Ընկեր Ռուզան

Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի

Երբ ինձ փոքր ժամանակ հարցրին, թե ի՞նչ եմ ուզում դառնալ, միանգամից պատասխանեցի.

- Ընկեր Ռուզան: 

Հարցազրույց՝ Ամասիայի մանկական արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի դասատու Ռուզաննա Մեռոյանի հետ:

-Ո՞ր երաժշտական դպրոցն եք հաճախել և քանի՞ տարեկանից:

-Ես հաճախել եմ Արմեն Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական  դպրոցի դաշնամուրային բաժինը, երբ դեռ յոթ տարեկան էի:

-Դպրոցական տարիներին ի՞նչ էիք երազում դառնալ և ի՞նչ մասնագիտություն ունեք հիմա:

-Երբ սկսեցի հաճախել երաժշտական դպրոց, դաշնամուրը և երաժշտությունը դարձան ինձ հոգեհարազատ ու մեծ ուրախությամբ և մանկական թրթիռով էի սպասում ամեն դասի սկսվելուն: Ահա  այս տարիքում  էլ ձևավորվեց իմ հետաքրքրությունը դեպի արվեստը: Ցանկանում էի դառնալ դաշնամուրի դասատու, իսկ արդեն քոլեջում սովորելու ընթացքում հմտացա և ընտրեցի դասատուի մասնագիտությունը, որով և զբաղվում եմ հիմա:

-Հիմա որտե՞ղ եք աշխատում և ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել:

-1981թվականից մինչև 2013 թվականը աշխատել եմ Գյումրու՝ այժմյան Ժան և Ալբեր Բողոսյանների անվան արվեստի քոլեջում: Միաժամանակ աշխատել եմ նաև Ամասիայի մանկական արվեստի  դպրոցում: Սակայն ծանրաբեռնվածության պատճառով չկարողացա  հասցնել երկու դպրոցները միաժամանակ և 2013 թվականին դուրս եմ եկել  Բողոսյանների արվեստի քոլեջից, իսկ այժմ աշխատում եմ Ամասիայի մանկական արվեստի դպրոցում:

-Ինչո՞ւ ընտրեցիք երաժշտական արվեստի բնագավառը:

-Մեր տունը գտնվում էր Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մոտ: Ես միշտ հաղորդակցման մեջ էի երաժշտության հետ: Դաշնամուրի ձայները, հնչյունները միշտ հնչում էին մեր տանը, և դպրոցի աշխույժ շարժը գրավեց ինձ: Քանի որ մայրս ի սկզբանե  ցանկություն ուներ ինձ երաժշտական դպրոց ուղարկելու, դրան նպաստում էր նաև այն, որ իմ մեջ մեծ ոգևորվածություն և ցանկություն կար, և  ես հաճախեցի երաժշտական դպրոց:

Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի

-Դուք բնակվում եք Գյումրիում, բայց երկար տարիներ դասավանդում եք Ամասիայի արվեստի դպրոցում: Աշխատատեղի՞ խնդիրն է, թե՞ սերը Ամասիայում գտնվող երեխաների հանդեպ, որ մինչ օրս այստեղ եք աշխատում:

-Ես իմ մասնագիտությունը և աշխատանքը շատ եմ սիրում, այդ պատճառով տարբերություն չեմ դնում տեղի հետ կապված: Քանի որ ներկայումս Գյումրիում աշխատատեղերը քիչ են, այդ պատճառով շարունակում եմ աշխատել Ամասիայում: Դրա հետ մեկտեղ համայնքում բնակվող երեխաների հետ աշխատելը ավելի հետաքրքիր է: Այնուամենայնիվ, այս գործը իրենից ներկայացնում է բարդ և պատասխանատու աշխատանք:

-Մենք գիտենք, որ ձեր սաները մասնակցում են հանրապետությունում կայացող         մրցույթ-փառատոններին: Ի՞նչ մրցանակերի են արժանացել և արդյո՞ք փառատոններին մասնակցելը որևէ ազդեցություն ունենում  է երեխաների  վրա:

-Այո՛, սաներս և՛ Գյումրիից, և՛ Ամասիայից մասնակցել և մասնակցում են հանրապետությունում  կայացվող մրցույթ-փառատոններին, ինչպիսիք են՝ «Վերածնունդ» միջազգային փառատոնը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան մրցույթ-փառատոնը: Սաներիս մեծ մասը արժանացել են շնորհակալագրերի, գովասանագրերի, իսկ 2011 թվականին կայացվող  Ալ. Սպենդիարյանի մրցույթ-փառատոնին  սանս արժանացել է դիպլոմի՝ 4-րդ տեղը գրավելու համար:

-Ձեր երեխաները շարունակե՞լ  են ձեր գործը:

-Ես ունեմ երեք աղջիկ: Երեք աղջիկներս էլ հաճախել են Ժան և Ալբեր Բողոսյանների անվան քոլեջը: Ավագ աղջիկս՝ դաշնամուրային բաժինը, միջնեկը՝ վոկալ-դաշնամուրային, իսկ կրտսերը՝ դաշնամուրային բաժինը: Բայց նրանցից միայն միջնեկ աղջիկս է շարունակել զբաղվել իմ գործով և ընտրել դաշնակահարի մասնագիտությունը:

-Եթե հնարավորություն լիներ, ի՞նչ կփոխեիք մեր կրթական համակարգում:

-Մեր կրթական համակարգում կցանկանայի փոխվեր պետական մարմինների վերաբերմունքը արվեստի դպրոցների նկատմամբ, ուղղորդություն և հոգածություն աշխատողների հանդեպ:

-Ո՞րն է արվեստի դպրոցի մանկավարժի դերը հասարակության մեջ:

-Երեխային կրթելը և դաստիարակելը, զարգացնել ճաշակ, արվեստի նկատմամբ՝  սերը, ահա այս է մեր՝ մանկավարժներիս դերը:

Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Մարիամ Ղուկասյանի

-Ի՞նչ կմաղթեք մեզ՝ ապագա սերնդին:

-Ձեզ մաղթում եմ՝ բարեկեցություն, հետաքրքրություն և մուտք դեպի դասական արվեստը, ճաշակի զարգացում, մաղթում եմ, որ գտնեք և զբաղվեք այն մասնագիտությամբ, որը ձերն եք համարում, և ամենակարևորը՝  հասնեք հաջողության այդ ոլորտում: Սա է իմ մաղթանքը: