Ինչն է ինձ հուզում Աբովյան քաղաքում


Ինձ հուզում են ավտովթարները, գողությունները, սպանությունները, և անչափ հուզում է մեր երկրի բնակչության սոցիալական վիճակը: Ցավոք, հիմա բոլոր տեղեկատվական աղբյուրներով ես տեղեկանում եմ ավտովթարների և սպանությունների մասին, որոնք մի քանի րոպեն մեկ տեղի են ունենում, իսկ Հայաստանի բնակչության վիճակը միշտ ծանր է: Կան այնպիսի մարդիկ, որոնց հեռուստացույցով տեսնելիս հասկանում ես, որ իրենց համար երջանկությունը գումարի մեջ չէ, նրանք գտնվում են ծանր սոցիալական դրության մեջ, բայց իրենց դեմքից ժպիտը չի պակասում:
Ինձ հուզում է նաև, թե ինչու են մարդիկ միմյանց նկատմամբ վատ վերաբերվում: Դրսում հաճախ նկատում եմ, թե ինչպես են միմյանց վիրավորում տղաները, և ցավոք, արդեն նաև աղջիկները:
…Ու բամբասանքը, ինչն ուղղակի տանել չեմ կարողանում:

Անժելիկա Աղասարյան

***

Աբովյան քաղաքում ապրելով՝ անհնար է չնկատել քաղաքի խնդիրները: Եվ երբ շրջապատված ես լինում այդ խնդիրներին զոհ գնացող մարդկանցով, այդ խնդիրներն ակամա դառնում են նաև քոնը:
Հանրակացարաններում ապրող ընկերուհիներ և ծանոթներ ունեմ, տեղյակ եմ այդ շինություններում ապրող մարդկանց սանիտարահիգիենիկ պայմաններից, դրանք անմարդկային են:
Ընկերուհիս ապրում է նման հանրակացարաններից մեկում: Ընտանիքի աշխատողները մայրն ու ինքն են: Բնակարանը շատ փոքր է, ընդամենը մեկ սենյակ` չորս հոգու համար: Հանրակացարանի շինությունը այնքան էլ ապահով չէ բնակչության համար: Ամեն անգամ սեփական սենյակի կամ գոնե սեփական մի փոքր անկյան մասին խոսելիս՝ ընկերուհիս ընկճվում է: Մյուս հարցերում նա նույնպես շփվող բնավորություն չունի… Կարծում եմ, դա իր ապրելակերպի բացասական ազդեցությունն է իր վրա:
Չէի ցանկանա, որ որևէ մարդ ապրեր այդպիսի պայմաններում. դա անարդար է, նրա հայրն իր կյանքն է զոհել հանուն հայրենիքի անկախության և բարօրության համար, իսկ նա հիմա ապրում է զուրկ այդ բարօրությունից և հորից…

Արմենուհի Ավագյան

***

Ինձ հուզում են սպորտային խնդիրները, հատկապես լող մարզաձևի: Օրինակ, թե ինչու Աբովյան քաղաքում և ընդհանրապես մարզերում չկան սպորտային դպրոցներ: Որտեղ էլ որ կան ու գործում են, չեն կազմակերպում մրցույթներ, թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային մասշտաբներով: Կամ օրինակ, հնարավո՞ր է, վճարելով տասը հազար դրամ և ամիսը մարզվելով տասներկու անգամ, դառնալ լողորդ և մասնակցել մրցումների:
Ինձ հուզում է նաև այն հանգամանքը, որ հեռավոր գյուղերում ապրող երեխաները տրանսպորտ չլինելու պատճառով չեն կարողանում հաճախել որևէ մարզաձևի պարապմունքների:

Դավիթ Հարությունյան

***

Ինձ հուզում են դավաճանությունները: Իմ տարեկիցների շրջանում հաճախ են հանդիպում ընկերական դավաճանությունները: Հավատարիմ ընկեր լինելը դժվար է, բայց…
Հուզում է նաև լքված և ծնողազուրկ երեխաների ճակատագիրը, անգամ միակողմանի ծնողազուրկ լինելը: Իմ շրջապատում կան այսպիսի երեխաներ: Ցավոք, նրանք զրկված են պետական հոգածությունից, ապրում են դժվարին պայմաններում, սակայն շրջապատին փորձում են ցույց չտալ իրենց խնդիրները:
Ես հուսով եմ, որ մի որ բոլոր այն խնդիրները, որոնք լուծումներ չունեն՝ կլուծվեն: Անապահով ընտանիքների հարցը կարծում եմ հուզում է բոլոր մարդկանց: Հաճախ ենք հեռուստացույցով տեսնում այս ընտանիքներին, որոնք փորձում են օգնություն գտնել: Նրանք մեծ կամքի տեր են, նրանց մոտ հույսը վերջինն է մահանում:

Գոհար Հակոբյան

***

Ճիշտ է, ես երբևէ չեմ ցանկացել անդրադառնալ այս թեմային, բայց կարծում եմ` պետք է: Մարդիկ սկսել են կեղծավորություն անել: Չգիտեմ ինչու են այն մարդիկ, ովքեր ինչ-որ առավելություն ունեն մյուսներից, ավելի վեր իրենց դասում: Ես դա չեմ սիրել երբեք: Եղել են դեպքեր, երբ ես շփվել եմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր անկեղծ չեն եղել ինձ հետ, և ես, իմանալով այդ մասին, այլևս չեմ ցանկացել նրանց հետ շփվել: Բոլոր մարդիկ էլ ունեն գաղտնիքներ, բայց դա ոչ մի կապ չունի անկեղծ լինելու հետ: Պետք է կարողանալ պահել գաղտնիքները, բայց ազնիվ մնալ: Կեղծավորություն անելով մարդիկ հասնում են բարձունքների, բայց դա երկար չի տևում: Լավ կլինի, որ բոլորը գիտակցեն, որ ազնիվ լինելն ավելի կարևոր է: Լինելով ազնիվ և՛ քեզ կօգնես, և՛ կողքիններիդ չես հիասթափեցնի: Կեղծավոր մարդիկ շատ կան, ազնիվ պետք է լինել…

Գրիշա Շաբուրյան