ani avetisyan nor

Կհարմարվես, բան չկա

Դե, եթե քեզ էլ թվա, թե երեկվա կատարվածը ուղղակի պատահականություն էր, ոչինչ. սկզբում ինձ էլ նույնն էր թվացել։ Երևի բոլորիս հետ էլ պատահում է։ Ինչևէ։

Գիտե՞ս քեզ ինչ խորհուրդ կտամ: Ամեն ինչ այդքան մոտ մի ընդունիր սրտիդ, ու ոչ էլ ձևացրու, թե հետաքրքիր է մի բան, որ իրականում նույնքան անէական է քեզ համար, ինչքան Գերմանիայի թենիսի հավաքականի խաղերը։ Դե, այնքան, որ չգիտես էլ նման բան կա՞, թե՞ չէ: Ասում էիր, որ անտարբեր ես դարձել։ Նորմալ է, հավատա: Իսկ գուցե նույնիսկ լավ։ Եսիմ։

Հիշում եմ՝ մի անգամ խորհուրդ էի տվել շատ երազանքներ ունենալ։ Ասում էի՝ իրականանալու ձգտում ունեն դրանք։ Ու չեմ մոռանա պատասխանդ.

-Իմ երազանքները միշտ էլ իրականանում են… Ուրիշների մոտ։

Մեր հաղթանակն էլ նա է, երբ ուրախանում ենք, թե ոնց են ուրիշները տոնում մեր այն երազանքները, որոնց մասին իրենք երևի չէին էլ մտածել։
Վերջերս ես էլ շատ բաների (մարդկանց) հանդեպ անտարբեր եմ դարձել։ Չգիտեմ ՝ ինչից է: Մտածում էի, որ կամ արժեքներս են փոխվել կամ մարդիկ։ Կամ, որ ավելի հավանական է՝ երկուսը միասին։ Ուղղակի, տեսնես ինչի՞ էդպես միաժամանակ։

Մի քանի օր առաջ՝ փետրվարի վերջին, Երևանի իմ ամենասիրած (չհավատաք, ուղղակի գրում եմ) փողոցով էի քայլում ու տեսա կամ հասկացա, որ չնայած բոլորն իրենց «վալենտիններին» են գրկած քայլում, իսկ ես՝ Դոստոեվսկու «Ապուշը», դրանից ոչինչ չի փոխվում։ Ու ես պակաս անտարբեր չեմ դառնում աշխարհի նկատմամբ։ Չէ, ուղղակի էդ գիրքն էին ինձ նվիրել, նույն հաջողությամբ դա կարող էր, ասենք, «Ալքիմիկոսը» լինել։

Բայց, եթե ճիշտ եմ հիշում, հենց նույն օրը մի բան ստիպեց աշխարհին ժպիտով նայել, դե, գոնե մինչև երեկո։ Տիգրան Մանսուրյանն էր՝ «զեբրաների» վրայով անցնելիս։ Այ, թե տասներեք վայրկյանի փոխարեն այդքան ժամեր ունենայի… Իսկ տասներեք վայրկյանը լրիվ բավական էր ժպտալու ու նրա պատասխան ժպիտը տեսնելու։ Էդպիսի ժպիտ մեկ էլ Կոմանդոսի աչքերում էի տեսել։ Մեծ մարդիկ երևի բոլորն իրենց մեծության չափ են համեստ: Փոքրերն էլ, երևի… Չնայած, գուցե դու կամ մեկ ուրիշը հիմա ասի՝ փոքր մարդիկ չկան։ Բայց մենք հո՞ գիտենք, որ կան։

Իսկ մեզ մի քիչ սովորելու ունակություն կամ ցանկություն է պետք։ Մեծանալու համար։ Թվերով չէ։

Հետո շարունակում եմ քայլել։ Էն նշածս փողոցը, որ իրականում շատ էլ չեմ սիրում, երկար է, իսկ ես դրանով օրը երկու անգամ անցնել եմ սովորել՝ մի ծայրից մյուսը։ Ու ծանոթ եմ նույն ժամին էնտեղով քայլող բոլոր դեմքերին։ Չգիտեմ, իրենք էնքան հավես ունեցել են ինձ էլ նկատելու, թե չէ: Բայց դա ինձ հետաքրքիր էլ չի։ Ուղղակի գիտեմ, որ ամեն մեկն էլ էդ ու դրան նման փողոցներով քայլելիս մտքում կամ գուցե բարձր ասում են.

-Ինձ ի՞նչ քո խնդիրները, ես սեփականներն ունեմ, ու դրանք ինձ լրիվ բավական են։

Ինձ էլ։ Ու ի՞նչ հոգ, թե նա քայլելուց հանկարծ ընկավ, ու դու ուղղակի չմոտեցար նրան օգնելու՝ պատճառ ունեիր շտապելու կամ ոչ, կամ թե այնքան հոգնած էիր, որ մի պահ վախեցար կանգնել ու տեղդ մեկին զիջել։ Կարող է լինել, չէ՞։ Երևի կասես՝ չէ։ Ես էլ կարող եմ նույնը ասել։ Բայց երկուսս էլ հո՞ գիտենք, որ հնարավոր է։

…Գլխով բարևում եմ ավտոբուսում ինձ հետ ու ինձ հավասար կանգնած ծանոթիս, հանում ականջակալներս, խոսում ամենաշաբլոն մի երկու թեմայի մասին ու դնում ականջակալներս։ Գիտեմ, կախվածություն է։ Չգիտեմ էլ՝ ուզո՞ւմ եմ հաղթահարել դա, թե՞ չէ։ Հիմա էլ դրանք ականջներումս են։ Ու ես հանել չեմ ուզում։ Երևի ազատվել էլ չեմ ուզում դրանցից։ Չէ՞ որ «անտարբերիս» կերպարը իրենք ավելի իրական են դարձնում։ Լավ, է:

Տուն եմ հասնում։ Էստեղ է երևի, որ անտարբեր չեմ։ Անտարբեր չեմ նույնիսկ գրիչներիս բազմագույն տեսականու, նոր ստացած ու հին գրքերիս նկատմամբ: Իսկ սա այս պատմության երևի ամենալավ կետն է։