lilit vardanyan

Համի մասին հիշողություններ

-Լիլիթ, ուզո՞ւմ ես մանդարին:

-Տանը մանդարին կա՞, որտե՞ղ:

-Խոհանոցում…

Տատիկը դեռ խոսքը չէր ավարտել, երբ խելագարի պես վազելով մի վայրկյանում հասա խոհանոց: Երեսուն վայրկյան անց ես վայելում էի այս աշնան առաջին մանդարինս:

-Մի տարի: Մի տարի ա՝ սպասում էի:

-Լիլիթ, բայց մարտին էլ էիր ուտում մանդարին:

-Ոչինչ, ինձ համար մի տարի ա:

Երբ վերջացրի առաջին մանդարինս, վազեցի երկրորդի հետևից:

-Լիլիթ, Արամին էլ կթողնես:

-Հա, հլը լիքը կա,- ասացի ես՝ հասկանալով, որ մի ժամ անց բոլոր մանդարինները կերած կլինեմ:

-Շատ չուտես, թե չէ` ալերգիադ կսկսի:

-Չի սկսի… Տատ, իսկ ինչի՞ ես պիտի միշտ սպասեմ իմ սիրած ուտելիքներին: Ինչի՞ չեմ կարող բոլորը միանգամից ուտել: Օրինակ՝ ամռանը բադրիջան եմ ուտում, ձմռանը՝ պոմիդորի մարինադ, աշնանը՝ ցիտրուսներ: Ինչի՞ չեմ կարող բոլորը միանգամից ուտել:

-Բայց եթե բոլորը միանգամից լինեին, անհետաքրքիր կլիներ:

-Չէ, շատ հավես կլիներ:

Մի ժամ անց կերա վերջին մանդարինը (բայց եղբորս էլ բաժին հասավ):

-Վերջինը,- ասացի ես ու վերջինը ամենադանդաղը կերա:

Բայց ի՞նչ իմաստ ունի վերջին մանդարինն ուտել ամենադանդաղը, եթե մեկ է՝ այդ մանդարինը վերջանալու է: Մի ժամ անց մանդարինի համն էլ կանցնի:

Երբ չորս տարեկան էի, ես ու տատիկը Առևտրի քոլեջի փռից մի հոթ-դոգ գնեցինք: Շատ սոված էինք: Հոթ-դոգերը նոր թխած էին ու տաք էին:

-Տատ, ինչ համով հոտ ա գալիս:

Ինձ շատ դուր եկավ այդ հոթ-դոգը: Այնքան համով էր, որ մինչև հիմա հիշում եմ այդ համը՝ որպես քոլեջի հոթ-դոգի համ:

Իսկ եթե ես ուղղակի սոված էի կամ դա իմ առաջին հոթ-դո՞գն էր: Ինչ էլ որ լիներ, ես մինչև հիմա հիշում եմ այդ համը ու լավ գիտեմ, որ էլ երբեք այդքան համով հոթ-դոգ չեմ ուտի…

-Տա, իսկ նարինջ արդեն կա՞:

-Հա, մյուս անգամ նարինջ էլ կառնեմ:

-Ջա՜ն…

Այդ պահին հիշեցի նարնջի համը: Բայց ախր, այդ համը ես ընդամենը տասը րոպե եմ զգում: Ամենաշատը մի ժամ, եթե դրանից հետո ոչինչ չուտեմ:

Ես միշտ ամենահամով ուտելիքը վերջում եմ թողնում: Բայց ամենավերջինն էլ եմ ուտում:

Ուզում եմ նորից փորձել քոլեջի հոթ-դոգը, Մոնտենեգրոյի տաք շոկոլադը, հայրիկի բերած՝ Լվովի դառը, պնդուկով, 63 տոկոսանոց շոկոլադը, մանկությանս՝ չափից մեծ փուչիկ ստանալու «բաբլը»: Ուզում եմ ամեն ինչ նորից փորձել, բայց դրանց համը զգալ այնպես, ինչպես առաջին անգամ:

Ուզում եմ, բայց գիտեմ, որ մի ժամ անց դրանց համից ոչինչ չի մնա՝ բացի համի զգացողության հիշողությունից: