zara torosyan

Խաղաղ երեկո

Երեկոյան կենտրոնացած դաս էի անում, իսկ հեռախոսս անընդհատ զնգում էր։ Վերցրի և տեսա, որ եղբայրս է՝ կողքի սենյակից։ Անհանգստացա, որովհետև նա իր քննություններին էր պատրաստվում և անիմաստ բանի համար չէր զանգի։ Պատասխանեցի զանգին, եղբայրս ասաց, որ շատ կարևոր բան է պատահել, շտապ գնամ իր սենյակ։ Երբ գնացի, ասաց, որ ուղղակի կատակում էր, ծիծաղեց և ջուր ուզեց։ Ջուրը բերեցի, իսկ նա ասաց, որ փոշմանել է և այլևս չի ուզում։ Ու էլի ծիծաղեց։

-Ժիրո, զզվացրիր արդեն քո տափակ հումորներով,- ասացի ես, թողեցի գնացի իմ սենյակ։

Եղբայրս արդեն ոչ թե զանգում էր, այլ սենյակից գոռում, սակայն ես բանի տեղ չէի դնում, քանի որ անիմաստ բանի համար էր կանչելու, ինձ նյարդայնացնելու էր, ես էլ ոչ մի բան չէի անելու, որովհետև, դե նա մեծ եղբայրս է և ավելի վատ բան կմտածեր իմ գլխին խաղ խաղալու։ Իսկ ես չէի ուզում սկսել այդ անվերջ շարունակվող պատերազմը։

Ժիրոն ինձնից անցավ տատիկին, ամեն վայրկյան նրան էր կանչում։ Իսկ տատիկը նրա բոլոր ուզածներն անում էր, ինչն ինձ ավելի էր բարկացնում։

Բայց սենյակում նստած մտածում էի. Ինչ լավ է, որ բոլորս միասին ենք, տանն ենք, և բոլորս սիրում ենք իրար: