Ծիսական տիկնիկներ

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Նոյեմբերի 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնում «Հանգույց» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ազգագրագետ Ժենյա Խաչատրյանի «Հայ ժողովրդական  տարեկան տոները և դրանց հետ կապված ծիսական տիկին-տիկնիկները ու պարերը նորօրյա որոշ վերապրուկային դրսևորումներով (XX-XXIդդ.)» խորագրով գրքի շնորհանդեսը:

Ցուցադրվեց հեղինակի ծիսական տիկնիկների հավաքածուն, որը նվիրաբերվել է Ժողովրդական արվեստի կենտրոնին:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Գիրքը բաղկացած է երկու մասից:Առաջին մասում հետաքրքիր պատմություններով ներկայացված են այն  տոները, որոնց ժամանակ պատրաստվել են ծիսական տիկնիկներ: Երկրորդում արդեն ներկայացված է ծիսական տիկնիկների նկարագրություն:

Ժենյա Խաչատրյանը շրջել է տարբեր շրջաններով, հավաքել ծիսական ավանդույթներ և ներկայացրել դրանք ուսումնասիրության տեսքով:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

-Այս տիկնիկները ստեղծվել են իմ աչքի առաջ: Մենք միասին շրջել ենք և ամեն գյուղում Ժենյան հարցրել է «Ի՞նչ է տիկնիկը, ունե՞ք տիկնիկներ, պատրաստե՞լ եք,- ասում է ազգագրագետ Էմմա Պետրոսյանը:-Շատերը մտածում են, որ սա ուղղակի խաղալիք է, բայց տիկնիկի ֆենոմենը շատ հին հասկացողություն է: Դեռևս Հին Հռոմում պատրաստում էին տիկնիկ, որին փոխանցում էին իրենց ցանկությունները, դժբախտությունները և նետում  գետը, որպեսզի տիկնիկը տանի իր հետ այն ամենը, ինչ կա իր մեջ:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ցուցադրության ժամանակ տեսա մի քանի տիկնիկ, որոնք շատ նման էին տատիկիս պատրաստած տիկնիկներին: Պատրաստելու համար տատիկս խաչաձև ամրացնում էր երկու նեղ երկար փայտի կտորներ, հետո փաթաթում սպիտակ կտորով: Իսկ որպես տիկնիկի գլուխ օգտագործում էր կոճակ: Մեր ժամանակներում, երբ տիկնիկների պակաս չկա, այդ տիկնիկը առանձնահատուկ տեղ էր գրավում իմ տիկնիկների հավաքածուի մեջ: