artyom safaryan

Կյանքը ֆուտբոլի պես սխալներ չի սիրում

Այսօր հերթական անգամ նստած էի ինքս իմ մտքերով տարված, երբ իմ ամենօրյա զրույցն ընդհատվեց մի շատ շաբլոն հարցով, որը ես ինձ երբեք չէի տվել: Ու այդ հարցը ինձ գցեց դժվար կացության մեջ, ու ակամայից սկսեցի մտածել այդ հարցի շուրջ:

Է՜, սիրելի ընթերցող, քեզ շատ եմ շփոթեցնում: Դրա համար կանցնեմ բուն թեմայիս: Իսկ հարցը հետևյալն էր. «Ինչպե՞ս դառնալ որակյալ սպորտային մեկնաբան»: Ուղեղս երկար աշխատեց, բայց չգտավ լուծումը: Հանկարծ զգացի, որ ճակատիս վրա տեղակայվել է Անխել ջրվեժը, որը քրտինքի տեսքով իջնում էր դեպի սարսափած աչքերս: Լավ, այ մարդ, մի բան կհնարես, էդքան մի թուլացրու ոտքերդ»:

Միացրեցի հեռախոսս՝ լավ օգնականս է, պիտի մի բանով օգնի ինձ: Նայում եմ հոլովակներ, որոնք  պիտի տային իմ հարցի պատասխանը, բայց ապարդյուն: Սկսեցի մտածել, որ լավ մեկնաբանը պետք է լավ իմանա ֆուտբոլի պատմությունը ու հասկանա բոլոր ֆուտբոլային երևույթներից: Մտքովս անցավ, որ կարելի է վավերագրական ֆիլմերով վերադառնալ անցյալ և տեսնել Զիդանի, Մարադոնայի, Պելեի փառահեղ հանդիպումները և Ռոբերտո Կառլոսի ֆանտաստիկ գնդակը Ֆրանսիայի դարպասներին:

Սկսեցի դիտել. զգում եմ, որ դունչս կամաց-կամաց «վայրէջք է կատարում», և ակամայից բացվում է ուտելիքի դարպաս համարվող բերանս: Նայեցի բոլոր առաջնությունները և հասկացա, որ ֆուտբոլը նման է կյանքին, քանի որ ոչ միշտ է ներում սխալները, իսկ շատ հաճախ հակագրոհի ժամանակ ջախջախում է մեր ողջ դիմադրությունը:

Այդ պատճառով ես եկա մի պարզ համոզման, որ լավ ֆուտբոլ մեկնաբանելու համար պետք է նաև կյանքի փորձ, քանի որ ֆուտբոլը մեր կյանքն է, որի ընթացքում մենք անընդհատ վազում ենք մեր ժամանակի հետևից, որպեսզի այն կարողանանք ուղղել մեր նպատակին: Եվ թե դա ինչքանով կստացվի, կախված է մեր կամքի ուժից:

Կյանքը ֆուտբոլի պես սխալներ չի սիրում: