davit avagyan

Իմ մտքինն ուրիշ էր …

Մեր` Բաղանիս գյուղի պապիկներից մեկը պատմում է.

-Ոսկեպարցի մի խումբ մարդիկ միասին արտհունձ են կատարում: Կեսօր է: Հանգստանում են ու ուզում են հաց ուտել:

Այդ ժամանակ Կոթի գյուղացի երկու մարդ ամառանոցից սայլով  յուղ ու պանիր են տանում: Նրանց ճանապարհը Ոսկեպարի հանդամասով է անցնում: Հնձվորները պանիր են խնդրում, սակայն մերժում են` ասելով, իբր հանրային ունեցվածք է, ո՞վ պատասխան կտա պակասորդի համար: Ապա շարունակում են իրենց ճանապարհը: Հնձվորները նայում են Հարություն քեռուն և հարցնում.

-Սայլորդները տեղ կհասնե՞ն:

Ասում են, որ Հարությունը աչք տվող է: Վերջինս խորհուրդ է տալիս հանգստանալ, հաց ուտելը հետաձգել: Այդպես էլ անում են: Չանցած 15 րոպե. օգնության ձայներ են լսում: Հնձվորները վազում են և տեսնում սայլն անդունդից գլորվել է, եզներից մեկը սատկել է, յուղ ու պանիրը տակառներից թափվել:

Օգնում են, հավաքում, տակառները սայլին բարձում, եզը մորթում: Ապա միս ու պանիր են բերում և ճաշի պատրաստություն տեսնում: Բոլորը կրկին Հարություն քեռուն են նայում, նա մեղմ խորհրդավոր ժպտում է և ասում.

-Հիմա արդեն հաց ուտելու ժամանակն է,- այնուհետև շարունակում է,- լավ ազատվեցին, մաղարիչի տեղ ունեն կոթեցիները:

-Իմ մտքինը ուրիշ էր: Աչքիս ուժը գնացել է, սայլվորներից մեկը պիտի զոհվեր,- եզրափակում է միտքը Հարություն քեռին: