատերին, ովքեր, վստահ եմ՝ ի ուրախություն իրենց, այս տարի ավարտում են «սիրելի» դպրոցը:
Ի սկզբանե սրտովս չեն եղել ավագ դպրոցը, և այն ամենը, որ կապված է դրան: Սակայն, գաղափար չունենալով իմ ապագա մասնագիտության մասին, հրաժարվեցի քոլեջներից և երկարատև որոնումներից հետո ընդունվեցի ավագ դպրոց: Տասներորդ և տասնմեկերորդ դասարանները անցան համեմատաբար հեշտ և արդյունավետ: Չնայած, այդ էլ ասեմ, հոսքերի առկայությունը ոչ մի նշանակություն չունեցավ և ոչինչ չփոխեց: Սովորողը սովորեց նաև ոչ հոսքային առարկաները, չսովորողը չսովորեց նույնիսկ հոսքայինը: Իսկ հոսքային առարկաները տարբերվեցին մյուսներից միայն ժամաքանակի առավելությամբ: Ինչևէ:
Այս տարի պատկերը փոխվել է: Դպրոցը անիմաստ է, դասերը՝ անհետաքրքիր: Ոչ մի նոր բան չկա, ոչինչ չենք սովորում: Իրար ետևից երեք ժամ նույն առարկան է: Հոգնում ենք, ձանձրանում ենք: Եվ ի՞նչ: Բացակաների շեմը իջեցրել են, նորմալ բացակայել չենք կարողանում: Հետևաբար ստիպված մեր ժամանակն իզուր չկորցնելու համար պարապմունքները դասերի ժամերին ենք անում: Դա էլ դեռ հարց է՝ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Իմ ժամին ուրիշ առարկայի տետր տեսա, կպատռեմ,- ասում է ուսուցչուհիներից յուրաքանչյուրը:
-Ախր, չեմ հասցրել պարապմունքներս:
-Ե՞ս եմ մեղավոր: Դա ինձ չի հետաքրքրում:
Ամեն ինչ մեր դեմ է: Ոչ մեկը չի մտնում մեր դրության մեջ, ոչ մեկը չի ուզում հասկանալ: Այս իրավիճակը, վստահ եմ, ծանոթ է բոլոր տասներկուերորդցիներին:
-Ծանրաբեռնվածությունս էնքան շատ ա, որ քնելու ժամանակ չեմ ունենում: Պարապմունքներս սկիզբ ունեն, վերջ չունեն,- մի անգամ ասաց դասընկերներիցս մեկը և չսխալվեց:
-Ինչքան էլ ուզեմ դպրոցի բոլոր հանձնարարություններն անել, չի ստացվի: Դրանք մղվել են երկրորդ պլան: Ժամանակ չունեմ, գերհոգնածությունը դարձել է մշտական:
-Անվերջ տանջվում ենք, գոնե վերջում ընդունվենք:
Այս ամենը իրական է և սխալ նույնքան: Բայց քանի որ մենք ուրիշ տարբերակ չունենք, և անվերջ խոսելով այս համակարգի խնդիրների մասին, ոչինչ չենք կարողանում փոխել, մնում է՝ լցվենք համբերությամբ և համակերպված պարապենք, մինչև այս ինը ամիսները ի վերջո ավարտվեն: