Կտոր մը զվարճանք

Առավոտյան արթնացա ժամը 12:00-ին և հասկացա, որ ուշացել եմ  բատիկայի պարապմունքից:

-Ա՜հ, մա՛մ, էլի չեք արթնացրել:

-Գիշերվա հազարին ես քնում, ուզում ես արթնանա՞ս, համ էլ` ես ի՞նչ իմանամ, որ դու պարապմունք ունես:

-Լա՜վ, լա՜վ, սպասիր զանգեմ Նանեին:

Մոռացա ասել, որ Նանեն ամենամոտ ընկերուհիներիցս է, նրա հետ եմ գնում բատիկայի պարապմունքի:

Զանգերը գնում էին, բայց խոսափողը վերցնող չկար: Հանկարծ.

-Ա՜լո, ո՞վ ա:

-Նա՛ն, ես եմ, դու էլ ե՞ս քնած մնացել:

-Հա, մոռացել էի, որ պարապմունք ունենք, բա դու ո՞ւր ես:

-Տանն եմ, ես էլ էի մոռացել: Լա՛վ, արի արագ հագնվենք, իջնենք:

-Լա՛վ, կգաս ստադիոնի մոտ:

Ճանապարհին հանդիպեցինք իրար ու վազելով, շնչակտուր հասանք տեղ: Ու ի՞նչ, տեսնում ենք՝ դուռը փակ է և զանգելով ընկեր Նելլիին՝ իմանում ենք, որ պարապմունքը ժամը 15:00-ին է: Ճիշտ է, շատ ենք հիասթափվում, բայց մի քիչ մտածելով՝ որոշում ենք նորից չբարձրանալ տուն և ժամանակը միասին անցկացնել: Բարեբախտաբար, զարմանալիորեն մեր ծնողները համաձայնվում են:

Որոշում ենք շրջել խանութներով, բայց Եղեգնաձորում այդ հետաքրքրությունը մեկ ժամ հետո ավարտվում է: Այդ օրը առատ ձյուն էր գալիս, մենք էլ ամբողջովին թրջված էինք ու սոված: Մեր սիրելի «պրյանիկներից» ենք գնում ու մտնելով խանութներից մեկը` սկսում ենք տաքանալ: Մեր միտքը հանկարծ փայլատակում է. որոշում ենք պայթուցիկներ գնել: Ճիշտ է, դա միշտ մանկամտություն եմ համարել, բայց այս անգամ, ինչպես ասում են, «հավեսս էկավ»: Մեր գումարը չէր բավարարում. մտածում էինք՝ ինչպես գումար հայթայթել: Մեր բախտը բերեց, որ Նանեի մայրիկը մոտակայքում էր: Վերջապես հասանք մեր նպատակին: Ամենուրեք մեր գմփգմփոցներն էին լսվում:

Ես որոշեցի, ինչպես մենք ենք ասում, «ծաղիկ-բոմբ» հավաքել ամենամարդաշատ վայրում: Արդեն շատ ուշ էր, ես վառել էի այն, երբ Նանեն բացականչեց.

-Է՜ս մարդաշատ տեղո՞ւմ:

Սկսեց պայթել, բոլորը մեզ էին նայում, բայց, մեկ է, մենք չէինք կարողանում զսպել մեր ծիծաղը, քանի որ մի տղա դրա մոտով անցնելիս ու չնկատելով այն՝ ուղղակի լեղաճաք էր եղել: Իսկ մենք անհոգ ուրախանում էինք: Լավ բան չենք արել, բայց մտածում եմ, որ մեկ-մեկ կարելի է այսպես ուրախանալ: Մանավանդ, երբ բոլորը զարմացած նայում են, որ այդ անկարգության հեղինակը մենք ենք` միշտ խելացի, կարգապահ ու դաստիարակված աղջիկներս:

Վերջապես եկավ մեր երկար սպասված ժամը՝ 15:00-ն: Մենք մի պահ նայեցինք իրար, լրջացանք ու քայլեցինք դեպի առաջնորդարան՝ պարապմունքի: