Թիֆլիսի հայկականը

Լուսանկարը` Միլենա Մովսիսյանի

Լուսանկարը` Միլենա Մովսիսյանի

Եթե զբոսնեք Թիֆլիսի փողոցներով, անկասկած կհանդիպեք գոնե մեկ հայի: Պահպանելով մեր ազգի ինքնությունն ու դիմանկարը՝ թիֆլիսահայերը ամեն քայլափոխի կգտնեն ձեզ՝ իրենց հայրենակիցներին, ու անպայման կառաջարկեն իրենց օգնությունը ցանկացած հարցում:

Հայերն այստեղ բնակություն հաստատել են դեռևս 3-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր Սասանյան Իրանի և Բյուզանդիայի միջև, և նրանք, փախչելով ծանր պայմաններից, ստիպված էին հեռանալ հայրենի երկրից:

Նույնիսկ 19-րդ դարի սկզբներին Թիֆլիսի բնակչության մեծամասնությունը հայեր էին, ովքեր հիմնականում կենտրոնացած էին Հավլաբար թաղամասում: Ասվածի մասին վկայում է թաղամասի ծայրին գտնվող Խոջիվանք դամբարանը, որն ի սկզբանե պատկանել է Բեհմության ընտանիքին: Հետագայում այստեղ թաղվում են նաև հայ հասարակական գործիչներ:

Լուսանկարը` Միլենա Մովսիսյանի

Լուսանկարը` Միլենա Մովսիսյանի

1921 թ.-ից Թիֆլիսի իշխանությունը, տեսնելով, որ մեծ ազգային և մշակութային ժառանգություն է դառնում այս վայրը, արգելում է հուղարկավորությունները: Եթե դուք այստեղ լինեիք 1931թ.-ին, սարսափելի տեսարանի ականատես կլինեիք. Լավրետի Բերիայի հրամանով քանդում էին գերեզմանները, հանում մասունքները, իսկ քարերն օգտագործում շինարարության մեջ: Հայ համայնքի շարունակական բողոքի ցույցերը կասեցնում են այդ ամենը: Բայց ավերումների երկրորդ փուլը սկսվում է 1935թ.-ին, երբ վրացիները պատրաստվում էին իրենց մայր եկեղեցին կառուցել: Վերցնում են Խոջիվանքի տարածքի զգալի մասը, և անտեսելով հայ համայնքի բողոքները՝ հենց մասունքների վրա գցում եկեղեցու հիմքերը: Նշեմ, որ վրացիների մայր եկեղեցին՝ Ծմինդա Սամեբան (Սուրբ Երրորդություն), ունի 5000 քառակուսի մետր մակերես, կարող է տեղավորել 15.000 մարդ, գմբեթը ոսկեջրած է, իսկ բարձրությունը (3-րդ հարկի) հատակից 101 մետր է, ինչի շնորհիվ երևում է Թիֆլիսի ամեն անկյունից:

Այսօր Խոջիվանքը բարվոք վիճակում է գտնվում, տարածքի բարեկարգմանը հետևում են Թիֆլիսի քաղաքապետարանը, հայ համայնքը և երկու միջազգային կազմակերպություն:

Հայերն ունեցել են 40 հայկական դպրոց, որոնցից այժմ երկուսն են գործում՝ մեկը հայկական, մյուսը՝ կիսահայկական:

Լուսանկարը` Միլենա Մովսիսյանի

Լուսանկարը` Միլենա Մովսիսյանի

Հայերը Թիֆլիսում կառուցել են տասնյակ հայկական եկեղեցիներ, որոնք ժամանակի ընթացքում կա՛մ խոնարհվել են, կա՛մ հիմա չեն գործում, կա՛մ վրացականացվել են: Հիսուն եկեղեցիներից գործում են միայն երկուսը՝ Ս. Գևորգը և Նոր Էջմիածինը:

Ս. Գևորգ եկեղեցին, որ գործում է Թիֆլիսի օրենքներով, բայց ենթարկվում Ամենայն հայոց կաթողիկոսին, կառուցվել է 12-13-րդ դարերում, նույն տարածքում հայտաբերված 7-րդ դարի հայկական մատուռի ավերակների վրա: Եկեղեցու բակում կտեսնեք հայ գեներալների, ինչպես նաև Սայաթ-Նովայի գերեզմանը: Նրա հայրն այստեղ մոմավաճառ է եղել, և հայ աշուղն իր հոգևոր գործունեությունը հենց այս եկեղեցում է սկսել:

1805 թ.-ին հայ համայնքը ի նշան միասնականության և համախմբան, կառուցում է ևս մեկ եկեղեցի, որն ի պատիվ Ս. Էջմիածնի՝ անվանում են Նոր Էջմիածին՝ ցույց տալու կապը Հայաստանի հետ:

Ինը եկեղեցիներ էլ համարվում են վիճարկելի (պարզում են՝ հայկական են, թե վրացական), որոնցից մեկը Սուրբ Աստվածածինն է: Դատական գործը հօգուտ հայերի է լուծվում, քանի որ եկեղեցու պատերին առկա են հայկական քանդականախշեր, իսկ հետնամասում հայ ընտանիք կա թաղված:

Երբ կզբոսնեք հայկական Հավլաբար թաղամասում, խանութների և շենքերի պատերի ներքևի մասում կնկատեք հայատառ արձանագրություններ: Խոջիվանքում հայ հայտնիների գերեզմաններին ծաղիկներ խոնարհելուց հետո անպայման մոմ վառեք հայկական գործող երկու եկեղեցիներում, դրանք բարձրահարկ չեն և շքեղ տեսք էլ չունեն, բայց այդտեղ հայի շունչն ու ոգին կա։