European Youth Press` հնարավորություններ երիտասարդ լրագրողների համար

Ավստրիայում մասկանցելով Media Moving Forward ծրագրին՝ որոշեցի բաց չթողնել հնարավորությունը և հետաքրքիր զրույց ունենալ մեր ծրագրի կազմակերպիչ, European Youth Press-ի ծրագրերի ղեկավար Մարտին Մաշկայի հետ։

-Ներկայացեք խնդրեմ, պատմեք Ձեր, Ձեր մասնագիտության, European Youth Press-ում Ձեր աշխատանքի մասին։

-Ես Մարտին Մաշկան եմ, սովորել եմ միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն, դա է իմ մասնագիտությունը, սակայն մինչ դա սովորել եմ լրագրություն նույնպես։ Աշխատում եմ European Youth Press-ում արդեն հինգ տարի է։ Սկսել եմ որպես մասնակից, հետո ընտրվել եմ ֆինանսների և ծրագրերի պատասխանատու։ Հիմա աշխատում եմ որպես ծրագրերի ղեկավար, գրում եմ ծրագրեր, պատասխանատու եմ դրանց կազմակերպման, ադմինիստրատիվ հարցերի և նեթվորքինգի համար։

-Պատմեք Youth Press-ի մասին, ի՞նչ կազմակերպություն է դա, ե՞րբ է ստեղծվել և ինչպես է աշխատում։

-European Youth Press-ը Եվրոպայում գործող մեդիա կազմակերպությունների ցանց է, ստեղծվել է 2004 թվականին երեք կազմակերպությունների՝ Youth Press Germany, Youth Press Austria, Youth Press Switzerland-ի կողմից։ Կային նաև այլ կազմակերպություններ, որոնց թիվը գնալով աճում և աճում է։ Այժմ մենք ունենք 29 անդամ կազմակերպություն 26 եվրոպական երկրներից, ներառյալ Հայաստանը։ Մենք նաև փնտրում ենք նոր կազմակերպություններ ոչ միայն Եվրոպական միությունից, մենք կապ ենք հաստատում մեդիա կազմակերպությունների միջև ԵՄ-ում, ԵՄ-ից դուրս, արևելյան և արևմտյան Եվրոպայում։ Ունենք նաև երկու կոմիտե, որոնցից մեկը կոչվում է Menac, այն կենտրոնացված է Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի վրա: Նրանք այժմ բլոգ են հրապարակում, բայց կարող են նաև ծրագրեր իրականացնել այդ շրջանում։ Երկրորդ կոմիտեն Orange magazine-ն է, որը օնլայն ամսագիր է։ Մենք համագործակցում ենք որոշ կազմակերպությունների հետ, և երբ նրանք կազմակերպում են որևէ մեդիա-ֆորում, մենք ընտրում ենք լրագրողներ, որոնք գնալու և լուսաբանելու են տվյալ միջոցառումը։ Դա էլ մենք հրապարակում ենք ինչպես Orange Magazine-ում, այնպես էլ մեր կայքում։

-Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Youth Press-ը։

-Մենք կազմակերպում ենք 7-9-օրյա դասընթացներ, որոնք ներառում են սեմինարներ և վորքշոփեր, բայց կարևորագույն մասը հենց թղթակցությունն է։ Մենք մարդկանց տալիս ենք տարածք մեդիայի հետ աշխատելու համար, օրինակ՝ դուրս գալ փողոց և հարցազրույցներ անել այն ֆորմատով, ինչպես որ կուզեն, նկարել վիդեոներ, դոկումենտալ ֆիլմեր։ Այսինքն՝ կարևորը մնալ դասընթացի թեմայի շրջանակներում, իսկ թե ինչպես կներկայացնեն՝ ընտրում են մասնակիցները։ Օրինակ՝ հիմա, մեր թեման է՝ թվային տեխնոլոգիաները և հավելվածները, այլ թեմաներ ծրագրերի համար կարող են լինել մարդու իրավունքները, միգրացիան, մեդիագրագիտությունը, մեդիայի ազատությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, առաջնորդությունը՝ ինչպես գտնել փող ծրագրեր իրականցնելու համար և այլն։ Այսինքն՝ մեր ծրագրերը լինում են ոչ միայն լրագրողների համար, թե ինչպես թղթակցել, այլ նաև մեդիա կազմակերպությունների առաջնորդների, թե ինչպես զարգացել իրենց կազմակերպությունը, ինչպես փող գտնել լրագրողական ծրագրեր իրականացնելու համար, ինչպես սկսել դրանք, կառավարել։ Մեր ամենայուրահատուկ ծրագիրը, որը կարող եմ առանձնացնել European Youth Media Days-ն է, որը տեղի է ունենում ամեն տարի Եվրախորհրդարանում։ Հրավիրում ենք հարյուր լրագրողների, որոնք անցնում են ինտենսիվ վորքշոփ տպագիր մամուլի, հեռուստատեսության, մուլտիմեդիայի, ֆոտոյի բնագավառներում։ Նրանք ընտրում են թեման, կատարում որոշակի աշխատանք, իսկ վերջում էլ զեկույց ներկայացնում։

-Ո՞րն է Youth Press-ի առաքելությունը, գաղափարը։

-Մեր առաքելությունը սոցիալական պատասխանատու մեդիայի ձեռքբերումն է, մեդիայի ոլորտում աշխատողների ձեռքբերումը, պատրաստումը, որոնք էլ պետք է նպաստեն հասարակության զարգացմանը այն երկրներում, որտեղ իրենք գործում են։ Երկրորդ մասն այն է, որ մենք ուզում ենք կրթել քաղաքացիներին՝ հասկանալու մեդիան, այդ պատճառով էլ մեդիագրագիտությունը մեր հիմնական առաքելությունն է։ Որպես հիմնական առաքելություն՝ մենք նշում ենք երեքը՝ կրթություն (ոչ ֆորմալ կրթությունը՝ մարդկանց տալու թղթակցելու գիտելիքներ և հմտություններ, մեդիագրագիտություն), նեթվորքինգ` տարբեր երկրների համանման կազմակերպությունների միջև կապերի ստեղծում և զարգացում (կապել մարդկանց տարբեր երկրներից, նրանց տալ հնարավորություն սովորելու մեկը մյուսից, համագործակցելու, որովհետև յուրաքանչյուր երկիր տարբեր փորձ ունի), ունակությունների զարգացում (կազմակերպությունը մասնակցում է ոչ թե մեկ թրեյնինգի, այլ շարունակում է իր համագործակցությունը Youth Press-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս տվյալ կազմակերպությանը աճել ու աճել, ինչպես նաև հետագայում դառնալ ոչ թե մասնակից, այլ կազմակերպիչ)։

-Ի՞նչ ապագա պլաններ ունի Youth Press-ը։

-Այս տարի իրականացնելու երեք ծրագիր ունենք․ Training on data journalism Բեռլինում, European Youth Media Days՝ Բրյուսելում, Training on NGO development՝ Պոդգորիցայում։ Մյուս տարի իրականցվելիք ծրագրերի վրա մենք դեռ աշխատում ենք։ Այս ծրագրերը պետք է լինեն շարունակական, այսինքն՝ ոչ թե մեկը, այլ նույնը՝ մի քանի անգամ։ Թվարկածս ծրագրերը, հավանական է, որ կիրականացվեն մյուս տարի նույնպես։ Խոսելով մեր ապագա պլանների մասին՝ կուզենայի նշել նմանատիպ ծրագրերի մասին այլ եվրոպական կառույցներում։ Մենք խոսում ենք Եվրոպական աուդիտորների պալատի (European Court of Auditors) մասին, այս կառույցը նույնպես հետաքրքրվում է նմանատիպ գործունեությամբ և իրականացնում է միջոցառում երիտասարդ լրագրողների համար Լյուքսեմբուրգում։ Ինչպես նաև մենք փնտրում ենք նոր համագործակցություններ մեդիա կազմակեպությունների հետ։ Ունենք նաև փոխականման ծրագիր պրոֆեսիոնալ մեդիա ոլորտում աշխատողների համար։ Ծրագրի հիմքում ընկած է տարբեր երկրների մեդիա կազմակերպությունների միջև համագործակցությունը։ Հինգ հոգանոց լրագրողների խումբը մի երկրից գնալու է մեկ այլ երկիր՝ աշխատելու մի որևէ խմբագրությունում կոնկրետ թեմայի վրա, և երկրորդ երկրից էլ մի խումբ գնալու է առաջինը։ Սա պարզապես փոխանակում է երկու երկրների մեդիա աշխատողների միջև։ Մեկ այլ պլան է European Youth Press քարտի ստեղծումը, որը շատ օգտակար կլինի, քանի որ շատ երկրներում իսկապես դժվար է լրատվամիջոցի քարտ ստանալը, իսկ այս մեկը կունենա նույն չափանիշները բոլոր երկրների համար։ Սա մեր ամենաերկարաժամկետ պլանն է, քանի որ շատ ժամանակ է պետք դրա վրա աշխատելու համար։ Այնուամենայնիվ, առաջնային պլանը ավելի ու ավելի շատ համագործակցություններ, ծրագրեր ունենալն է։

-Անդրադառնանք այս ծրագրին՝ Media Moving Forward: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս թեման։

-Այստեղ պատմություն կա դրա հետևում․ 2015 թվականին մենք դարձանք European Youth Award փառատոնի գործընկեր, ես հրավիրվեցի Գրաց՝ տեսնելու, թե ինչպես է իրականացվում փառատոնը, անելու որոշ հարցազրույցներ։ Այնտեղ մենք մտածում էինք նոր, ավելի շատ լրագրողներ ունենալու մասին, բայց չունեինք ոչ մի հովանավոր, ֆինանսավորող։ Եվ այդ ժամանակ ես մտածեցի գրել Erasmus + ծրագիր, որն էլ թույլ կտար լրագրողներին՝ գնալ Գրացի փառատոնին։ Այնտեղ լինելու են նաև սեմինարներ, վորքշոփեր, որոնք կարճ են լինելու։ Այդ պատճառով էլ որոշեցի, որ դա գուցե բավարար չէ, և մեզ պետք է մեկ այլ թրեյնինգ, որը կնախապատրաստի լրագրողներին դրան։ Այդպես էլ զարգացավ այս ծրագրի գաղափարը, որի հիմնական նպատակն է՝ թույլ տալ լրագրողներին մասնակցելու այդ փառատոնին և լուսաբանելու այն։

-Քանի՞ երկիր և կազմակերպություն է մասնակցում այս ծրագրին։

-Այստեղ են 45 մասնակիցներ 9 եվրոպական երկրներից, ամեն երկրից՝ մի կազմակերպություն, իսկ Ավստրիայից՝ երկուսը, որոնք էլ կոորդինացնում են այս ծրագիրը և կապը European Youth Award-ի հետ։

-Ինչո՞վ է այս ծրագիրը կարևոր մասնակիցների համար։

-Կարծում եմ՝ նրանք իսկապես կարող են ինչ-որ նոր բան սովորել, շատ կարևոր է նաև հասկանալը, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները և հավելվածները զարգացել այս տարիների ընթացքում և գրել դրա մասին սեփական ձևով։ Դա կարևոր է, որովհետև հիմա շատ են թյուրըմբռնումները այն բանի, թե ինչպես է այս ամենն աշխատում։ Այս թեմայով այդքան էլ շատ չեն լրագրողական թրեյնինգները, այդ պատճառով եկեք անենք նման մի բան, և անենք դա՝ համագործակցելով European Youth Award-ի հետ։ Ձեր հոդվածների միջոցով դուք կարող եք նաև կրթել այլ մարդկանց։ Երբ դու ծրագրավորող ես, դու մտածում ես այն ձևով, որով սովոր ես մտածել դեռևս համալսարանից՝ տեխնիկական ձևով, բայց մյուս մարդիկ չունեն այդ կրթությունը, որպեսզի հասկանան ծրագրավորողների մտքերը։ Այս պարագայում լրագրողները պետք է լինեն միջնորդը այս կոմունիկացիայի, նրանք պետք է թարգմանեն այս ամենը ավելի ընդհանուր լեզվով։ Երբ լրագրողները սովորեն, թե ինչպես են ծրագրավորողները մտածում, լսեն նրանց զեկույցները և հասկանան, նրանք կարող ենք նաև հանրամատչելի դարձնել այլ մարդկանց համար։