anahit badalyan (kapan)

Շնորհավոր Տասնյոթդ

Սեպտեմբերի մեկ, ժամը՝ 00: 00:

-Ալո, Ա՞ն, առաջինն եմ, չէ՞:

-Հա՜, հա՜, առաջինն ես:

Ու միայն իմ՝ նրա ծննդյան օրը առաջին շնորհավորողը լինելու փաստում համոզվելուց հետո շարունակում եմ.

-Անս, քեզ ցանկանում եմ…

Արդեն չորս տարի՝ սեպտեմբերի մեկին նախորդող գիշերը ես չեմ քնում: Նախ զանգում եմ նրան, շնորհավորում, իսկ հետո պառկում եմ ու ամբողջ գիշեր երևակայությանս մեջ գծագրում նրա օրը՝ ամենաուրախն ու ամենասիրունը:

Ես ու ընկերուհիս ծանոթացել ենք տարիներ առաջ ճամբարում: Ճամբարի ընթացքում իրար առանձնապես չնկատած ու ճամբարից հետո միայն իրար վերագտած ընկերներ ենք մենք: 60 կմ հեռավորության վրա ապրող, բայց 60 վայրկյան անգամ իրարից անտեղյակ չմնացող, չափազանց տարբեր ու անբացատրելի նման ենք մենք: Մենք հանդիպում ենք տարին երկու անգամ՝ իմ և նրա ծննդյան օրերին: Եվ մի հանդիպումից այնքան հուշեր ենք կուտակում, որ հերիքում է մինչև հաջորդ հանդիպումը:

Հեռու լինելը ամենևին չի խանգարում, որ մյուսների պես կռվենք ու հաշտվենք: Հեռախոսով լսած «ալո»-ն միայն բավական է, որ նկատեմ՝ մի տեսակ է: Կես բառից հասկանալն արդեն շատ դյուրին է: Դժվար է ասել՝ իրար մոտ ապրելու դեպքում այսքան մտերիմ կլինեինք, թե չէ: Մեր կարճ հանդիպումների ժամանակ միմյանց ենք նվիրում մեր ողջ ջերմությունը, սերը, ուշադրությունը ու իրարից հեռանում ենք կարոտով:

Գիտեմ՝ դու ուրախանում ես իմ հաղթանակներով ու հաջողություններով: Ես էլ եմ անասելի ուրախանում, երբ դու ժպտում ես, ուրախանում եմ՝ իմանալով, թե ինչքան է քեզ երջանկացրել վերջերս նվեր ստացած նապաստակը կամ արջուկը: Դու հաճախ վստահում ես իմ ուժերին ավելի, քան ես ինքս: Դու ընկերության իմ մարմնավորումն ես: Դու կաս իմ կյանքում, և ես ուրախ եմ: Մենք միասին ենք՝ անջատ լինելով, մենք մտերիմ ենք՝ հեռու լինելով, մենք շատ տարբեր ենք ու նույնն ենք լրիվ: Մենք երկուսով ենք ու միշտ միասին:

Քո 17-ը 17-ն է իմ…