Seroj araqelyan

Կյանքը ու գույնը

Եկեք այս անգամ մի քիչ հեռուն նայենք: Չասենք՝ կապույտը խորհրդանշում է երկինք, իսկ կանաչը՝ բացատ կամ ծառ: Երբեմն լինում են պահեր, երբ կյանքում լինում են գորշ ու վառ հիշողություններ, ու չգիտեմ՝ ինչու, ես դա այսօր կարողացա տեսնել գույների մեջ:

Մոտ երեք օր կլինի՝ ես նկարում եմ միայն ջրաներկով: Մատիտ չեմ օգտագործել ու այդ երեք օրում սովորել եմ ավելի ճիշտ նկարել ջրաներկով, վրձինը ճիշտ օգտագործել և ջրի ու գույնի չափաբաժինը ճիշտ համադրել: Սովորեցի նաև, թե ինչ կլինի, եթե գույները խառնվեն իրար: Իհարկե, գորշ ու վառ գույները. այնպիսին, ինչպիսին, որ կյանքինն են: Վերցնում ես թուղթը և վրձնի ծայրին գտնվող դեղին գույնը սկսում ես քսել մի հատվածում: Դեղին գույնը քսելուց հետո պետք է մի քանի րոպե սպասել, այսինքն՝ ոչ միայն դեղին գույնը, այլ ընդհանրապես՝ գույներին պետք է տալ չորանալու հնարավորություն, հակառակ դեպքում, եթե մեկ այլ գույն դնես դեղինի վրա, մեր՝ նկարիչների լեզվով ասած, կդառնա «ցեխ»: Մինչ դեղին գույնը կներծծվեր թղթի մեջ, ես որոշեցի մեկ այլ ազատ հատվածում քսել դարչնագույն ներկը: Անցան մի քանի րոպեներ, դեղինը չորացավ: Հերթը դարչնագույնինն է: Արդեն դեղինը չոր է: Վառ գույնին՝ դեղինին, խառնեցի դարչնագույնը: Ի՞նչ ստացվեց: Չկա ո՛չ դեղին, ո՛չ դարչնագույն: Հիմա դեղինը հետ բերելը շատ դժվար է: Ընդամենը մեկ կաթիլը կարողացավ ոչնչացնել մի քանի կաթիլից կազմված անմեղ դեղինին, և հիմա, ինչքան էլ դեղին խառնես, մեկ է՝ գորշ դարչնագույնը թողել է իր ազդեցությունը, հարկավոր է սկսել նորից: Իսկ եթե կատարենք նույնի հակառա՞կը: Երևի թե ոչինչ չփոխվի: Դեղինը չի կարող մեծ ազդեցություն ունենալ դարչնագույնի վրա: Դարչնագույնը դեղինի նման պարզ չէ, կան շատ մութ հատվածներ, որոնք էլ թույլ չեն տալիս փոփոխություններ կատարել:

Այդպիսին են նաև մեր շրջապատի մարդիկ: Եթե մի արդար մարդու մոտենա մի խարդախ, բացասական լիցքերով անձնավորություն ու սկսի վիրավորական խոսքեր ասել, համոզված եմ, որ այդ արդար մարդը ոչինչ չի ասի: Իսկ եթե կրկնվի նույնի հակառակը՝ արդար մարդը գնա և վիրավորական խոսքեր ասի ինչ-որ մի խարդախ մեկին, ապա նա, առանց վատ զգալու, կծիծաղի նրա ասածների վրա, ինչպես եղավ գույների պարագայում: Դեղինը չկարողացավ ոչնչով ազդել դարչնագույնի վրա, սակայն տեղի ունեցավ հակառակը:

Հուսամ՝ հեռու կմնանք դարչնագույն, սև գույներից և մեր շրջապատի մեծ մասը կլինի դեղին ու դեղին էլ կմնա, ինչպես իմ 17.am-ը: