anahit badalyan (kapan)

Փոքրիկ թամադան

Երբ Երևան եմ գնում, հորեղբորս տանն եմ ապրում: Արժանանում եմ գեղեցիկ ու հաճելի ընդունելության, և գրեթե միշտ ճաշակում եմ հորեղբորս կնոջ պատրաստած համեղ խմորեղենը: Սիրում ենք ժամերով զրուցել՝ սովորաբար իմ ապագայի ու կրթության մասին: Անին՝ հորեղբորս կինը, ինձ պես սիրել է անգլերենն, ու մենք նախասիրություններով շատ նման ենք: Ես միշտ հետաքրքրությամբ եմ լսում այն դրվագները, որոնք նա պատմում է իր դպրոցական ու համալսարանական կյանքից:

Հորեղբորս գեղեցիկ ընտանիքն ամբողջացնում են նրա երկու որդիները՝ Հենրին ու Ալենը: Նրանք փոքր են՝ 8 և 4 տարեկան: Ուզում եմ պատմել փոքրի՝ Ալենի մասին: Նա իր տեսակով այնքան տարբերվող է: Այդքան փոքր լինելով՝ նա կարողանում է տղամարդու նման զսպել արցունքները, պահպանել հավասարակշռությունն ու ափերից դուրս չգալ: Իր տարեկիցներին ոչ բնորոշ խաղաղասիրությամբ ու հանդարտությամբ է օժտված: Եվ որ ամենակարևորն է՝ մեծ ու բարի սիրտ ունի: Բայց Ալենի անհատականության մեջ ամենատպավորիչն ու ապշեցնողը նրա խոսքն է: Հիմա կզարմանաք. այդ տարիքի շատ երեխաներ դեռ ամբողջապես ձևավորված խոսք չեն ունենում, իսկ նա օգտագործում է այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «հատկապես», «առհասարակ», «ինքնըստինքյան»: Անգամ բազում մեծահասակներ են խուսափում իրենց խոսքում նման բառեր գործածելուց, իսկ նա կիրթ ու գեղեցիկ ձևով է դրանք արտահայտում: Բայց դա էլ դեռ ամենը չէ. նա անփոխարինելի հանդիսավար է: Երբ բոլորով սեղան ենք նստում, սեղանին պիտի պարտադիր խմելու ինչ-որ բան լինի, Ալենի բաժակը պիտի անպայման լիքը լինի: Նա լուռ վերցնում է իրենից մեծ այդ բաժակը, պատառաքաղով զարկում ու ասում.

-Պա՜պ, կենաց եմ ուզում…

-Ասա, բալես,- պատասխանում է հորեղբայրս:

Ու անկախ նրանից, թե ինչ առիթով ենք հավաքվել, ինչ թեմաներից ենք խոսում ու ինչ ենք քննարկում, նրա կենացը մեկն է ու անփոփոխ.

-Մամային, պապային չջղայնացնե՛ք:

Ամեն անգամ, երբ նա այսպես է ասում, ամբողջ մարմինս փշաքաղվում է: Բոլորը համակ ուշադրությամբ լսում են նրան. նա մեր սեղանի փոքրիկ թամադան է: