mariam nalbandyan

Լռության օր

Այսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրն է՝ լռության օր։ Այս օրը մեզ տրված է, որ մտածենք ու վերջնական որոշենք, թե ում ենք ուզում տեսնել մեր քաղաքապետ։ Այդ պատճառով էլ մենք այսօր կարող ենք չլռել։

Ես, ինչպես ասում են, բնիկ երևանցի չեմ, հայրս Օձունից է, մայրս էլ՝ Նոյեմբերյանից։ Բայց իմ ամբողջ կյանքը ապրել, ապրում եմ ու հուսով եմ՝ միշտ էլ կշարունակեմ ապրել Երևանում։ Երևանի քաղաքացի եմ ու վաղը ես էլ եմ գնալու ընտրությունների։ Ընտրությունները միշտ ինձ համար ինչ-որ շատ կարևոր բան են եղել։ Չափահաս դառնալուս երևի թե միայն ընտրության իրավունք ստանալու համար էի սպասում։ Հիմա արդեն, որպես ընտրող մարդ, կարող եմ ենթադրել, որ ես էլ եմ որոշումներ կայացնում իմ քաղաքի ու իմ ապագայի համար։

Որոշում եմ կայացնում, որ քաղաքս էլ այսպես կեղտոտ չլինի։ Մաքրության հարցը էս վերջերս էնքան շատ է քննարկվել, որ երևի արդեն հոգնել եք։ Բայց կեղտոտ փողոցներից էլ ենք հոգնել։

Որոշում եմ կայացնում, որ հակառակ բոլոր թերություններին՝ չուրախանամ, որ առավոտը առաջին ժամից չեմ դասի, այլ գոնե երկրորդ, որովհետև երթուղայինները մի քիչ ավելի դատարկ են լինում այդ ժամերին, կարողանում եմ կանգնել գոնե։ Որոշում եմ կայացնում, որ վիզս օրումեջ բռնված չլինի, ցածրահասակ աղջիկներն էլ չասեն՝ «զատո ես երթուղայինում ուղիղ եմ կանգնում»։ Ես էլ եմ ցածրահասակ, բայց հպարտ 1,61-ովս մեկ է՝ երկու կես եմ լինում երթուղայինի մեջ։ Որոշում եմ կայացնում, որ տրանսպորտի տնտեսագիտական խնդիրը լուծելիս դասախոսս չկատակի, որ հայերը էս տրանսպորտի խնդրի տակ միշտ ուրիշ բան են հասկանում։ Ուզում եմ էդ հայկական տրանսպորտի խնդիրը վերջապես լուծված տեսնել, որովհետև հաստատ տնտեսագիտականից բարդ չի։

Որոշում եմ կայացնում, որ շոգից չմեռնեմ ամառները։ Դե, էստեղ մի մտածեք, որ ես էն մարդկանցից եմ, որ շոգ եղանակի մեջ Գագիկ Սուրենյանին եմ մեղադրում, չէ, ուղղակի եթե դադարենք իրար քիթ մտած շենքեր կառուցելուց ու ծառեր տնկենք, քիչ կմեռնենք։ Ուզում եմ Երևանում մի քիչ քիչ կառուցենք, ամբողջը դատարկ ու կիսափլատակ շենքեր են։ Մեզ էսքան շենքերը հերիք չե՞ն։

Որոշում եմ կայացնում, որ փողոցներում անտուն շներ ու փիսոներ քիչ ունենանք։ Ես ամեն օր էլ, հա, էլի կկերակրեմ նրանց, բայց էս դեպքում աշխարհում մի տեղ մի բան սխալ է։ Ոչ ոք իմ քաղաքում անտուն չպետք է մնա, լինի դա մարդ, թե կենդանի։ Ու երբ մի օր փոքր ձագի եմ տեսնում դուրսը, կերակրում, իսկ հաջորդ օրը նա արդեն չկա, չեմ ուզում մտածել, որ շներն են մի բան արել։

Որոշում եմ կայացնում, որ անձրևային եղանակը մի քիչ ավելի շատ սիրեմ, քան հիմա։ Սիրեմ նաև, երբ դուրսն եմ, ոչ թե տանը, որովհետև հիմա ինչքան էլ թույն լինի էդ անձրևը, մեկ է` չեմ սիրում մինչև ծնկներս ջուր լինել։ Թարսի պես լողալ էլ չգիտեմ, իսկ մեր շենքի դիմացի վարար գետն անցնելու համար լողալ իմանալն իսկապես պետք է։ Ուզում եմ գետնին էդ անձրևաջրերի համար նախատեսված մետաղյա ցանցատիպ բաները ծառայեն իրենց նպատակին, ոչ թե ավելի բարձր տեղ լինեն, քան գետնի մնացած մասը, որ ջուրը էդտեղ լցվելու համար ստիպված լինի մի շարք ֆիզիկայի օրենքներ խախտել։

էս հարցը որ չլուծվի էլ, ոչինչ, առաջնային չի, բայց կուզենայի միասեռ գետին ունենալ, ոչ թե օրումեջ կարկատած ասֆալտ։

Որոշում եմ կայացնում, որ ես էլ պատասխանատու լինեմ իմ որոշման համար, երբեք չմտածեմ՝ ինձնից հետո կամ իմ տանից դուրս ինչ ուզում է՝ լինի։ Ես էլ կառուցեմ իմ քաղաքը (շենքերի առումով չէ), ու որ ամենակարևորն է՝ միշտ մնամ Երևանի քաղաքացի։ Չէ, խաբեցի, իրականում ուզում եմ Աշոցքում կամ Ճամբարակում ապրել, էնտեղ ավելի հով է։

Որոշում եմ կայացնում ու ուզում եմ երբեք չփոշմանել վաղը կայացնելիք իմ որոշման համար։