mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. մաս 3

Շաբաթ օրերը, երբ ընտանիքիս հետ այցելում եմ պապիկիս գերեզմանը, սիրում եմ թափառել մոռացված գերեզմանոցում: Հին գերեզմանաքարեր՝ խունացած նկարներով, ջնջված տապանագրեր, սևազգեստ մարդիկ, խնկի ծուխ… Հասկանում եմ, որ մարդն անցնում է, կորչում հավերժության մեջ: Մնում է միայն մի տապանաքար՝ քանդակազարդ կամ հասարակ, նոր կամ խունացած ու մոռացված: Դա, սակայն, էական չէ: Անշուշտ, տապանաքարի մեծությունը կամ ճոխությունը չի կարող մոռացության տալ հանցագործության ժամանակ դժբախտ պատահարից մահացած մարդու արարքները, այնինչ երբեմն նման ճոխ տապանաքարերի կողքին, մի հասարակ քարի տակ հանգչում է մեկը՝ ընկած ռազմի դաշտում՝ կույր փամփուշտի զարկից: Գուցե ես դա անարդար եմ համարում, բայց հողն ընդունում է անտարբերությամբ: Շրջելով գերեզմանոցում՝ հիշում եմ դրվագներ հորս պատմություններից, երբ զոհվելու հավանականությունն ու ապրելու ցանկությունն ու հույսը մեծ են եղել, բայց, այնուամենայնիվ, դեպքերի մեծամասնությամբ կյանքը հաղթել է մահին:

-Հունվարի 20-ի գիշերը՝ մոտ ժամը տասին, նահանջելով հասանք Սետլար,- մտապահել եմ նրա խոսքերը,- շատ վիրավորներ ու զոհեր ունեինք: Ցրտահարվել էին Ստեփանյան Ալբերտի, Թուխոյան Արմենի վերջույթները: Տղաները հոգնել էին կյանքի ու մահու կռիվ տալուց, քայլում էին՝ մի կերպ ոտքերը քարշ տալով: Սոված, անքուն քայլեցինք մինչև լուսաբաց: Սետլարում մնացինք երեք օր:

Էդիկ Բաբայանը երրորդ օրը բոլորիս հավաքեց մի տան մեջ.

-Երեք օր է՝ հաց չենք կերել: Ով գնա ու Վալերի (Քեռու) սննդի մեքենայից ուտելիք բերի, կստանա կրկնակին: Հը՞, ո՞վ կգնա:

Լռություն էր: Ճանապարհը վտանգավոր էր: Մեզնից յուրաքանչյուրն ուզում էր ապրել, բայց ապրելու համար անհրաժեշտ էր նաև սնվել: Հակոբյան Վահանը, աբովյանցի Սամվելը, Ալիկը և ես գնացինք սննդի հետևից: Հասանք տեղ, սննդի կեսը լցրինք ուսապարկերի մեջ, կեսը՝ ծածկոցի ու փրկվելով թշնամու անընդհատ տեղացող կրակոցներից՝ հասցրինք մարտական ընկերներին:

Մի ուրիշ անգամ հայրս պատմում էր.

-Օմարում էինք: Ցուրտ էր, մշտական մառախուղի մեջ էինք, ու շատ հազվադեպ էր օրը պարզանում: Վազելիս դժվարանում էինք օդի սակավության պատճառով (Օմարի բարձրությունը 3480 մետր է): Պառկում էինք ձյան մեջ, քամին ձյան շերտը լցնում էր մեզ վրա, ձյունը կպչում էր համազգեստին՝ ավելի ծանրացնելով այն: Երբ դիրքը փոխելուց հետո վրաններ էինք գնում, վառարանի մոտ էինք նստում, ձյունը հալվում էր, ու կրկին թրջվում էինք: Չէինք հասցնում չորանալ, երբ կրկին դիրք էինք գնում: Շատերը ցրտահարվում էին, փախչում, ոմանք էլ տաքանալու համար թաց շորերով վառարանին էին նստում, բայց վառում էին իրենց խոնավ համազգեստները: Ավելի դժվար էր ցրտին դիմանալը, քան թշնամու դեմ կռվելը:

Ապրիլի 8-ին երրորդ պոստում էինք՝ 03 դիրքում: Ես ու ընկերս՝ Տերենտը, դեշեկա պոստ գնացինք՝ անփորձ նորակոչիկներին բացատրելու, թե ինչ պետք է անեն: Տերենտը գնաց վրան, և մինչ ես էլ վրան կվերադառնայի, հանկարծ մառախուղը քաշվեց, հակառակորդը նկատեց ինձ ու սկսեց կրակել իմ ուղղությամբ: Դիրքից մինչև վրան հասնելը մեկ վազելով, մեկ պառկելով փորձում էի մոլորեցնել թշնամուն:

-Կրակե՛ք հակառակորդի կողմը, որ կարողանամ վրան հասնել,- ամբողջ ձայնով գոռում էի ես նորակոչիկ դիրքապահներին, երբ արդեն սկսեցին կրակել գնդացիրով:

Վերջիններս, անփորձ լինելով, խուճապահար այս ու այն կողմ էին վազում, բայց չէին կրակում: Այդ ժամանակ չորրորդ պոստից Էդիկ Կարապետյանը նռնականետով խփեց հակառակորդի Կիսալուսին կոչվող դիրքին, ու կրակոցները դադարեցին: Ինքնաձիգս ձեռքումս՝ վազեցի, որքան ոտքերումս ուժ կար, որպեսզի հասնեի վրանին: Հանկարծ ևս մի սնայպերի կրակոց, և ինքնաձիգիս ցեվիոնը փշուր-փշուր եղավ ձեռքերիս մեջ: Աստված այս անգամ էլ փրկեց թշնամու գնդակից: