Անահիտ Բադալյան

Ինքնակատարելագործումը փոխվելը չէ

Բարև, հի՛ն բարեկամ․․․ Էսօր ուզում եմ փոփոխությունների մասին խոսել։ Նկատած կլինես՝ հոդվածներիս մեծ մասում փորձառությունս փորձում եմ ծառայեցնել ընդհանուր եզրակացությունների հանգելու, ասել է թե՝ ուզում եմ էնպես անել, որ իմ պատմությունները քո կյանքում դնես, քեզ դնես էդ պատմությունների մեջ, պատկերացնես ու զգաս ու հետո համաձայնես կամ չհամաձայնես ինձ հետ՝ սեփական եզրահանգմանդ գալով։ Այսօր էլ էդ նույն ձևով փոփոխություններից եմ ուզում խոսել։

Անցյալ տարի այս օրերին վիզայի գործերով էի զբաղված, դեսպանատան փաստաթղթերն էի պատրաստում, նման պատասխանատվություն երբևէ չէի ստանձնել, բայց պիտի ամեն ինչ կոկիկ արվեր, թղթերը՝ բոլորը տեղում, անհրաժեշտ տվյալները՝ թղթապանակների մեջ խնամքով դասավորված, դե, ես էլ պիտի տեղը տեղին հագնված լինեի, որովհետև մաման ասել էր՝ դեսպանատուն ես գնում, էն մողեսով վզնոցդ չքցես ու դեղին մեծ ակնոցդ չդնես (բարձր ծիծաղում եմ): Սպիտակ, արդուկած վերնաշապիկով ու կիսաշրջազգեստ հագնելուն չհամաձայնած ջինսով Անահիտը Իտալիայի դեսպանատանն էր, նախատեսվածից 25 րոպե շուտ։ Մամայի հետ էի գնացել։ Ամեն ինչ շատ լավ ընթացավ, երկու շաբաթ հետո էլ Երևան վերադարձա՝ էդ շոգ ու կրակին վիզաս ստանալու։ Էս անգամ արդեն էն իմ սիրած մեծ դեղին ակնոցով ու մողեսիկովս, ավելի ճիշտ՝ դա մողես չի, սալամանդր է, մաման է էլի մողես ասում։

Անձնագրիս մեջ «խփած» առաջին վիզաս՝ դեպի երազանք, նպատակ ու նվաճումներ տանող կյանքի պաշտոնական մեկնարկը։ Ու վիզան ստանալուց հետո ժամանակը սկսեց ավելի արագ անցնել, որովհետև գիտակցում էի՝ մեկնելս սարերի ետևում չէր, իսկ մամայի՝ ինձ շարունակ անհրաժեշտ իրեր գնելն ու աստիճանաբար ճամպրուկս դասավորելը ամեն օր կարծես ասեր՝ Անահիտ, բան չմնաց։ Մի պահ եկավ, որ պատուհանից նայելիս անտրամաբանական լացում էի, ու ռոմանտիկ կամ զգացմունքային լինելովս չեմ պայմանավորում դա, այլ ուղղակի նրանով, որ գիտակցում էի՝ կտրվում եմ էս պատշգամբից, էս երկնքից, էս երևացող աստղերից, շենքի բակում անընդմեջ կանգնող տարբեր մակնիշների մեքենաներից ու նույն այդ բակի արևածաղկի սերմեր «չրթող» ժողովրդից։ Ու լաց լինելը կարոտի, ափսոսանքի ու այդ սովորական դարձած առօրյան անսովոր կերպով լքելու արդյունքն էր։ Մեկնելուս նախորդ գիշերը բոլորով էինք լացում, ես ու Մարին՝ նույն սենյակում, բայց իրարից հեռու նստած ու անկախ՝ ձևացնելով, որ իրար չենք նկատում։ Մաման էլ լացում էր մյուս սենյակում, պապան էր գնում-գալիս ու ծխում, միամիտ չեմ, շատ ծխելու պատճառը հասկացել էի։ Գիշերվա հազարին արթնացանք, ու աշխարհի ամենատարօրինակ ու խառնիխուռն զգացողությունները մեջս՝ պատրաստվեցի, ու դուրս եկանք բոլորով։ Հրաժեշտից ծանր բան չկա, հոգիս քարուքանդ եղավ, սիրտս հազար կտորի բաժանվեց, ու էնպիսի տպավորություն էր, որ ինձ թողեցի օդանավակայանում ու թռա՝ առանց ինձ։ Զգույշ, զգոն ու ուշադիր հասա Իտալիա։ Ու շարունակեցի մնալ նույնքան զգոն ու ուշադիր էնտեղ ապրած էս բոլոր ամիսներին։ Էս բոլոր պահերը համարյա մի տարվա հնություն ունեն, բայց դեմքի ամեն արտահայտություն աչքիս առաջ է, չեմ ասի՝ երեկվա օրվա պես, բայց թարմ է ու չհնացող։

Թռիչքիս նախօրեին, ընթացքում ու նույնիսկ թռիչքիցս հետո երկար եմ մտածել միջիս կանխատեսելի ու ինչ-որ տեղ տրամաբանական անհանգստությունը լավագույնս հիմնավորելու համար։ Շատ չանցած՝ հասկացել եմ, որ նոր մարդիկ, բազմազանությունն ու տարբերությունը իմ երազածն են կյանքը բացահայտելու համար, բայց և այնպես, ես ուզում էի ես մնալ, բարեկամս։ Գիտե՞ս՝ ես ուզում էի էն արագախոս ու արագաքայլ Անահիտը մնալ, ում ասածից շատերը բան չէին հասկանում, բայց ասում էին՝ ինչ չամիչ երեխա ես։ Ես ուզում էի չկորցնել ամենափոքր լավ բանից ուրախանալս լացով արտահայտելու «ղզիկ» սովորությունս ու մեկ-մեկ ծայրահեղ դարձող նեղացկոտ բնավորությունս։ Ու ամենակարևորը, ես միջիս հայուհուն պահպանել էի ուզում։ Իրականում չէի վախենում, որ կկորցնեմ էս ամենը, ուղղակի չէի ուզում ժամանակը աննկատ իր «սև գործն» աներ, ու ես վերջում նայեի ու տեսնեի, որ անճանաչելիորեն փոխվել եմ ու ինքս ինձ չգիտեմ։

Մի տարի անցավ․․․ Ասում են՝ էլի ասածներիցս բան չեն հասկանում, հարազատներիս՝ «Խոսելու ընթացքում կարաս ձևի համար շնչես, Անուլիկ»-ը էլի ականջներումս է, ես էլի շնչակտուր եմ լինում, որովհետև չեմ կարողանում դանդաղ քայլել, ընդհանրապես, հապշտապ շարժվող ու մեկ-մեկ շուրջը եղածը ջարդուփշուր անող անփույթ ու  կտրուկ տեսակս մնայուն է։ Ռոմանտիկ դրամաների կամ Մարիի «Ամենախելացիի» հերթական հաջողության հանդեպ իմ առաջին արձագանքը դեմքիցս հոսող հավատարիմ արցունքներն են, ու ես էլի նեղանում եմ ինձ ամենահարազատ ու մտերիմ մարդկանցից՝ հոգուս հետ խաղալու ու պարզապես նրա համար, որ ամեն ինչ սրտիս շատ մոտ եմ ընդունում։

Միջիս հայուհի՞ն․․․ Գիտե՞ս՝ փոքր հասակում Տերյանի «Մի խառնեք մեզ․․․»-ը ու Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի․․․»-ն արտասանելիս ակամա հպարտություն էր ծնվում մեջս, բայց հոգիս չէր զգում ՝ ինչքան իմն է էդ անուշ Հայաստանն ու ինչքան ուրիշ ենք մենք՝ երբեք ոչ մեկին չխառնվելու աննկարագրեի անկրկնելիությամբ։

Եվրոպան՝ Եվրոպա, Իտալիան՝ ռոմանտիկայի, սիրո ու մշակույթի տուն ու թանգարան, մշակույթներն էլ՝ սիրուն ու բազմազան, բայց սկզբունքներդ ու արժեքներդ անփոփոխ թող մնան, բարեկամս, ճիշտ էնպես, ինչպես արժանիքներդ պիտի անփոփոխ մնան։

Մինչև գնալս էլ շատ էի լսում․ «Գնաց Ամերիկա, փոխվեց, առաջ էսպիսին չէր, լավ երեխա էր», շրջապատում ասում էին, ես էլ լսում էի ու մտածում՝ ժամանակ կանցնի, ես էլ Իտալիայից կվերադառնամ, չէի ուզի, որ ինձ իրենց մի մասնիկը համարող մարդիկ ասեն՝ գնաց-եկավ, փոխվեց, առաջ էսպիսին չէր․․․

Իհարկե, բարեկամս, շատ բաներ են փոխվում քո մեջ, բա էդպես էլ պիտի լինի, բնականաբար։ Ավելի ինքնուրույն, աչալուրջ ու հավասարակշռված էն մարդը, ով ապրում է մեջս, ձևավորվել է նաև շնորհիվ այս մեկ տարվա, որի ընթացքում իմ ամենահավատարիմ ու հուսալի ընկերը հենց ես եմ եղել, օրս կազմող-կազմակերպողը, հաջողությունս պայմանավորողն ու գրաֆիկս մշակողն էլ եմ ես եղել․․․ «Քեզ թափ տուր, բան չմնաց, էս մի տեքստն էլ կարդա, նոր կքնես»-ը ես ինքս եմ ինձ ասել, բարեկամս։ Մաման կասեր դա, եթե կողքի սենյակից գար տեսներ, որ լուսամփոփի լույսի տակ իտալերեն եմ պարապում, կամ ականջակալներն ականջիս՝ ինտեգրալ հաշվում։ Մաման կասեր, բայց մաման հեռու էր, ու ես էի մաման, պապան, քույրիկը, եղբայրը ու մյուս բոլորը։ Իհարկե, քեզ վրա մի քանի հոգու պատասխանատվություն վերցնելով ու ինքդ քո առաջ մեծ նպատակներ դնելիս դրանց քայլ առ քայլ մոտենալով՝ դու անասելի հասունանում ես, մեծանում։ Ժպիտդ համեմվում է քիչ ավելի իմաստությամբ, որի մեջ ժամանակի թախիծն է նշմարվում, էն թախիծը, որ պարուրել է ամեն անգամ, երբ մաման էդպես էլ դուռը չի բացել ու բարկանալով չի ասել, որ արագ անցնես քնելու։ Էն թախիծը, որը լվացք անելիս փոշին մի քիչ ավել լցնելիս «Հերիք ա, բալաս» ասող չլինելու պատճառով է ծնվել, ու էն թախիծը, որը հարազատներիդ նկարներին նայելիս ծնված ժպիտն ուներ։ Ժպիտդ մտածված է դառնում, ավելի խորը, ավելի հասուն ու ավելի գիտակցված։

Սրանք են էն սիրունագույն ու ինչ-որ տեղ անհրաժեշտ փոփոխությունները, որոնք լավն են, կարևոր են, կենսական են ու գնահատելի։ Նկարագրել չկարողանալու չափ շնորհակալ եմ էս մի տարվան` այ, էսքանը ձեռք բերելու համար։

Բայց, բարեկամս, «ես փոխվել եմ» չեմ ասում, որովհետև սա փոխվել չի, սա էլի ես եմ՝ կարևոր մի քանի հատկանիշներ ձեռք բերած ու կյանքի մի գեղեցիկ ու նոր փուլով անցած։ Սկզբունքներս, արժեքներս ու արժանիքներս նույնն են ավելի, քան ես ինքս պատկերացնել կարող էի։

Ու, բարեկամ իմ, փոխվելուց առաջ չմոռանաս հաշիվ տալ ինքդ քեզ, գնահատել քեզ նախ քո, հետո քո մտերիմների աչքերով, ճանաչել քո էն յուրահատուկ ու չկրկնվող գծերը, որոնց շնորհիվ դու դու ես։ Չմոռանաս, որ աշխարհի երեսին մեկը արագաքայլ կամ արագախոս մեկին տեսնելիս քեզ է մտաբերում, սկզբունքային ու սեփական ազգով ու մշակույթով հպարտ մեկին հանդիպելիս էլ էլի դու ես հայտնվում մեկի հիշողության մեջ։ Բարեկամս, չջնջես քեզ քո մտերիմների ու ինքդ քո հիշողության միջից՝ ամենանասիրուն հատկանիշներդ վերացնելով։ Զգույշ ու զգոն եղիր ինքնակատարելագործման ու փոխվելու սահմանին, տարբերիր, գիտակցիր, մտածիր․․․ Շեշտեր չեմ դնում բայերիս վրա, որ հրամայական երանգ չստանան, պարզապես հորդորում եմ։ Չմոռանաս, որ հետ ես գալու, բարեկամս։ Էնպես արա, որ հետ գալիս օտարություն չզգաս ու օտարություն չտարածես շուրջդ, քո սիրելի ու մտերիմ մարդկանց աչքին մնաս էն նույն համով ու չամիչ երեխան, ով մի տարով մեծացավ, ում մազերը քիչ ավելի երկարեցին, ժպիտը քիչ ավելի իմաստնացավ, բայց ով իր պահպանողական բնավորությունն ու մտածելակերպը մեծ ու ազատ աշխարհում չկորցրեց․․․ Պահպանել սովորիր այն, ինչն իսկապես քո մասն է՝ քո սկզբունքները, արժեքներն ու կյանքդ իմաստավորող երևույթները։ Պահպանիր տեսակդ ու քեզ, և ազատամիտ լինելով հանդերձ, պահպանողական մնա այն ամենի ու այն բոլորի հանդեպ, որոնք քոնն են, ու որոնք դու ես։ Չկրկնվող տեսակովդ միշտ ուրիշ մնա, բայց երբեք ուրիշը մի դարձիր, հարազա՜տս․․․