Arman Mkrtchyan

Իր աչքերի մեջ խեղդվողը

Ըստ դասական սահմանման` հոգեկանը օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ արտացոլումն է` հոգեկան տարբեր երևույթների տեսքով։ Բայց երբեմն սուբյեկտիվ արտացոլումը վերածվում է զգացողությունների չդադարող անձրևի` տրտում ու, որպես կանոն, թարմ հողը ցեխի վերածող։

Չէ, չմտածեք, թե ես դեմ եմ հաճախ ռոմանտիկ ու, ավելի հաճախ, սերիալ դիտելու տրամադրություն հաղորդող եղանակներին։ Բնավ։ Պարզապես այդ դեպքում ստիպված ես լինում պարբերաբար անցնել ցեխի միջով` հագնելով քո անդուր սերկարաճիտք կոշիկները կամ, եթե կուզեք  գիտականորեն` հոգեբանական պաշտպանությունները։ Եթե նայենք մեր ներաշխարհի տեսանկյունից, ապա դրանք ամենատաք ոտնամաններն են ամեն տիպի սթրեսի դեպքում։ Բայց ի՞նչ, եթե պաշտպանությունը գործում է անդադար շուրջ 3 տարվա ընթացքում։ Սփոյլեր. Ոչ մի լավ բան։

Նախ ասեմ, որ տաքացնող կոշիկներից քո հոգեկանը կարող է ընտրել դեպրեսիայով հիվանդ կոշկակարի հորինած թավշյա զույգը։ Դրանք էլ, իրենց հերթին, ավելի ճիշտ` հերթով, կոչվում են դեռեալիզացիա և դեպերսոնալիզացիա։ Սրանք քո ներաշխարհը պաշտպանում են` այն հնավորինս արտաքին աղմուկից հեռացնելով` քեզ համար օտար ու անիրական դարձնելով ռեալ աշխարհը։

Սկզբում չհասկանալով տաքության գինը` շունչ ես քաշում անդադար տագնապից։ Աշխարհին չես նայում վարդագույն ակնոցով, ավելի շուտ` վիրտուալ իրականության ակնոցով։ Քեզ թվում է, թե ինչ-որ հայտնի ֆիլմ ես դիտում, բայց ցավոք առանց քո սիրելի դերասանների… Չնայած այստեղի դերասանները քիչ են զիջում Հոլիվուդի աստղերին։

Այսպիսով, որոշ ժամանակ վայելում ես անվճար կինոդիտումդ մինչև այն պահը, երբ գիտակցում ես, թե ինչ ժանրի է իրականում այդ ֆիլմը. հա, փաստորեն այն սարսափ ժանրի է ու մի պարզ պատճառով. դիտելով մեկ անգամ, ստիպված ես վերանայել այն նորից ու նորից։ Կարճ ասած` դու կորցնում ես իրականության զգացումդ ու վերածվում ես պասիվ դիտորդի` մեխանիկորեն կատարելով ֆիլմի գլխավոր հերոսի գործողությունները։

Ինչպես բազմաթիվ այլ խնդիրների դեպքում, ամենաերկարը տևում է գիտակցման փուլը։ Սա բացառություն չի, քանի որ գիտակցելը, որ դու ապրում ես մեխանիկորեն, չես էլ ապրում, այլ ուղղակի դիտում ես, հնարավոր չէ։ Սկսում ես ինքնուրույն գտնել լուծումներ։ Հետո դիմում ես ընկերներիդ օգնությանը։ Հետո ծնողներիդ, հարազատներիդ, ծանոթներիդ… Շղթան անվերջ է ու ապարդյուն, որովհետև ինքդ ես դժվարությամբ հասկանում քո զգացողությունները, ուր մնաց այլոք։

Բայց հրդեհներին բնորոշ է մարելը։ Ինչո՞վ է ներսդ տարբերվում հրդեհից (հարցը հռետորական է). դու էլ ես հանգում։ Դանդաղ ընդունում ես քո անելանելի վիճակը ու ապարդյուն փնտրտուքները։ Վրա է հասնում հաջորդ փուլը` խաղաղություն, երբ քո ու խնդրի միջև զինադադարի պայմանագիր է կնքվում։

Սակայն, ինչպես բոլոր այդպիսի պայմանագրերը, սա նույնպես կնքվել էր իրեն խախտելու համար։ Ու այդ երեկո ևս դու չդիմացար ու նայեցիր նրան, նայեցիր մեռնող հույսի վերջին թրթիռներով։

(Տեսարանն ամբողջացնելու համար, լավ ֆիլմերի պես, տեսախցիկը դանդաղ հեռանում է աչքերից, ու բացվում է մարմնի ամբողջ ուրվագիծը` հայելու մեջ):

Բայց դու այլևս քո արտացոլանքը տեսնողը չէիր. դու հայելու միջի աչքերում խեղդվողն էիր։