anna Baghdasaryan lori

Ինչու ենք սիրում սեպտեմբերը

Միշտ կարծել եմ, որ յուրաքանչյուր երեխա ուսումնական տարվա վերջում շատ ուրախ է լինում, որ վերջապես ազատվում է դպրոցից: Թեև շրջանավարտները տխրությամբ են թողնում հարազատ դպրոցը, բայց միջին դասարաններում սովորող յուրաքանչյուր երեխա ուրախությունից պարում է այդ առիթով: Բոլոր աշակերտների համար ամառն ասես մի կարճ դասամիջոց լինի, որովհետև շատ արագ է անցնում, ու ոչ բոլորն են կարողանում ճիշտ դասավորել իրենց ամառային հանգիստը: Օրինակ՝ ես, այնքան հագեցած ամառ եմ ունեցել, որ, ցավոք, ամբողջ ամառվա ընթացքում ընդամենը 2 նյութ եմ գրել: Կարելի է ասել՝ ամբողջ ամառս անց եմ կացրել ճամբարներում, որտեղ ձեռք եմ բերել հարյուրավոր ընկերներ: Նաև ընտանիքիս հետ գնացել եմ հանգստանալու:

Այս ամառ մեծ ձեռքբերումներ ունեցա, օրինակ՝ կատարվեց իմ երկար սպասված երազանքը ու չնայած, որ ես 13 տարեկան եմ՝ դարձա պատանի լրագրող: Հիմա արդեն մի քանի օր է մնացել նոր ուսումնական տարվա սկզբին, ու ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կգնամ դպրոց ու կհամարվեմ արդեն 8-րդ դասարանի աշակերտուհի:

Բոլոր երեխաներն այդպես են: Կարծում եմ՝ երբ նոր հագուստ, նոր գրքեր ու գրենական պիտույքներ են ունենում, մեծ անհամբերությամբ են սպասում դպրոցին:

Ուզում եմ, որ «այս տարի իսկապես լավ եմ սովորելու» խոստումն ի կատար ածվի: