anahit baghshetsyan

Թաքնված Երևանը

Եկել է ամառը՝ շոգ ու տապով լցված։ Միշտ սպասում եմ ամռանը, սակայն, երբ նա, իրականացնելով իմ սպասումները, գալիս է, ես նրան դիմավորում եմ դատարկաձեռն՝ ոչ մի պլան չեմ ունենում։ Եթե դու էլ չգիտես՝ ինչով լցնել այս ամառը, ուրեմն ճիշտ հասցեով ես եկել։ Կփորձեմ պատմել՝ ինչով կարելի է զբաղվել ամռանը Երևանում։

Առաջին հերթին պետք է ծանոթանալ Երևանի հետ։ Հիմա դու մտածեցիր, որ շատ լավ գիտես Երևանի փողոցները, «Մոսկվա» կինոթատրոնը, Հյուսիսային պողոտայի խանութներն ու Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկի ցայտաղբյուրը։ Դա չի նշանակում, որ դու ծանոթ ես Երևանին։

Գործը սկսելու համար առաջին հերթին պետք է հայտնվել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում։ Հետո հագնել ականջակալներն ու բարձր միացնել Ֆորշի կամ Հախվերդյանի կատարումներից մեկը, լայն ժպտալ ու քայլել։ Ուշադիր նայիր շուրջդ։ Կտեսնես շտապող մարդկանց, սրընթաց մեքենաներ, գեղեցիկ շենքեր ու քեզ նման շատերին։

Հետո ընտրիր ցանկացած անկյուն ու թեքվիր ձախ։ Դու դեռ Երևանում ես, բայց հիմա արդեն մեկ ուրիշ Երևանում։ Հիմա կանգնած ես բնակելի շենքերի գրկում։ Արտաքուստ դրանք ոչնչով չեն տարբերվում, սովորական շենքեր՝ սովորական բնակիչներով։ Ամենայն հավանականությամբ, կնկատես մի ֆուտբոլի դաշտ կամ սովորական երեխաների խումբ։ Մոտեցիր, հետևիր խաղին կամ միացիր նրանց։ Կսկսվեն վեճեր, որոնց նպատակը կլինի պարզել, թե ում թիմից ես դու լինելու։ Դու կլինես այն փոքրիկի թիմում, ում ձեռքին գնդակն է, քանի որ նա է որոշում ամեն ինչ։ Հետո դու չես կարողանա ճիշտ «պաս» տալ, միգուցե քեզ սխալ «պաս» տան ու սկսվի վեճ, բայց այն արագ կավարտվի, ու բոլորը կհաշտվեն։

Քիչ անց դուք կհոգնեք խաղից, փոխարենը՝ կսկսեք խաղալ «գործնագործ» կամ «հալամուլա»։ Խաղը սկսելուն պես Դավիթի, Հայկի կամ Աննայի մայրիկը կբացի պատուհանը ու կկանչի նրանցից մեկին տուն՝ ճաշելու։ Դավիթը, Հայկը կամ Աննան կխնդրեն հավելյալ տասը րոպե անցկացնել բակում։ Խնդրանքը կմերժվի, ու նրանք տխրադեմ կբարձրանան տուն։ Քանի որ մեկը գնաց, ստիպված են գնալ նաև մյուսները, ու դու կմնաս միայնակ։ Վստահ եմ՝ կողքովդ կանցնի մի տարեց մարդ՝ բարձր գոռալով՝ ժավելի՜ սպիրտ։ Նրա գոռոցները կմնան անպատասխան, ու նա լուռ կկորի քո տեսադաշտից։

Շնորհավորում եմ։ Դու ծանոթացար թաքնված Երևանի մի անկյունին, այն մեկին, որի մասին քչերը գիտեն։

Հագիր ականջակալներդ, բարձր միացրու Ֆորշի կամ Հախվերդյանի կատարումներից մեկն ու դուրս արի փողոց։ Կտեսնես շտապող մարդկանց, սրընթաց մեքենաներ, գեղեցիկ շենքեր ու քեզ նման շատերին։ Քո Երևանյան խճանկարին կավելանան ֆուտբոլի դաշտը, գնդակը, կռվարար փոքրիկները, նրանց մայրիկներն ու երևանյան բնակելի շենքերը՝ սովորական բնակիչներով…